ՆՈՅԵՄԲԵՐԻ 3. «ԻՐ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՊԵՍ»

Մոտենա՛նք շնորհի աթոռին

Սաղմոս 51-ը մի աղոթք է, որը Դավիթն աղոթեց, երբ նա խորը վշտի մեջ էր և իր հոգին ծանրացել էր կշեռքին։ Դա ապաշխարության մի աղոթք է իր կատարած մեղքերից հետո. Բերսաբեի հետ շնություն գործելն ու նրա ամուսնու՝ Ուրիայի մահը կազմակերպելը բացահայտվել էին։ Դավիթը գրում է. «Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, Քո ողորմության պես և Քո մեծ ողորմության պես ջնջի՛ր իմ անօրենությունները» (Սաղմոս 51:1)։

«Քո ողորմության պես» արտահայտությունն այլ խոսքերով կլինի՝ «Քո՝ ուխտը պահող հավատարմությունը»։ Փաստորեն, Դավիթն ասում էր. «Դու ուխտել ես, որ կներես ինձ, եթե ես կատարեմ անհրաժեշտ պայմանները, և ես այս հիմքի վրա եմ Քեզ դիմում»։ Որքա՜ն կարևոր է Աստծուն մոտենալ այս հիմքի վրա։
Սաղմոս 106:1-ն ասում է. «Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է Նրա ողորմությունը (ուխտը կատարելու հավատարմությունը)»։ Ողորմությունն Աստծո հավիտենական էության բնորոշ հատկանիշն է։ Եբրայեցիների 4:16-ն ասում է. «Ուրեմն շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որ ողորմություն ընդունենք ու շնորհ գտնենք՝ պատշաճ ժամանակին մեզ օգնելու»։

Նախ և առաջ մենք ողորմության կարիք ունենք, բայց նաև շնորհի կարիք ունենք։ Իսկ ի՞նչ է Աստվածաշունչն ասում շնորհի մասին։ Շնորհը հնարավոր չէ վաստակել։ Եթե կարող ես մի բան վաստակել, ուրեմն դա շնորհ չէ։ Կրոնավոր մարդիկ հաճախ կարծում են, որ նրանք պետք է ամեն բան վաստակեն։ Հետևաբար, նրանք մերժում են Աստծո շնորհը։ Ինչպես Պողոսն է գրում. «Բայց եթե շնորհով է, այլևս գործերից չէ, …իսկ եթե գործերից է, այլևս շնորհ չէ» (Հռոմեացիներին 11:6)։ Եբրայեցիներին 4:16-ում երկու բան է նշված, որոնք մենք չենք կարող վաստակել։ Մենք չենք կարող վաստակել ողորմությունը, ինպես նաև չենք կարող վաստակել շնորհը։ Մեզ ողորմությունը պետք է անցյալի համար, իսկ շնորհը պետք է ապագայի համար։ Միայն Աստծո շնորհով է, որ մենք կարող ենք դառնալ այնպիսի մարդիկ և ապրել այնպիսի կյանքով, որ Նա է պահանջում մեզանից։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ համարձակությամբ կարող եմ Քեզ մոտենալ։ Հռչակում եմ, որ ես գալիս եմ՝ Աստծո ողորմության պես ստանալու ողորմություն իմ անցյալի համար և շնորհ՝ իմ ապագայի համար։ Ես կմոտենամ շնորհի աթոռին։ Ամեն։