ՀՈՒՆԻՍԻ 12. «ՃՇՄԱՐԻՏ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱՆՔ»

Ես Աստծո զավակ եմ

 

Չեմ կարող հաշվել այն մարդկանց թիվը, ում մեծագույն խնդիրը, երբ նրանց ծառայել եմ, եղել է այն, որ չեն կարողացել իրենք իրենց բավարար կերպով գնահատել։ Նրանք չափազանց ցածր ինքնագնահատական ունեին, որի պատճառով բազում հոգևոր և զգացմունքային դժվարությունների մեջ էին։

1-ին Հովհաննես 3։1-ն ասում է. «Տեսե՛ք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիներ կոչվենք»։ Հենց որ իսկապես ըմբռնում ենք, որ մենք Աստծո զավակներ ենք, ում Նա մտերմաբար և անձնապես է սիրում, ինչպես նաև հասկանանք, որ Նա հետաքրքրված է մեզանով, մեզ համար միշտ ժամանակ ունի և փափագում է յուրաքանչյուրիս հետ ուղղակի և անձնական հարաբերություն ունենալ, ապա ինքնագնահատականի անհավատալի մեծ աճ ենք ունենում։

Մի անգամ, ժողովի գնալիս, ուժգնորեն բախվեցի մի կնոջ։ Մենք միմյանց հանդիպակաց քայլում էինք զգալի արագությամբ։ Մեր բախումից հետո այդ կինը հավաքեց իրեն և ասաց. «Պարո՛ն Պրինս, ես աղոթում էի, որ եթե Աստված ուզում է՝ Դուք ինձ հետ խոսեք, ապա մենք հանդիպենք»։
«Լավ,- ասացի, -ահա և հանդիպեցինք։ Սակայն Ձեզ կարող եմ միայն երկու րոպե տրամադրել։ Շատ զբաղված եմ»։

Նա սկսեց պատմել ինձ իր խնդրի մասին, և քիչ անց ես ընդհատեցի նրան՝ ասելով. «Ներեցե՛ք, ինձ միայն մեկ րոպե մնաց, բայց կարծում եմ՝ գիտեմ, թե որն է ձեր խնդիրը։ Ինձ հետ կրկնե՛ք խնդրեմ այս աղոթքը»։ Ես նրան առաջնորդեցի մի աղոթքի մեջ, որտեղ նա պարզապես գոհացավ Աստծուց, որ Նա իր Հայրն է, իսկ ինքը՝ Նրա զավակը, որ Նա սիրում է իրեն, հոգում է իր համար, որ ինքը առանձնահատուկ է և պատկանում է տիեզերքի ամենալավ ընտանիքին։ Հետո մենք բաժանվեցինք։

Գրեթե մեկ ամիս անց հետևյալ բովանդակությամբ մի նամակ ստացա այդ նույն կնոջից. «Պարզապես ուզում եմ ասել, որ մեր հանդիպումը և աղոթքը ամբողջությամբ փոխեցին կյանքի հանդեպ իմ վերաբերմունքը։ Կյանքում առաջին անգամ ես իսկապես զգում եմ իմ արժեքը»։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ փրկագնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ Տիրոջ հետ իմ ուղղակի և անձնական հարաբերությունն է, որ ինձ արժեք է տալիս։ Հռչակում եմ, որ Աստծո զավակ եմ։ Ամեն։