ՀՈՒԼԻՍԻ 13. «ՁԵՌՔԲԵՐՎԱԾԻ ԳԻՆԸ»

Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում

Մտածե՛ք, թե ինչ գին վճարեց Հիսուսը։ Այդ գինը նշված է Նոր Կտակարանի տարբեր հատվածներում։ Գործք Առաքելոց 20:28-ում Պողոսը դիմում է Եփեսոսի եկեղեցու ծերերին՝ ասելով. «Արդ զգու՛յշ եղեք ձեր անձերի, նաև ամբողջ հոտի համար, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացու կարգեց, որպեսզի Աստծո եկեղեցին արածեցնեք, որ Նա իր արյունով ստացավ»։

Նկատե՛ք, որ Պողոսը Հիսուսին առանձնահատուկ անուն տվեց՝ «Աստված»։ Նա ասաց. «Աստված (եկեղեցին) Իր արյունով ստացավ»։ Այդ ձեռքբերածի գինը Հիսուսի արյունն էր։ Ապա, 1-ին Պետրոս 1:17-ում կարդում ենք. «Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում ամեն մեկի գործի համեմատ, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք»։ Պողոսը չէր խոսում ստրկական վախի մասին, այլ պատասխանատվության խորը զգացումի մասին, որը գալիս է ի շնորհիվ այն գնի, որ Հիսուսը վճարեց մեզ փրկագնելու համար։ Մենք երբեք չպետք է մեզ էժանագին համարենք։ Երբ գիտակցում ենք, որ փրկագնվել ենք Հիսուսի արյունով, ապա իրավունք չունենք ինքներս մեզ էժանագին համարելու։

«Իմանալով, որ ձեր հայրենավանդ կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես մի անբիծ ու անարատ գառան»։

(խոսք 18-19)

Այն գինը, որ Հիսուսը վճարեց մեզ փրկելու համար, Իր պատվական արյունն էր։ Նա կոչվում է Աստծո Գառ՝ անմեղ ու անբիծ։ Մեղքը մի բան է, որով ծնվում է արարածը։ Բիծը մի բան է, որը հետագայում նրան աղավաղում և արատավորում է։ Հիսուսն անմեղ է, այսինքն՝ նա ի ծնե անմեղ է, նաև նա անբիծ է, այսինքն՝ Նա անձնապես մեղք չգործեց։ Նրա կատարյալ արյունն էր, որ փրկագնեց մեզ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ փրկագնվել եմ Հիսուսի պատվական արյունով։ Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում։ Ամեն։