ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7. «ԱՂՈԹԵԼ ԸՍՏ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻ»

Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրանից

Խնդրանքի աղոթքն այն աղոթքն է, որն օգտագործում ենք Աստծուն պահանջներ ներկայացնելու համար։ Աղոթքի մեջ այն օրինական, բավական փոքր տեղ է զբաղեցնում, որովհետև Աստված գիտի մեր կարիքների մասին, նույնիսկ նախքան մենք կխնդրենք Նրանից։ Շատ մարդիկ կարծում են, որ աղոթել նշանակում է Աստծո մոտ գնալ քո գնումների ցուցակով։ Բայց սա այն չէ, ինչ Աստծուն պետք է կամ պահանջվում է։

Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ կարիքներ ենք ունենում, սակայն եթե սովորենք աղոթել, ապա դա կլինի մեծագույն պատասխանը։ Ինչպես իմ ընկեր Բոբ Մամֆորդն էր ասում. «Ի՞նչ անեմ. մարդկանց պարզապես հանքից բերված մի բնակտո՞ր տամ, թե՞ նրանց հենց հանք տանող ճանապարհը ցույց տամ»։ Գուցե ես աղոթեմ քեզ համար, ու դու բժշկվես. սա ոսկու հանքակտոր է։ Բայց նաև կարող եմ քեզ հանքավայրի ճանապարհը ցույց տալ։ Այդ ժամանակ դու կարող ես այնքան ոսկու կտորներ վերցնել, որքան կուզես։

«Եվ սա է այն համարձակությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ Նրանից ստանում ենք մեր խնդրվածքները»։

1-ին Հովհաննես 5:14-15

Այսպիսով, եթե խնդրվածք ունենք և աղոթում ենք ըստ Աստծո կամքի, մենք պետք է ավարտենք մեր խնդրվածքը՝ գիտենալով, որ ունենք այն, ինչ խնդրեցինք։ Եթե ըստ Աստծո կամքի ենք աղոթում, ուրեմն գիտենք, որ Նա լսում է մեզ։ Եթե գիտենք, որ Նա լսում է մեզ, ուրեմն գիտենք նաև, որ ունենք այն, ինչ Նրանից խնդրեցինք։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ Դու գիտես ինձ ամբողջովին։ Հռչակում եմ, որ երբ ես աղոթում եմ ըստ Աստծո կամքի, ապա գիտեմ, որ Նա լսում է ինձ։ Ու եթե գիտեմ, որ Նա լսում է ինձ, գիտեմ նաև, որ ունեմ այն, ինչ Նրանից խնդրեցի։ Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրան։ Ամեն։