Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ12
  • 1Յէուի եօթներորդ տարին Յովասը թագաւոր եղաւ, եւ քառասուն տարի թագաւորեց Երուսաղէմումը եւ նորա մօր անունն էր Սաբիա՝ Բերսաբէէից։
  • 2Եւ Յովասն ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին իր բոլոր օրերումը, քանի որ Յովիադա քահանան նորան սովորեցնում էր։
  • 3Միայն թէ բարձրաւանդակները չ’հեռացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ։
  • 4Եւ Յովասն ասեց քահանաներին. Նուէրքի բոլոր փողը որ բերվում է Տիրոջ տունը՝ անց կենող փողը, իւրաքանչիւր մարդի անձանց գնահատութեան փողը՝ այն ամեն փողը, որ ամեն մարդ իր յօժար կամքովը նուիրում է որ Տիրոջ տունը բերէ,
  • 5Թող քահանաներն իրանց համար վեր առնեն ամեն մարդ իր ծանօթիցը եւ նորանով նորոգեն տան վնասուած տեղերը ուր որ էլ մի վնաս գտնուի։
  • 6Եւ եղաւ Յովաս թագաւորի քսանեւերեքերորդ տարին, որ քահանաները տան վնասուած տեղերը չէին նորոգել։
  • 7Եւ Յովաս թագաւորը կանչեց Յովիադա քահանային եւ քահանաներին եւ ասեց նորանց. Ի՞նչու համար չէք նորոգում տան վնասուած տեղերը, ուրեմն հիմա էլ փող չ’առնէք ձեր ծանօթներից, այլ տան վնասուածի համար տուէք այն։
  • 8Եւ հաճութիւն տուին քահանաները, որ ժողովրդիցը փող չ’առնեն, եւ տան վնասուածը չ’նորոգեն։
  • 9Եւ Յովիադա քահանան մի արկղ առաւ եւ նորա խուփի վերայ մի ծակ փորեց, եւ նորան դրաւ սեղանի կշտին Տիրոջ տունը եկող մարդկանց աջ կողմին. Եւ դռան պահպանութիւնն անող քահանաները այնտեղ էին գցում ամեն փող, որ բերվում էր Տիրոջ տունը։
  • 10Եւ եղաւ երբոր տեսնում էին որ արկղումը փողը շատ էր, այն ժամանակ գալիս էր թագաւորի գրագիրը եւ քահանայապետը եւ ծրարում էին եւ համարում Տիրոջ տանը գտնուած փողը։
  • 11Եւ հաշուած փողը տալիս էին Տիրոջ տան վերայ նշանակուած գործաւորների ձեռքը. Եւ նորանք վճարում էին հիւսներին եւ Տիրոջ տունը շինող գործաւորներին,
  • 12Եւ որմնադիրներին ու քարակոփներին. Եւ որ փայտեր եւ տաշած քարեր առնեն Տիրոջ տան վնասուած տեղերը նորոգելու, եւ այն ամեն բանի համար, որ ծախք կ’լինի տունը նորոգելու համար։
  • 13Միայն թէ չ’շինուեցաւ Տիրոջ տան համար արծաթի բաժակներ, բազմակալներ, կոնքեր, փողեր եւ ամեն տեսակ ոսկի անօթներ եւ արծաթի անօթներ Տիրոջ տան մէջ եկած փողիցը։
  • 14Այլ տալիս էին գործաւորներին եւ նորանով նորոգում էին Տիրոջ տունը։
  • 15Եւ հաշիւ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործաւորներին տային, որովհետեւ հաւատարմութեամբ էին աշխատում։
  • 16Յանցանքի փողը եւ մեղքի փողը Տիրոջ տունը չէր բերվում, քահանաներինն էր լինում։
  • 17Այն ժամանակ վեր եկաւ Ասորիների Ազայէլ թագաւորը եւ պատերազմեց Գէթի դէմ ու յաղթեց նորան. Եւ Ազայէլը դարձրեց իր երեսը, որ վեր գնայ Երուսաղէմ։
  • 18Եւ Յուդայի Յովաս թագաւորն առաւ բոլոր նուէրները, որ նուիրել էին նորա հայրերը՝ Յովսափատը եւ Յովրամը եւ Ոքոզիան՝ Յուդայի թագաւորները, եւ իր նուէրները եւ թագաւորի տան եւ Տիրոջ տան գանձարաններում գտնուող բոլոր ոսկին եւ ուղարկեց Ասորիների Ազայէլ թագաւորին, եւ նա գնաց Երուսաղէմի վերայից։
  • 19Եւ Յովասի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 20Եւ նորա ծառաները վեր կացան եւ դաւաճանութիւն արին եւ սպանեցին Յովասին Մելօնի տան մէջ Սիլլայի զառիվայրումը։
  • 21Եւ Յովզաքարը՝ Սամեթի որդին եւ Յովզաբադը՝ Սոմերի որդին՝ նորա ծառաները, զարկեցին նորան, եւ նա մեռաւ. Եւ նորան թաղեցին իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը, եւ նորա տեղը թագաւոր եղաւ նորա որդի Ամասիան։
← Ցանկ