ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1. «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՄԱՐ»

Խաղաղությու՛ն խնդրեցեք Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»

Ծննդոց 12:2-3-ում կարդում ենք Աստծո սկզբնական խոստումն Աբրահամին, երբ Աստված ասաց, որ նա հեռանա քաղդեացիների Ուր քաղաքից և այլ երկիր գնա.
«Ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ և քեզ օրհնեմ և քո անունը մեծացնեմ, ու դու օրհնյալ կլինես։ Եվ քեզ օրհնողներին կօրհնեմ և քեզ անիծողներին կանիծեմ, և երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն»։

Հրեա ժողովուրդի հանդեպ վերաբերմունքն այն չափանիշն է, որով մյուս բոլոր ազգերը պիտի դատվեն։ Սուրբ Գիրքն այս առումով մեզ նախազգուշացում է տալիս. «Ամոթ պիտի լինեն և ետ դառնան այն ամենքը, որ ատում են Սիոնը» (Սաղմոսներ 129:5)։ Ամեն ազգ, որ դեմ է կանգնում Սիոնի վերականգնման Աստծո նպատակին, ամոթ պիտի լինի և ետ դառնա։ Ազգերն իրենց ճակատագիրը որոշում են ըստ նրա, թե ինչպես են արձագանքում Աստծո ժողովրդի վերականգնմանը։

Սաղմոս122:6-ում մեկ այլ գեղեցիկ և օրհնության խոստում ենք գտնում նրանց համար, ովքեր միաբանվում են Աստծո նպատակներին Երուսաղեմի, Իսրայելի և Աստծո ժողովրդի համար. «Խաղաղությու՛ն խնդրեցեք Երուսաղեմի համար. թող հաջողվեն քեզ սիրողները»։ Մենք չենք կարող պարզապես չեզոք վերաբերմունք ընդունել և ասել. «Եկե՛ք տեսնենք՝ ինչ է կատարվում»։ Մենք պետք է ջանասիրաբար կանգնենք այն բանի համար, ինչ Աստված ասում է Իր խոսքում և ինչ Նա անում է պատմության մեջ։

Առաջնային միջոցը, որով կարող ենք այս անել, մեր աղոթքներն են։ Մենք կարող ենք աղոթել Երուսաղեմի խաղաղության և վերականգնման համար, ինչպես նաև, որ Երուսաղեմը դառնա այն, ինչ Աստված հռչակել է Սուրբ Գրքում, որ կլինի։ Նրանց համար, ովքեր աղոթում և անհանգստանում են, սա է խոստումը. «Թող հաջողվեն քեզ սիրողները»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն օրհնության համար, որ տվել ես նրանց, ովքեր սիրում են Իսրայելը։ Ես հռչակում եմ, որ նրանք, ովքեր աղոթում և անհանգստանում են Երուսաղեմի համար, պիտի հաջողվեն։ Խաղաղություն եմ խնդրում Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»։ Ամեն։