ՕԳՈՍՏՈՍԻ 19. «ԿԱՏԱՐՅԱԼ ՕՂԱԿՆԵՐ»

Ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ

Ինչպես արդեն ասել եմ, կատարյալ հասկացությունը հաճախ վախեցնում է մարդկանց։ Այս բառն ավելի քիչ վախենալի դարձնելու համար կցանկանայի մաթեմատիկայից մի հասարակ օրինակ օգտագործել։

Եկե՛ք վերցնենք կլոր բառի գործածումը։ Կլոր լինելու միայն մեկ ձև կա։ Ինչ-որ բան կա՛մ կլոր է, կա՛մ կլոր չէ։ Եթե ինչ-որ բան կլոր է, ապա այն օղակ է։ Օղակի միայն մեկ տեսակ կա. երեք կամ չորս տեսակի օղակներ չեն լինում։ Ինչևէ, օղակների շատ տարբեր չափեր գոյություն ունեն։ Երբ երկու իր նույն ձևն ունեն, բայց տարբեր չափեր ունեն, ապա նրանք կոչվում են «նման»։

Հայր Աստված մեծ օղակն է՝ այն անչափելի կլոր օղակը, որը պարփակում է ամբողջ տիեզերքը։ Հիսուսը մեզանից չի ակնկալում, որ նույն ծավալն ունենանք, ինչ Աստված ունի։ Մենք պետք նման լինենք Աստծուն, այլ ոչ թե Աստված։ Ես և դու կարող ենք լինել շատ աննշան օղակներ, որ գործում ենք որոշ փոքրիկ տարածքներում, որտեղ Աստված դրել է մեզ՝ ակնհայտորեն մեր առօրյա ու միօրինակ պարտականություններով հանդերձ։ Սակայն Աստված ուզում է, որ մեզանից յուրաքանչյուրն իր իսկ փոքրիկ տարածքում կատարյալ օղակ լինի։ Կատարելապես կլոր։ Հենց այնքան կլոր, որքան այդ «մեծ օղակը»՝ Հայր Աստված, ով պարփակում է ամբողջ տիեզերքը։

Այսպիսով, երբ կարդում եք Հիսուսի «կատարյա՛լ եղեք» (Մատթեոս 5:48) հրամանը, այն պատկերացրեք «կլոր» լինելու հասկացության միջոցով։ Մի՛ եղիր անհավասար՝ փոքրիկ ելուստներ ունենալով։ Եվ մի՛ ունեցիր պակաս տեղեր։ Գուցե դու շատ մեծ չլինես, սակայն դու կարող ես կատարյալ օղակ լինել։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ ՝ Աստված ուզում է, որ ես լինեմ «կատարյալ օղակ», և Նրա շնորհով ես կլինեմ այդպիսին, քանի որ ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ։ Ամեն։