ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18. «ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՋԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ջանասե՛ր լինենք

Առակների գրքից երկու գեղեցիկ խոսքեր ինձ համար առաջնորդող լույս են եղել։ Այդ երկուսը միասին ամփոփում են ճշմարիտ հարստության և մնայուն կարողության պայմանները։ Պայմաններից մեկը Տերն է կատարում, մյուսը մենք ենք կատարում։ Երկու պայմաններն էլ անհրաժեշտաբար պետք է կատարվեն, որպեսզի մենք արդյունքի հասնենք։ Այն պայմանը, որ Տերն է կատարում, գրված է Առակաց 10:22-ում. «Տիրոջ օրհնությունն է հարստացնում, և չարչարվելը ոչինչ չի ավելացնում դրա վրա»։

Հոգևոր թե այլ առումով ճշմարիտ հարստության առաջնային և մեծագույն պայմանը Տիրոջ օրհնությունն է։ Մենք չենք կարող հույս ունենալ, թե մի բան բարի կլինի առանց Տիրոջ օրհնության։ Մյուս կողմից, Տիրոջ օրհնությունը միայն ինքն իրենով բավարար չէ։ Սաղմոս 10:14-ում կարդում ենք. «Իմաստունները գանձում են գիտությունը, բայց հիմարի բերանը մոտ է կործանման»։ Տիրոջ օրհնությանն անհրաժեշտ է ավելացնել մեր իսկ ջանքը ճշմարիտ հարստություն ձեռքբերելու համար։ Բավարար չէ պարզապես Տիրոջ օրհնությանը սպասելը կամ նույնիսկ այն ստանալը։ Այն չի կարող իր նպատակն իրականացնել քո կյանքում, մինչև դու չավելացնես քո անձնական ջանասիրությունը։ Հիշե՛ք՝ ջանասիրությունը ծուլության հականիշն է։

Վերոնշյալը մի խոսք է, որն ապացուցվել է տասնամյակների իմ քրիստոնեական փորձառության ընթացքում։ Ես շատ տարբեր իրավիճակներում եմ եղել, ծառայության տարբեր կերպերում, շատ տարբեր երկրներում ու մայրցամաքներում և կարծում եմ՝ կարող եմ ասել, որ, Աստծո շնորհով, միշտ ջանասիրություն եմ ցուցաբերել փոքր թե մեծ բաների մեջ։ Ցանկացած իրավիճակից, որտեղ ես հայտնվել եմ, դուրս եմ եկել ավելի լավ վիճակով՝ հոգևոր, ֆինանսական և ամեն մի այլ ակներև առումներով, քան որ կայի, երբ հայտնվեցի տվյալ իրավիճակում։ Տիրոջ օրհնությունը հարստացնում է, բայց նաև ջանասիրությունն է հարստացնում։ Այս երկուսը միացրե՛ք և ճշմարիտ հոգևոր հարստություններ կունենաք։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Հռչակում եմ, որ «Տիրոջ օրհնությունն է հարստացնում», ինչպես նաև՝ ջանասիրությունն է հարստացնում։ Ես ջանասեր կլինեմ։ Ամեն։