ՀՈՒԼԻՍԻ 6. «ԵՐԿՐՊԱԳԵԼ ՀՈԳՈՎ»

Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ

Երբ կատարում ենք մեր մարմնի և շնչի համար Տիրոջ պահանջները, այդ ժամանակ մեր հոգին ազատություն է ստանում Աստծո հետ հաղորդակցության մեջ մտնելու համար. մի հաղորդակցություն, որը շատ ավելի հրաշալի է, քան այն, որը կորցրեցինք անկումի հետևանքով։ 1-ին Կորնթացիներին 6:17-ում Պողոսն ասաց. «Նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ»։ Եզրակացությունը պարզ է։ Փրկված հոգին այժմ կարող է Աստծո հետ սեղմ և մտերիմ միությունը վայելել։ Ինչևէ, ոչ թե շունչը կամ մարմինը, այլ միայն հոգին կարող է փորձառաբար ապրել Աստծո հետ այս ուղղակի ու մտերիմ միությունը։

Մեր հոգին Աստծո հետ այս միության մեջ է մտնում առաջին հերթին երկրպագության միջոցով։ Հովհաննես 4:23-24-ում Հիսուսն ասաց.«Ճշմարիտ երկրպագողները հոգով և ճշմարտությունով կերկրպագեն Հորը…Աստված հոգի և, և նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն»։ Հիսուսը հստակ ասաց, որ երկրպագությունը պետք է մեր հոգու գործը լինի։

Այժմյան եկեղեցում քչերն են հասկանում երկրպագության բնույթը գլխավորապես այն պատճառով, որ մենք չենք տարորոշում հոգու և շնչի տարբերությունը։ Երկրպագությունը զվարճանք չէ, ինչը թատրոնի գործն է, այլ ոչ թե՝ եկեղեցու։ Ինչպես նաև, երկրպագությունը նույնը չէ, ինչ փառաբանությունը։ Մենք Աստծուն փառաբանում ենք մեր շնչի միջոցով, և այսպես անելը ճիշտ է։ Փառաբանության միջոցով մենք մուտք ենք գործում Աստծո ներկայության մեջ։ Բայց երբ արդեն Նրա ներկայության մեջ ենք, ապա հոգու միջոցով է, որ վայելում ենք Աստծո հետ ճշմարիտ հոգևոր միությունը։ Փրկության նպատակը հետևյալն է. կարող լինել Աստծուն այս կերպ երկրպագելու նախ երկրի վրա, ապա՝ նաև երկնքում։ Սա վսեմագույն և ամենասուրբ գործն է, որին ընդունակ է մարդկային էակը։ Երկրպագությունը, սակայն, հնարավոր է միայն այն դեպքում, երբ շունչն ու մարմինը հնազանդվում են հոգուն ու նրա հետ ներդաշնակության մեջ են։ Այսպիսի երկրպագության համար խոսքերը չափազանց անզոր են։ Այն դառնում է մտերիմ և լուռ միություն Աստծո հետ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ինձ միավորեցիր Քեզ հետ։ Ես հռչակում եմ, որ իմ վսեմագույն գործը Աստծո հետ միությունն է՝ Նրան հոգով և ճշմորտությունով երկրպագելը։ Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ։ Ամեն։