ՄԱՐՏԻ 9. «ԸՆՏՐԵԼ ՇՆՈՐՀԸ»

Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։

«Արդ Աստծո ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի զոհ՝ սուրբ և Աստծուն հաճելի, որ ձեր բանական ծառայությունն է»։

Հռոմեացիներին 12:1

Այստեղ հարցը վերաբերում է մեր կամքին, որին հաջորդում է մեր հնազանդությունը։ Եթե մենք կամք չդրսևորենք, ապա, ըստ սովորության, սխալ բանի կհնազանդվենք։ Մենք պետք է դադարենք մեր մարմինները՝ մեր մարմնի անդամները, մեղքին ներկայացնելուց։ Երբ մենք դեռ անհավատ էինք, բավականին երկար ժամանակ հնազանդ էինք մեղքին։ Սակայն մենք պետք է կանգ առնենք և ասենք. «Սա արդեն վերջն է»։ Երբ մենք մեր կամքը հնազանդեցնենք Աստծուն, կարիք չենք ունենա մեր անդամները սատանային ներկայացնելու։

«Որովհետև մեղքը ձեզ վրա պիտի չիշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի տակ» (Հռոմեացիներին 6:14): Այս խոսքը բավականին խորիմաստ է։ Պողոսն ասաց, որ մենք օրենքի տակ չենք, այլ՝ շնորհի։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը. հնարավոր չէ երկուսն էլ լինեն միաժամանակ։ Եթե մենք օրենքի տակ ենք, ապա շնորհի տակ չենք։ Եթե մենք շնորհի տակ ենք, ապա օրենքի տակ չենք։

Ավելին, Պողոսն ասաց, որ մեղքն այլևս իշխանություն չի ունենա մեզ վրա։ Խորհուրդն այն է, որ եթե մենք մեղքի տակ ենք, մեղքը կիշխի մեզ վրա։ Սա ցնցող ճշմարտություն է շատ մարդկանց համար, սակայն սա այն է, ինչ Աստվածաշունչը մշտապես ասում է։

Մենք չենք ղեկավարվում օրենքների հավաքածուով։ Մենք դարձել ենք Աստծո որդիներ և հնազանդվում ենք Իրեն, որովհետև սիրում ենք Իրեն։ Այսուհետ, սերը և ոչ թե վախն է մեր հնազանդության դրդապատճառը։ Աստված մեզ ստրուկներ չի ստեղծել. օրենքը մեզ ստրուկ է դարձնում։ Աստված մեզ Իր որդիներն ու դուստրերն է դարձրել։ Մենք պետք է ընտրենք. կա՛մ օրենքը, կա՛մ Աստծո շնորքը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա եղած քո հաղթանակի համար։ Ես ընտրում եմ շնորքը և իմ կամքը հնազանդեցնում Աստծուն՝ հռչակելով, որ իմ մարմնի անդամները արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Ամեն։