ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26. «ԾԱՆՐԱԳԻՆ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ»

Ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք

Եկե՛ք Առակաց գրքից մի հատված նայենք, որն ընդգծում է մեր բերանով ասված խոսքերի կարևորությունը․

«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, և նրան սիրողը կուտի նրա պտուղը»։

Առակաց 18:21

Լեզվի գործածումից երկու բան է գալիս՝ մահ և կյանք։ Եթե մենք տրտնջում ենք և վատն ենք ու եսակենտրոն, ապա մեր լեզուն մահ կբերի։ Սակայն եթե ազատ ենք այդ բոլոր բացասակն երևույթներից և փառաբանում ու երկրպագում ենք Աստծուն, ապա մեր լեզուն կյանք կբերի։ Ի լրումն այս բանի՝ ինչ պտուղ էլ մեր լեզուն տա, լինի քաղցր թե դառը, մենք ուտելու ենք այն։

Եկե՛ք վերադառնանք այս շաբաթվա մեր առանցքային խոսքին։ Կցանկանայի ևս մեկ կարևոր կետ դուրս բերել։ Հեղինակն ասում է.

«Ուստի նրա (Հիսուսի) ձեռքով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը»:

Եբրայեցիներին 13:15

Ուշագրավ է «զոհ» բառը։ Աստծուն օրհնելը զոհ է։ Համաձայն Սուրբ Գրքի սկզբունքների՝ զոհը մահ է պահանջում։ Հին Կտակարանում ոչ մի զոհ չէր մատուցվում Աստծուն, եթե այն չէր անցել մահով։ Այսպիսով տեսնում ենք, որ փառաբանությունը մահվան զոհ է պահանջում՝ հին մարդու մահը։ Հին մարդը չի կարող օրհնել Աստծուն այնպես, ինչպես Նա արժանի է։ Մահ պետք է տեղի ունենա։

Դարձյալ  գիտենք, որ զոհը մեզանից գին է պահանջում, ուրեմն՝ փառաբանությունը թանկագին է։ Թու՛յլ տվեք հետևյալ կերպ ներկայացնել. մենք ամենաշատը պետք է փառաբանենք Աստծուն այն ժամանակ, երբ ամենաքիչն ենք ուզում։ Փառաբանությունը չի կարող կախված լինել մեր զգացումներից․դա մեր հոգիների զոհն է։

Շնորհակալությու՜ն, Տե՛ր, ես Քեզ փառք եմ տալիս։ Հռչակում եմ, որ փառաբանությունը զոհ է, այն թանկագին է, և ես անկախ այն բանից, ուզում եմ թե ոչ, փառաբանում եմ Աստծուն։ Ես ամեն ժամանակ օրհնության զոհ կմատուցեմ Աստծուն։ Ամեն։