ՀՈՒՆԻՍԻ 29. «ԿՅԱՆՔ ՈՐԴՈՒ ՄԵՋ»

Ես արդարացած եմ հավատքով

Մեզ համար կատարած Քրիստոսի զոհաբերությանն ու մահվանը հավատալով, նրան թույլ տալով կրել մեր մեղքի հանցանքը, և հավատքով ընդունելով մեզ վերագրվող իր արդարությունը՝ մենք արդարացած ենք։ Այդ արդարության մեջ լինելով՝ ես կարող եմ առանց վախի ու սարսուռի դեմ առ դեմ կանգնել Աստծո, մահվան ու հավիտենության առջև։

Հովհեննես առաքյալն իր առաջին նամակում գրում է.

«Եվ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ, և այս կյանքը նրա Որդու մեջ է։ Ով որ Որդուն ունի, նա կյանքն ունի, և ով որ Աստծո Որդուն չունի, կյանքը չունի։ Այս բաները գրեցի ձեզ՝ Աստծո Որդու անվանը հավատացողներիդ, որ գիտենաք, թե հավիտենական կյանք ունեք»։

1-ին Հովհաննես 5:11-13

Աստված վկայություն է տվել ամբողջ մարդկությանը, որ Նա մեզ հավիտենական կյանք է առաջարկել։ Այս կյանքը Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի անձի մեջ է։ Եթե մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին, նրա մեջ մենք ստանում ենք հավիտենական կյանքը։

Ուշադրությու՛ն դարձրեք՝ այս խոսքը դրված է ներկա ժամանակով. «Ով որ Որդուն ունի, նա կյանքն ունի»։ Սա մի բան չէ, որ մահից հետո պիտի կատարվի։ Այն կատարվում է հիմա՝ այս ժամանակավոր աշխարհում։ Եթե սպասում ես, որ մահից հետո ընդունես Նրա կյանքը, դու չափազանց երկար կսպասես, բայց շատ ուշ կլինի։ Այդ խնդիրը հիմա՛ լուծիր։ Ով որ Որդուն ունի, կյանքն ունի։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո զոհաբերության համար։ Հռչակում եմ, որ ես հիմա կյանք ունեմ, որովհետև Որդուն ունեմ։ Հռչակում եմ, որ ես արդարացած եմ հավատքով։ Ամեն։