Մոտենանք Սրբարանին

Հին Կտակարանը կանխավ ցույց է տալիս, թե ինչպես պետք է Հիսուսը վճարեր գինը և կատարեր վերջնական զոհաբերությունը։ Այն ցույց է տրվում Քավության օրվա արարողության մեջ, որը մանրամասնորեն նկարագրված է Ղևտացիներին 16-ում։ Քահանայապետը տարին միայն մեկ անգամ պետք է մտներ Սրբարան՝ Սրբության Սրբոց։ Նա պետք է իր հետ երկու բան վերցներ. խնկով լցված բուրվառը, որը բուրումնավետ ամպ էր բարձրացնում և ծածկում իրեն ու ողորմության աթոռը, ինչպես նաև իր անունից մատուցված զոհի արյունը։

Այսպես մտնելով Սրբարան՝ նա պետք է արյունը յոթն անգամ ցողեր երկրորդ վարագույրի, որտեղից նա մտնում էր, և ողորմության աթոռի առջևի (կամ արևելյան) մասի միջև։ Այսպիսով սկզբնական գործողությունն արյունը յոթ անգամ ցողելն էր։ Հավատում եմ, որ սա մարգարեական տեսարան էր, որը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է Հիսուսը ցողեր իր արյունը խաչի ճանապարհին, ինչպես նաև խաչի վրա։ Յոթ թիվը ցույց է տալիս Սուրբ Հոգու գործը. այն ամբողջականության, կատարելության թիվ է, որը կատարյալ գործ է մատնանշում։ Մարգարեական ցողումը ճշգրտորեն կատարվեց, երբ Հիսուսը թափեց իր արյունը։ Նա ճիշտ յոթ անգամ թափեց իր արյունը. մինչև որ զոհաբերությունն ավարտվեց։

Յոթնապատիկ ցողելով իր արյունը՝ Հիսուսի մարմինն արյունաքամ եղավ։ Նա բառացիորեն մահվան մատնեց իր հոգին հետևյալ քայլերով. 1) Նրա քրտինքն արյուն դարձավ, (տե՛ս, օրինակ, Ղուկաս 22:44), 2) Նրա դեմքին զարկեցին բռունցքներով ու մահակներով (տե՛ս, օրինակ, Ղուկաս 22:63-64), 3) նրան հռոմեական մտրակով խարազանեցին (տե՛ս, օրինակ, Ղուկաս 18:33), 4) նրանք պոկեցին նրա մորուքը (տե՛ս, օրինակ, Եսայա 50:6), 5) փշեր խրվեցին նրա գլխամաշկի մեջ (տե՛ս, օրինակ, Մատթեոս 27:29), 6) նրա ձեռքերն ու ոտքերը գամվեցին (տե՛ս, օրինակ, Հովհաննես 20:25), 7) նրա կողը գեղարդով խոցվեց (տե՛ս, օրինակ, Հովհաննես 19:34):

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Հիսուսի արյամբ կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը, յոթն անգամ ցողելով իր արյունը, ավարտեց զոհաբերությունը։ Ես կմոտենամ Սրբարանին։ Ամեն։