ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20. «ՋԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՆԵԼԸ»

Ջանասե՛ր լինենք

Ջանասիրությունը մի պտուղ է, որը հարկավոր է աճեցնել։ Ահա մի քանի հակիրճ ցուցումներ՝ այն աճեցնելու վերաբերյալ։

2-րդ Տիմոթեոս 2:6-ում Պողոսն ասում է. «Աշխատող հողագործն առաջ պետք է պտուղից վայելի»։ Այստեղ Պողոսն առաջ է քաշում մի պարզ և էական փաստ. պտուղ աճեցնելը աշխատանք է պահանջում։ Հնարավոր չէ այն առանց որևէ ջանքի անել։ Այս փաստը հավասարապես ճշմարիտ է նաև Հոգու պտուղի դեպքում. այն աճեցնելը շատ աշխատանք է պահանջում։ Ես ցանկանում եմ երկու ճանապարհ առաջարկել, որոնց միջոցով կարող ենք հոգևոր պտուղ աճեցնել մեր կյանքերում։

Առաջին. մենք պետք է ուսումնասիրենք Աստծո Խոսքը, քանի որ դա հիմքն է այն ամենի, ինչ Աստված պատրաստել է մեզ համար։ Եթե մենք ծանոթ չենք Աստծո Խոսքին, ապա մենք գրեթե անխուսափելիորեն հրաժարվում ենք Աստծո պատրաստած շատ բաներից։ Պողոսը կրկին գրում է Տիմոթեոսին. «Ջա՛նք արա, որ Աստծու առաջ քո անձն ընտիր կանգնեցնես, իբրև մի մշակ, առանց ամոթի, որպեսզի ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարես» (2-րդ Տիմոթեոս 2:15)։ Ճշմարտության խոսքը՝ Սուրբ Գիրքը, Աստծո Խոսքը, ուղիղ մատակարարելու համար մենք պետք է մշակներ լինենք։ Այլ կերպ ասած՝ պետք է մեր թևքերը բարձրացնենք ու գործի անցնենք։

Երկրորդ ճանապարհը, որին պետք է հետևենք, աղոթքի մեջ ժամանակ անցկացնելն է։ Աղոթք ասելով՝ ես ի նկատի չունեմ միայն Աստծո հետ խոսելը, այլ նաև՝ լսելը, որը նույնպես կարևոր է, եթե ոչ ավելի կարևոր, քան՝ խոսելը։ Այստեղ դարձյալ Հիսուսը կատարյալ օրինակ է մեզ համար։ Երկրի վրա Հիսուսի ամբողջ ծառայության հիմքը Իր հարաբերությունն էր Հոր հետ։ Այդ հարաբերությունն աճեցնելու և պահպանելու համար Հիսուսը բավական երկար ժամանակ էր անցկացնում աղոթքի մեջ։ Շատ հաճախ Նա աղոթում էր վաղ առավոտյան։ Հենց այդտեղ էր Նա լսում Հոր ձայնն ու ցուցումներ ստանում Իր ծառայության համար։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Հռչակում եմ, որ ես իմ կյանքում ջանասիրություն կաճեցնեմ՝ ուսումնասիրելով Աստծո Խոսքը և աղոթքի մեջ ժամանակ անցկացնելով։ Ամեն։