ՄԱՐՏԻ 20. «ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»

Իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը իմ մարմնի համար։

Մենք տեղյակ ենք մարդու ներքին անհատականության՝ նրա հոգու և շնչի, մասին, սակայն եկեք կույր չլինենք հասկանալու, որ մարդու մարմինը ևս Աստծո հրաշագործ և սքանչելի արարչագործությունն է: Շատ քրիստոնյաներ բավարար չափով չեն գնահատում իրենց մարմինը կամ էլ հոգ տանում դրա համար։ Մինչ Աստծո շնչի մտնելն այդ հողեղեն կերպարի մեջ, այն պարզապես հող էր, ուրիշ ոչինչ։ Այն կենդանի, գործուն ֆիզիկական մարմին դարձավ՝ իր բոլոր օրգանիզմով, անդամներով հանդերձ, Աստծո Հոգու հրաշագործ վիրահատության հետևանքով։

Խորհե՛ք մարդկային աչքի մասին։ Մի հեռուստահաղորդման ժամանակ «Ակնաբուժների ամերիկյան միության» անդամները զարմանահրաշ տեղեկություն հաղորդեցին։ Եթե ես ստույգ եմ հիշում, նրանք ասացին, որ մարդկային մեկ աչքը ավելի քան երեք միլիոն աշխատող մասեր է պարունակում։ Ինչպե՞ս դա իրականացավ. Աստծո շնչի միջոցով։ Մեր ողջ մկանները, նյարդերը մեր ֆիզիկական մարմնի բաղկացուցիչներն են, որոնք պարտական են Աստծո շնչի ներգործությանը։ Ահա թե ինչը հողը վերածեց ֆիզիկական զարմանահրաշ օրգանիզմի։ Երբ դուք ըմբռնեք այս ճշմարտությունը, աստվածային բժշկության հրաշքները տրամաբանական կդառնան։ Ո՞վ կարող է ավելի լավ նորոգել, վերականգնել և հարկ եղած դեպքում վերաարարել մարմինը, եթե ոչ այն Անձը, ում նախաձեռնությամբ այն ձևավորվեց։ Աստծո Հոգին Արարիչն ու Բժշկողն է։

Ինձ բախտ է վիճակվել վկա լինել Աստծո արարչագործական հրաշքին, երբ բացակայող ոսկորները վերականգնվել են։ Մեկ անգամ Կալիֆորնիա նահանգի Սան Հոսե քաղաքում ինձ խնդրեցին աղոթել մի փոքրիկ աղջկա համար, ով ծնվել էր առանց ոտքի վերին հատվածի ոսկորի, որը բացակայում էր նրա երկու ոտքերում։ Որպես աղոթքի հետևանք, Աստված ոսկորներ արարեց։ Ես չեմ ասում, թե դա պարզ բան է, ընդհակառակը, որքա՜ն խորը բան է մարդկային մարմնի ծագումը հասկանալը։ Այն պարզապես մի հողեղեն կերպար էր մինչև այն պահը, երբ Աստծո Հոգին շրջեց դրա վերևում և արարեց մի բարդ օրգանիզմ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, իմ մարմնի հանդեպ տածած հոգատարության համար։ Ես Աստծո հրաշագործ և զարմանահրաշ ստեղծագործությունն եմ և ես հռչակում եմ, որ իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը՝ իմ մարմնի համար։ Ամեն։