ՓԵՏՐՎԱՐԻ 8. «ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԵՏ ԳՆՎԱԾ»

Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։

Հռոմեացիների թղթում մենք կարդում ենք երկու միմյանց հակառակ թագավորությունների մասին իրենց ընդդիմադիր օրենքներով։ Սատանայի օրենքը մեղքի և մահվան օրենքն է, իսկ Աստծո արքայության օրենքը Քրիստոս Հիսուսի մեջ եղած Կյանքի հոգու օրենքն է։ «Որովհետև Հիսուս Քրիստոսի մեջ կյանքի հոգու օրենքն ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից» (Հռոմեացիներին 8:2):

Մենք այլևս սատանայի տարածության մեջ չենք, այլևս սատանայի օրենքի տակ չենք։ Նրա թագավորությունը մեզ չի վերաբերում, որովհետև մենք այլ թագավորության մեջ ենք։ Մենք  փոխադրվել ենք հոգով, շնչով և մարմնով։ Եվ այս փոխադրումը կատարվում է Հիսուսի արյամբ. մենք սրբագործվում ենք, առանձնացվում ենք Աստծո համար Հիսուսի արյամբ։

Այժմ, եկեք խորհենք, թե սա ինչ առնչություն ունի հավատացյալի մարմնի հետ։ Ես իմ փորձից կարող եմ ասել, որ սա այն տեղն է, որտեղ արքայությունը իրապես սկսում է գործել։ Մտածե՛ք այս մասին. «Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ Քանի որ մեծ գնով եք գնվել, ուստի փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմնի և ձեր հոգու մեջ, որոնք Աստծունն են» (1-ին Կորնթացիներին 6:19-20):

Մեծ գնով գնված արտահայտությունը մեզ ետ է տանում քավության թեմային։ Մենք հետ ենք գնված սատանայի ձեռքից Հիսուսի արյամբ։ Մեզանից ո՞ր մասն է հետ գնված։ Միայն մեր հոգինե՞րը։ Ո՛չ, թե՛ մեր հոգիները, թե՛ մեր մարմինները պատկանում են Աստծուն, որովհետև Հիսուսն իր արյամբ ամբողջովին վճարել է փրկագինը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ ամբողջովին հետ եմ գնված սատանայի թագավորությունից և փոխադրված եմ Աստծո թագավորության մեջ։ Իմ հոգին և մարմինն Աստծուն են պատկանում, որովհետև Հիսուսն իր թանկագին արյամբ վճարել է ողջ փրկագինը։ Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։