Անսայթաք և պինդ բռնենք մեր դավանությունը
Քրիստոնյաների մեծ մասը հավատի և սիրո վերաբերյալ շատ քարոզներ է լսել, սակայն, շատ դեպքերում, նրանք համեմատաբար քիչ են լսել հույսի մասին։ Ես էլ նման կարգավիճակում էի շատ տարիներ առաջ, երբ մեծապես ունեի Աստծո օգնության կարիքը։ Հավատի վերաբերյալ շատ պատգամներ էի լսել, որոշ քարոզներ էլ՝ սիրո վերաբերյալ, սակայն հատկապես իմ այդ իրավիճակի մեջ ես հույսի կարիք ունեի, և Սուրբ Հոգին ինձ ուղիղ տարավ դեպի Սուրբ Գիրքը, քանի որ երբեք հույսի մասին քարոզ չէի լսել։ Հենց այդտեղ Սուրբ Հոգին հոգաց իմ կարիքը։ Այդ իսկ պատճառով ես անհանգստացած եմ, որ մարդիկ հասկանան հույսի կարևորությունը։ Ուզում եմ, որ ընբռնեք, թե ինչ է հույսը, որքան կարևոր է այն, և թե ձեզանից քանիսներն այն ունեն։
Հավատը և սերը պահպանելու համար հույսն անհրաժեշտ է։ Եթե հույս չունենք, մեր հավատը «կարտահոսի» և մեր սերը կմարի։ Հույսն ավելորդ մի բան չէ. այն էական կարևորություն ունի քրիստոնեական կյանքի լիության համար։
Մարդիկ հաճախ ասում են. «Որտեղ կյանք կա, այնտեղ հույս կա»։ Կարծում եմ, որ այս դրույթի մեջ բավական ճշմարտություն կա։ Սակայն հակառակը նույնպես ճշմարիտ է. «Որտեղ հույս կա, այնտեղ կյանք կա, իսկ որտեղ հույս չկա, այնտեղ կյանք չկա»։ Ըստ իս, հուսահատությունը մարդկային փորձառության ամենատխուր վիճակներից մեկն է։ Կարծում եմ՝ չկա ավելի տխուր մի բան, քան՝ հուսահատ լինելը։ Բայց և այնպես, այս աշխարհում անհամար մարդիկ կան, ովքեր անհույս են։ Երբ օդանավակայանում եմ լինում, զբոսնելիս, որևէ ռեստորանում ճաշելիս և նայում եմ մարդկանց դեմքերին, ապա հայտնաբերում եմ, որ նրանցից շատերը հուսահատության դատարկ հայացք ունեն։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մենք հուսահատ լինելու կարիք չունենք։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու հավատարիմ ես. ինձ հույս ես տալիս։ Ես հռչակում եմ, որ, որտեղ հույս կա, այնտեղ կյանք կա։ Ես անսայթաք և պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։