ԱՊՐԻԼԻ 20. «ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ ԹՂԹԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ»

Հիսուսը մեր մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի մենք նրա արդարությամբ արդար լինենք

Եկե՛ք այժմ նայենք Հռոմեացիների ուղերձի 6-րդ գլխում գտնվող «Հռոմեացիներին թղթի բաղադրատոմսը»: Բաղադրատոմս բառը խոհարարական գրքի պատկեր է հարուցում: Եթե մենք` քրիստոնյաներս, գործածեինք Աստվածաշունչն այն նույն պարզ և գործնական ձևով, ինչպես որ խոհարարներն են օգտագործում խոհարարական գիրքը, ապա մենք կհայտնաբերեինք, որ Աստծո բաղադրատոմսերը միշտ գործում են: Հռոմեացիներին թղթի բաղադրատոմսը Ավետարանի ճշմարտությունները մեր կյանքերում գործի դնելու Աստծո ճանապարհն են:

«Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհքը շատանա: Քա՛վ լիցի: Մենք, որ մեռանք մեղքին, էլ ինչպե՞ս դեռ կապրենք նրանում: Կամ չգիտե՞ք, թե քանիներս, որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցինք, նրա մահվանը մկրտվեցինք: Մկրտությունով նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որ ինչպես Քրիստոսը Հոր փառքով մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք: Որովհետև եթե նրա մահի նմանությունով նրա հետ տնկվեցինք, ապա նրա հարությանն էլ նման կլինենք: Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին: Որովհետև նա, որ մեռնում է, արդարացած է մեղքից: Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք: Գիտենալով, որ Քրիստոսը մեռելների միջից հարություն առած լինելով, այլևս չի մեռնում, և մահը նրա վրա չի տիրում: Որովհետև այն, որ մեռավ, մեղքին մեռավ մեկ անգամ, և այն, որ կենդանի է, Աստծուն է կենդանի»:

Հռոմեացիներին 6:1-10

Այս բաղադրատոմսի արդյունքը ցնցող է. «Մեղքը չի լինի քո տերը». մեղքն այլևս չի իշխի կամ կառավարի քեզ: Մեղքից ու դրա բոլոր չար հետևանքներից ազատագրվելը գալիս է Հիսուս Քրիստոսի հետ նրա մահվան, թաղման, հարության և համբարձման մեջ մեր նույնացման միջոցով:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ մեղքը չպետք է լինի իմ տերը, որովհետև Հիսուսը իմ մեղավորությամբ մեղք դարձավ, որպեսզի ես նրա արդարությամբ արդար լինեմ: Ամեն: