ՀՈՒԼԻՍԻ 27 «ՆՐԱ ԽՈՍՔՈՎ ԼՎԱՑՎԱԾ»

Ես սուրբ եմ

Հին կտակարանում, երբ զոհաբերվող կենդանու արյունը թափվում էր, զոհը պետք է մաքուր ջրով լվացվեր։ 1-ին Հովհաննես 5:6-ն ասում է, որ Հիսուսը եկավ «ջրով և արյունով» (1-ին Հովհաննես 5:6)։ Արյունը Հիսուսի փրկագնող արյունն էր, որ թափվեց խաչի վրա, իսկ ջուրը Խոսքի մաքուր ջուրն է։ Քրիստոսը փրկում է մեզ իր արյունով, հետո սրբացնում և մաքրում է՝ Խոսքի միջոցով մեզ ջրով լվանալով (տե՛ս՝ Եփեսացիենրին 25:26)։

Հիսուսը, Իր աշակերտների համար Հորն աղոթելով, ասաց. «Նրանց սու՛րբ արա քո ճշմարտությամբ. Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17:17)։ Առաջնային ճանապարհներից մեկը, որի միջոցով Աստծո Խոսքը սրբացնում է մեզ, մեր մտածելակերպը փոխելն է։ Սրբացումն ընթանում է ներսից դեպի դուրս, այլ ոչ թե՝ դրսից ներս։ Իսկ ահա սրբացման «կրոնական» միջոցը զգեստը երկարացնելն է, մազերը կտրել-չկտրելը, շրթներկը մաքրելը և այլն։ Սակայն Հռոմեացիներին 12:2-ում Պողոսն ասաց. «Նորոգվեցե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք, թե ինչ է Աստծու կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը»։ Եփեսացիներին 4:23-ում նա ասաց. «Ձեր մտքով և հոգով նորոգվե՛ք»։ Սուրբ Հոգին մեր մտքերը նորոգում է ճշմարտության՝ Աստծո Խոսքի միջոցով։

Ուղեղի լվացում հասկացությունը սովորաբար բացասական իմաստ ունի։ Այդ բառը, այնուամենայնիվ, համապատասխան կլիներ դրական լույսի ներքո նկարագրելու, թե ինչպես է Սուրբ Հոգին նորոգում մեր մտքերը՝ դրանք Աստծո խոսքի մաքուր ջրով լվանալով։ Այն պետք է կատարվի մեր հավատքի միջոցով, որը սրբացման գործընթացում պարտադիր տարր է։ Աստծո Հոգին և Աստծո Խոսքը ամենևին չեն տարբերվում. մեր հավատքն է, որ մեզ ի վիճակի է դարձնում ստանալու այն, ինչ Աստված առաջարկում է այս գործակալների միջոցով։ Ավելին, ուղիղ կապ կա Աստծո խոսքի և մեր հավատքի միջև, քանի որ «հավատքը լսելուց է, իսկ լսելը՝ Աստծու Խոսքից» (Հռոմեացիներին 10:17)։ Որքան շատ ենք լսում Աստծո Խոսքը, այնքան ընդարձակվում է մեր հավատքը՝ մեզ ի վիճակի դարձնելով յուրացնելու այն ամբողջական հոգածությունը, որ Աստված պատրաստել է մեր սրբության համար։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ կանչել ես ինձ։ Ես հռչակում եմ, որ լվացվում և նորոգվում եմ Աստծո Խոսքի մաքուր ջրով։ Ես յուրացնում եմ այն ամբողջ հոգածությունը, որ Աստված պատրաստել է, քանի որ ես սուրբ եմ։ Ամեն։