ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22. ԸՆԴՈՒՆԵԼՈՎ «ՏԻՐՈՋ ԲԱԶՈՒԿԸ»

Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք Նրա մոտ

Եսայա 53-րդ գլուխն սկսվում է այն վտանգի մասին նախազգուշացմամբ, որ այս մարգարեական պատգամին, որն Աստված տվեց Եսայային, շատերը չեն հավատա. «Ո՞վ հավատաց մեր լուրին, և Տիրոջ բազուկն ու՞մ հայտնվեց» (Եսայա 53:1)։

Նախորդ խոսքերում նկարագրված (տե՛ս Եսայա 52:13-15) և իր մարգարեության մեջ կանխասացված Տիրոջ Ծառան նկարագրվում է որպես «Տիրոջ բազուկ»։ Այս արտահայտությունը ցույց է տալիս Աստծո զորությունը, որ միջամտում է հանուն Իր ժողովրդի։ Այն ցույց էր տալիս, որ ժամանակներ հետո Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված կմիջամտի Իր ժողովրդի փրկությանը։ Այս ամենը կատարվեց Հիսուսի միջոցով։ Նա եկավ՝ Աստծուն հայտնելու և Նրա փրկությունն ու բժշկությունը բերելու ամեն մեկին։ Պետրոսը, որ Հիսուսի երկրային ծառայության ականատեսն էր, հետևյալ խոսքում ամփոփեց այս ամենը. «Այն Հիսուսին, որ Նազարեթից է. թե Աստված նրան ինչպես Սուրբ Հոգով ու զորությամբ օծեց, որը ման եկավ՝ բարիք գործելով ու չարից բոլոր հալածվածներին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր» (Գործք Առ. 10:38)։

Հովհաննեսի ավետարանը Եսայայի մարգարեությունն ուղղակիորեն կիրառում է Հիսուսի վերաբերյալ.

«Եվ թեկուզ նա այդքան հրաշքներ էր գործել նրանց առաջ, նրանք չէին հավատում նրան։ Որպեսզի Եսայա մարգարեի խոսքը կատարվեր, որ ասաց. «Տե՛ր, մեր լուրին ո՞վ հավատաց, և Տիրոջ բազուկն ու՞մ հայտնվեց»։

Հովհաննես 12:37-38

Մենք նաև պետք է պինդ բռնենք մեր հավատը նրա նկատմամբ, ով իրականացրեց Հին Կտակարանի մարգարությունները։ Նույնիսկ նրանցից շատերը, ովքեր ականատես եղան Հիսուսի հրաշքներին, անհավատ գտնվեցին։ Եկե՛ք չպահանջենք նշաններ ու հրաշքներ, որոնք հավատ չեն երաշխավորում, այլ եկե՛ք պահպանենք մեր հավատը դեպի այն Միակը, ով վաստակեց մեր փրկությունը՝ գերագույն հրաշքը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու ինձ կանչում ես՝ այս աշխարհը ետևում թողնելու։ Ես հռչակում եմ, որ, թեպետ Հիսուսի մարդկանցից շատերը մերժեցին իրեն, սակայն ես ընդունում եմ նրան որպես «Տիրոջ բազուկ», որ փրկություն է բերում։ Ես բանակատեղից դուրս կգնամ Նրա մոտ։ Ամեն։