ԱՊՐԻԼԻ 5. «ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ»

Հիսուսը պատժվեց, որ մենք ներված լինենք

«Երանի այն մարդուն, որ Տերը անօրինություն չի համարում նրան, և նենգություն չկա նրա հոգու մեջ»:

Սաղմոս 31:2

Ներում ստանալու համար մենք պետք է բացարձակ անկեղծ լինենք Աստծո հետ` չթաքցնելով, չարդարացնելով մեր մեղքն ու ոչինչ չծածկելով: Դավիթը Բերսաբեի հանդեպ շնություն կատարելու և մարդասպանության մեջ մեղավոր գտնվելու վերաբերյալ շարունակում է իր սաղմոսում.

«Երբոր ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին իմ՝ ամեն օր հառաչելով: Որովհետև ցերեկ և գիշեր Քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա, իմ թացությունը ամառվա չորություն դարձավ: Ես մեղքս հայտնեցի Քեզ և անօրինությունս չծածկեցի. ասացի, թե անօրինությունս խոստովանեմ Տիրոջը, և դու թողեցիր իմ մեղքի անօրինությունը»:

3-5 խոսքեր

Շատ մարդկանց նման Դավիթն էլ էր հրաժարվում ընդունել իր մեղքը և թաքցնելով այն` փորձում էր ձևացնել, թե իբր այն երբեք չէր էլ եղել: Բայց այդ ամբողջ ժամանակ նա նման էր այրող տենդ ունեցող մարդու: Նրա «թացությունը… չորություն դարձավ» և «ոսկորները մաշվեցին» : Չներված մեղքը կարող է ֆիզիկական արդյունքներ ունենալ:

Մի հոգեբույժ ինձ այս պատմությունը պատմեց: Հիվանդանոց այցելելու ժամանակ նա հանդիպեց մի կնոջ, ով անհույս դրության մեջ էր: Այդ կնոջ երիկամները դադարել էին գործել, մաշկը դժգույն էր, և նա կոմայի մեջ էր` պարզապես սպասելով մահվան: Մի օր հոգեբույժը Սուրբ Հոգուց մղում ունեցավ` ասելու. «Հիսուս Քրիստոսի անունով ես թողում եմ քո մեղքերը», ավելի ուշ տարակուսելով, որ միգուցե հիմարություն էր արել: Մոտ մեկ շաբաթ անց նա ապշեց` տեսնելով այդ կնոջը` ամբողջությամբ բժշկված փողոցն ի վար քայլելիս: Չներված մեղքն էր պատճառ դարձել նրա ֆիզիկական վիճակին: Երբ այս մարդու բարեխոսության միջոցով նրա մեղքերը ներվեցին, նրա հոգին մաքուր էր Աստծո հետ, իսկ իր բժշկության համար ճանապարհը` բաց:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, իմ փոխարեն խաչի վրա մահանալու համար: Ես խնդրում եմ այն ֆիզիկական բժշկությունը, որը գալիս է ներված լինելուց, և հռչակում եմ` Հիսուսը պատժվեց, որ ես ներված լինեմ: Ամեն: