ՄԱՅԻՍԻ 13. «ՎԱՅԵԼԵԼ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք իր առատությանը

Եկե՛ք Երկրորդ Օրինաց 28-րդ գլխում նայենք անեծքների ցուցակին։ Ինքներդ ձեզ համար կարդացեք այս ամբողջ գլուխը և խորհե՛ք՝ արդյոք օրհնությու՞ն եք վայելում, թե՞ անեծքի տակ եք։ Եթե մենք Աստծո փրկագնված զավակներն ենք, ապա անեծքները չեն պատկանում մեզ, բայց օրհնություններն են մեզ պատկանում։ Եկե՛ք հատկապես կենտրոնանանք հարստությանն ու աղքատությանը վերաբերող օրհնություններին և անեծքներին.

«Եթե քո Եհովա Աստծո խոսքին չլսես և չպահես և չանես նրա բոլոր պատվիրանները և կանոնները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, այն ժամանակ այս ամեն անեծքները քեզ վրա կգան և քեզ կհասնեն։… Անիծյալ կլինի քո կողովը և քո տաշտը։ …դու կես օրվա ժամանակին կխարխափես, ինչպես որ կույրն է խավարի մեջ խարխափում, և չես հաջողվի քո ճանապարհներում։ …Որովհետև քո Եհովա Աստծուն ծառայություն չարեցիր ուրախությամբ և հոժար սրտով ամեն բանի առատության համար։ Նրա համար դու կծառայես քո թշնամիներին, որոնց Եհովան քեզ վրա կուղարկի՝ սովով, ծարավով, մերկությունով և ամեն կարոտությունով, և նա քո պարանոցի վրա երկաթե լուծ կդնի, մինչև որ բնաջինջ անի քեզ»։

Երկրորդ Օրինաց 28:15,17,29,47-48

47-րդ խոսքն արտահայտում է Աստծո կամքը. մենք պետք է ծառայենք Աստծուն ուրախությամբ և հոժար սրտով ամեն բանի առատության համար։ Առատությունը մի գեղեցիկ բառ է, որ շատ է հանդիպում Աստվածաշնչում։ Հիմնականում այս բառը նշանակում է ունենալ այն ամենը, ինչի կարիքն ունես, իսկ որոշ չափով էլ նշանակում է, որ դու օրհնության ավելցուկ ունես այլ մարդկանց համար։ Աստծո կամքն այն է, որ մենք՝ որպես Իր ժողովուրդ, Նրան ծառայենք ուրախությամբ և հոժար սրտով այն ամեն բաների առատության համար, որ Նա տալիս է մեզ։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ կծառայեմ քեզ ուրախությամբ և հոժար սրտով՝ ամեն բանի առատության համար, որովհետև Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք իր առատությանը։ Ամեն: