ՄԱՐՏԻ 23.
«ԿԵՆԴԱՆԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ»
Իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը իմ մարմնի համար։

«Արդ Աստծո ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի զոհ՝ սուրբ և Աստծուն հաճելի, որ ձեր բանական ծառայությունն է»։

Հռոմեացիներին 12:1

Հռոմեացիներին ուղղված նամակի սկզբնական գլուխներում մենք հանդիպում ենք մի ցնցող աստվածաբանության։ Խնդրանքը սկսվում է մեր մարմիններից. մենք պետք է մեր մարմինները ներկայացնենք Աստծուն որպես կենդանի զոհ։

Գուցե մտածենք. «Մարմինն այնքան էլ կարևոր չէ, հոգի՛ն է, որ կարևոր է»։ Սակայն եկեք մի գործնական օրինակ նայենք. եթե ինձանից մեկ բաժակ ջուր խնդրեն, ես կբերեմ թե՛ անոթը և թե՛ դրա պարունակությունը։ Ես չեմ կարող ջուրը բերել առանց բաժակի։ Ահա թե Աստված ինչ նկատի ուներ։ Նա ցանկանում է անոթը՝ մարմինը և դրա պարունակությունը՝ հոգին։ Մենք չենք կարող ձեռք բերել պարունակությունն առանց անոթի։

Ի՞նչ է նշանակում մեր մարմինները կենդանի զոհ ներկայացնելը։ Հին Կտակարանում զոհերը կենդանիներն էին, որոնք սպանվում էին և դրվում էին զոհասեղանի վրա։ Աստված ասում է. «Ես քո մարմինն ուզում եմ այնպես, ինչպես Հին Կտակարանի զոհն էր, սակայն մեկ տարբերությամբ. ինձ քո մարմինը մահացած պետք չէ, այլ՝ կենդանի։ Երբ ես ունենամ քո մարմինը, կունենամ նաև քեզ»։

Մատթեոս 23 գլխում Հիսուսը խոսում է փարիսեցիների մասին՝ բացատրելով, թե որն է իրենց ծառայության մեջ ամենակարևոր բանը։ Նրանք ասում էին, որ զոհն ավելի կարևոր էր, քան զոհասեղանը։ Հիսուսն ասաց. «Անմիտնե՛ր ու կույրե՛ր, ո՞րն է արդյոք ավելի մեծ, ընծա՞ն, թե՞ սեղանը, որ սրբագործում է ընծան» (Մատթեոս 23:19): Զոհասեղանը սրբացնում էր իր վրա դրված զոհը։ Զոհը սրբացվում էր՝ տեղադրված լինելով Աստծո զոհասեղանի վրա։ Նույն բանն էլ տեղի է ունենում մեր մարմինների հետ։ Երբ մենք մեր մարմինները տեղադրում ենք Աստծո զոհասեղանի վրա, դրանք սուրբ են դառնում։ Դրանք սրբացվում են, առանձնացվում Աստծո համար։ Սա մի գործողություն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է անի։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, իմ մարմնի հանդեպ տածած հոգատարության համար։ Ես ինձ ներկայացնում եմ Աստծուն, որպես կենդանի զոհ և հռչակում, որ իմ մարմինը Տիրոջ համար է, և Տերը՝ իմ մարմնի համար։ Ամեն։