Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ2
  • 1Եւ եղաւ որ Տէրը Եղիային մրրիկով երկինքը վեր բարձրացնելու ժամանակին, Եղիան եւ Եղիսէն գնացին Գաղգաղայից։
  • 2Եւ Եղիան ասեց Եղիսէին. Դու այստեղ մնա, որովհետեւ Տէրն ինձ մինչեւ Բեթէլ է ուղարկել. Եւ Եղիսէն ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. Եւ գնացին Բեթէլ։
  • 3Եւ Բեթէլումն եղող մարգարէների որդիքը դուրս եկան Եղիսէի մօտ եւ նորան ասեցին, Գիտե՞ս արդեօք որ այսօր Տէրը վեր է առնելու քո տիրոջը գլխիցդ. Եւ նա ասեց. Ես էլ գիտեմ, լռեցէք։
  • 4Եւ Եղիան ասեց նորան. Այստեղ մնա, Եղիսէ, որովհետեւ Տէրն ինձ Երիքով է ուղարկել. Եւ նա ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. Եւ գնացին Երիքով։
  • 5Եւ Երիքովումը լինող մարգարէների որդիքը մօտեցան Եղիսէին եւ ասեցին նորան. Գիտե՞ս արդեօք որ այսօր Տէրը վեր է առնելու քո տիրոջը գլխիցդ. Եւ նա ասեց. Ես էլ գիտեմ, լռեցէք։
  • 6Եւ Եղիան ասեց նորան. Այստեղ մնա, որովհետեւ Տէրն ինձ Յորդանան է ուղարկել. Եւ նա ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. Եւ երկուսն էլ գնացին։
  • 7Եւ մարգարէների որդկանցից յիսուն մարդ գնացին եւ հեռուանց կանգնեցին դիմացը. Իսկ նորանք երկուսը կանգնել էին Յորդանանի մօտ։
  • 8Եւ Եղիան առաւ իր վերարկուն, ծալեց եւ զարկեց ջրին, եւ ջուրը բաժանուեց այս կողմը եւ այն կողմը. Եւ երկուսն էլ անցան ցամաքով։
  • 9Եւ եղաւ երբոր նորանք անցնում էին, Եղիան ասեց Եղիսէին. Խնդրիր՝ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնուած։ Եւ Եղիսէն ասեց. Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վերայ։
  • 10Եւ նա ասեց. Դժուար բան խնդրեցիր. Եթէ ես քեզանից վեր առնուելիս դու ինձ տեսար, քեզ կ’լինի այնպէս. Բայց եթէ ոչ, չի լինիլ։
  • 11Եւ եղաւ երբոր նորանք գնում էին եւ գնալով խօսում էին, ահա մի հրեղէն կառք եւ հրեղէն ձիանք, որ նորանց երկուսին բաժանեցին. Եւ Եղիան մրրիկով վեր ելաւ երկինքը։
  • 13Եւ վեր առաւ Եղիայի վերարկուն որ ընկել էր նորա վերայից, եւ ետ դառաւ ու կանգնեց Յորդանանի ափին։
  • 14Եւ առաւ Եղիայի վերարկուն, որ ընկել էր նորա վերայից եւ զարկեց ջրին ու ասեց. Ո՞ւր է Եղիայի Տէր Աստուածը՝ նա ինքը. Եւ զարկեց ջրին, եւ ջրերը բաժանուեցան այս կողմը եւ այն կողմը, եւ Եղիսէն անց կացաւ։
  • 15Եւ նորան տեսնում էին մարգարէների որդիքը, որ դիմացը՝ Երիքովումն էին, եւ ասում էին. Եղիայի ոգին հանգչել է Եղիսէի վերայ. Եւ եկան նորան դիմաւորելու եւ խոնարհութիւն արին նորա առաջին մինչեւ գետինը.
  • 16Եւ ասեցին նորան. Ահա ծառաներիդ հետ յիսուն զօրաւոր մարդիկ կան, թող գնան եւ որոնեն քո տիրոջը, գուցէ Տիրոջ հոգին նորան վեր է առել եւ մէկ սարի վերայ կամ հովիտների մէկի մէջ գցել. Եւ նա ասեց. Մի ուղարկէք։
  • 17Եւ նորանք բռնադատեցին նորան մինչեւ որ ամաչեց եւ ասեց. Ուղարկեցէք. Եւ նորանք յիսուն մարդ ուղարկեցին, եւ նորանք որոնեցին երեք օր, բայց նորան չ’գտան.
  • 18Եւ ետ դառան նորա մօտ, եւ նա նստած էր Երիքով, եւ նորանց ասեց. Ես ձեզ չ’ասեցի՞ թէ Մի գնաք։
  • 19Եւ այն քաղաքի մարդիկն ասեցին Եղիսէին. Ահա քաղաքիս դիրքը լաւ է ինչպէս որ տէրս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրը՝ անպտուղ։
  • 20Եւ նա ասեց. Ինձ մի նոր կուժ բերէք եւ մէջը աղ դրէք. Եւ բերին նորա մօտ։
  • 21Եւ նա գնաց ջուրերի աղբիւրի մօտ եւ աղ գցեց այնտեղ, եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Ես բժշկեցի այս ջուրերը. Այսուհետեւ այդտեղից այլ եւս մահ եւ անպտղութիւն չ’լինի։
  • 22Եւ այն ջուրերը բժշկուեցան մինչեւ այսօր՝ Եղիսէի խօսած խօսքին պէս։
  • 23Եւ նա այնտեղից գնաց Բեթէլ. Եւ նա ճանապարհովը վեր էր գնում եւ փոքր տղերք դուրս եկան քաղաքիցը եւ ծաղր անելով ասում էին նորան. Վեր եկ, կնդակ, վեր եկ, կնդակ։
  • 24Եւ նա ետ դառաւ, եւ նորանց տեսաւ եւ անիծեց նորանց Տիրոջ անունովը. Եւ անտառիցն երկու արջ դուրս եկան եւ նորանցից քառասունեւերկու երեխայ պատառեցին։
  • 25Եւ այնտեղից գնաց Կարմեղոս սարը, եւ այնտեղից ետ եկաւ Սամարիա։
← Ցանկ