Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ5
  • 1Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորն ուղարկեց իր ծառաները Սողոմոնի մօտ. որովհետեւ Քիրամն ամեն ժամանակ սիրում էր Դաւիթին։
  • 2Եւ Սողոմոնը մարդ ուղարկեց Քիրամին ասելով.
  • 3Դու գիտես, որ իմ հայր Դաւիթը չ’կարողացաւ իր Տէր Աստուծոյ անունին մի տուն շինել այն պատերազմների պատճառով, որ նորան պատել էին, մինչեւ որ Տէրը նորանց դրաւ նորա ոտքի թաթերի տակը։
  • 4Եւ հիմա իմ Տէր Աստուածն ինձ հանգստութիւն է տուել իմ շրջակայքից. Ոչ հակառակորդ կայ եւ ոչ ձախորդ պատահար կայ։
  • 5Եւ ահա ես ասում եմ, որ մի տուն շինեմ իմ Տէր Աստուծոյ անունի համար, ինչպէս որ Տէրը խօսել է իմ հայր Դաւիթի հետ ասելով. Քո այն որդին, որին ես կ’նստեցնեմ քո տեղը քո աթոռի վերայ, նա կ’շինէ տունը իմ անունի համար։
  • 6Արդ հրաման տուր, որ Լիբանանից եղեւիններ կտրեն ինձ համար, եւ իմ ծառաները քո ծառաների հետ լինեն, եւ քո ծառաների վարձքը քեզ կ’տամ բոլորովին քո ասածի պէս. Որովհետեւ դու գիտես, որ մեզանում մարդ չ’կայ, որ Սիդոնացիների պէս փայտ կտրել իմանայ։
  • 7Եւ եղաւ երբոր Քիրամը Սողոմոնի խօսքերը լսեց՝ շատ ուրախացաւ եւ ասեց. Օրհնեալ է այսօր Տէրը, որ Դաւիթին մի իմաստուն որդի տուաւ այս շատ ժողովրդի վերայ։
  • 8Եւ Քիրամը մարդ ուղարկեց Սողոմոնի մօտ ասելով. Լսեցի որ մարդ ես ուղարկել ինձ մօտ. Ես բոլոր քեզ հաճոյ եղածը կ’անեմ եղեւնափայտի եւ մայր փայտի մասին։
  • 9Իմ ծառաները Լիբանանից իջեցնեն ծովը, եւ ես լաստեր կ’շինեմ նորանց ծովի մէջ, եւ կ’ուղարկեմ այն տեղը որ ինձ ցոյց կ’տաս, եւ ես այնտեղ կ’քանդեմ նորանց, եւ դու վեր կ’առնես. Իսկ դու կատարես իմ կամքը, որ իմ տանը հաց տաս։
  • 10Եւ Քիրամը Սողոմոնին եղեւնափայտեր ու մայրի փայտեր էր տալիս բոլորովին նորա կամքի պէս։
  • 12Եւ Տէրը իմաստութիւն տուաւ Սողոմոնին, ինչպէս որ ասել էր նորան. Եւ խաղաղութիւն էր Քիրամի եւ Սողոմոնի մէջտեղ, եւ նոքա երկուսը դաշինք կապեցին։
  • 13Եւ Սողոմոն թագաւորը բոլոր Իսրայէլից մարդահարկ առաւ, եւ մարդահարկը եղաւ երեսուն հազար մարդ։
  • 14Եւ նորանց յաջորդաբար ուղարկեց Լիբանան ամիսը տասը հազար. Մէկ ամիս լինում էին Լիբանան՝ երկու ամիս տանը. եւ Ադոնիրամը այդ հարկի վերայ էր։
  • 15Եւ Սողոմոնը եօթանասուն հազար բեռնակիր ունէր. Եւ սարումը ութսուն հազար փայտ կտրող։
  • 16Բացի գործակալների իշխաններից, որ Սողոմոնից դրուած էին գործի վերայ, երեք հազար երեք հարիւր, որ գործն անող ժողովրդի վերայ էին։
  • 17Եւ թագաւորը հրամայեց որ մեծ քարեր կտրեն՝ պատուական քարեր տանը հիմը տաշած քարերով դնելու համար։
  • 18Եւ Սողոմոնի վարպետները եւ Քիրամի վարպետները եւ Գեբաղացիները տաշում եւ պատրաստում էին փայտերը եւ քարերը տան շինութեան համար։
← Ցանկ