ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ3
  • 1Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսայ նորա բարկութեան գաւազանովը։
  • 2Նա ինձ տարաւ ու ման ածեց խաւարում եւ ոչ թէ լոյսի մէջ։
  • 4Մաշեց մարմինս ու մորթս, կոտրատեց ոսկորներս։
  • 5Ինձ դէմ շինեց եւ շրջապատեց դառնութիւնով ու տառապանքով։
  • 6Մութ տեղերում ինձ նստեցրեց յաւիտենական մեռելների պէս։
  • 7Ետեւիցս ցանցով պատեց որ դուրս չ’գամ, ծանրացրեց իմ շղթաները։
  • 8Եթէ աղաղակեմ էլ եւ գոչեմ, նա արգելեց իմ աղօթքը։
  • 9Նա պատեց իմ ճանապարհները տաշած քարերով, ծռեց իմ շաւիղները։
  • 10Նա ինձ համար դարանակալ արջ է, մի առիւծ՝ թաքուն տեղերում։
  • 11Նա խոտորեցրեց իմ ճանապարհները, ինձ ցիրուցան արաւ, ինձ ամայի շինեց։
  • 12Լարեց իր աղեղը եւ ինձ կանգնեցրեց նետի նպատակի պէս։
  • 13Իմ երիկամունքների մէջ կոխեց իր նետերը։
  • 14Ես ծաղր եղայ իմ բոլոր ժողովրդին, նորանց երգը՝ բոլոր օրը։
  • 15Ինձ կշտացրեց դառնութիւններով, օշինդրով արբեցրեց ինձ։
  • 16Եւ կոտրատեց խիճերով իմ ատամները, ինձ մոխիրը դրաւ։
  • 17Այսպէս հեռացրիր իմ անձը խաղաղութիւնից, բարիքը մոռացել եմ։
  • 18Եւ ասեցի՝ Կորաւ իմ զօրութիւնը եւ իմ ակնկալութիւնը Տէրից։
  • 19Յիշիր իմ տառապանքը ու իմ թշուառութիւնը, օշինդրը եւ դառնութիւնը։
  • 20Լաւ յիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։
  • 21Սորանք ես իմ միտքն եմ բերում, ուրեմն եւ յոյս ունիմ։
  • 22Տիրոջ ողորմութիւններն են, որ չ’վերջացանք, որովհետեւ չ’պակասեցան նորա գթութիւնները.
  • 23Նորանք ամեն առաւօտ նորանոր են. Մեծ է քո հաւատարմութիւնը։
  • 24Իմ բաժինը Տէրն է, ասեց իմ հոգին, սորա համար նորան եմ յուսալու։
  • 25Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։
  • 26Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը։
  • 27Լաւ է մարդիս համար, որ լուծը իր երիտասարդութիւնումը կրէ։
  • 28Առանձին նստում եւ լռում է, որովհետեւ լուծ դրուեցաւ նորա վերայ։
  • 29Նա իր բերանը հողին է դնում, գուցէ յոյս կ’լինի։
  • 30Նա իր ծնօտը տալիս է նորան զարկողին, կշտանում է նախատինքով։
  • 31Որովհետեւ Տէրը չի մերժիլ յաւիտեան։
  • 32Այլ թէեւ ցաւեցնէ էլ, դարձեալ կ’գթայ իր ողորմութիւնների շատութեան չափ։
  • 33Որովհետեւ նա ’ի սրտէ չէ նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։
  • 34Իր ոտների տակին կոխ տալ երկրի ամեն կապուածներին,
  • 35Մարդի իրաւունքը ծռել Բարձրելոյն երեսի առաջին,
  • 36Մարդիս անիրաւութիւն անել իր դատումը, Տէրը չէ՞ տեսնում։
  • 37Ո՞վ է նա որ ասէ, եւ կատարուի, որ Տէրը չէ հրամայել։
  • 38Բարձրելոյն բերանիցը չե՞ն դուրս գալիս չարիքն ու բարիքը։
  • 39Ի՞նչ է տրտնջում ապրող մարդը՝ մարդը իր մեղքի մէջ։
  • 40Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք, եւ ետ դառնանք Տիրոջը։
  • 41Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը։
  • 42Մենք յանցանք արինք եւ ապստամբուեցինք. Դու չ’ներեցիր։
  • 43Քեզ բարկութիւնով ծածկեցիր եւ մեզ հալածեցիր, սպանեցիր ու չ’խնայեցիր։
  • 44Քեզ ամպով ծածկեցիր, որ աղօթք անց չ’կենայ։
  • 45Աւելուք եւ անարգ արիր մեզ ազգերի մէջ։
  • 46Մեր բոլոր թշնամիները լայն բացել են իրանց բերանը մեզ դէմ։
  • 47Վախ եւ վիհ եղաւ մեզ համար՝ աւերումն ու կոտորած։
  • 48Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի աղջկայ բեկման համար։
  • 49Իմ աչքը բղխում է եւ չէ դադարում՝ հանգստութիւն չ’ունի։
  • 50Մինչեւ որ նայէ եւ տեսնէ Տէրը երկնքիցը։
  • 51Աչքս ցաւում է հոգով չափ իմ քաղաքի բոլոր աղջկերանց համար։
  • 52Որսալու են աշխատում ինձ ճնճղուկի պէս զուր տեղը իմ թշնամիները։
  • 53Գուբում կտրեցին իմ կեանքը, եւ քար գցեցին ինձ վերայ։
  • 54Ջուրերն անցան գլխովս. ես ասեցի թէ Կտրուեցայ։
  • 55Եւ կանչեցի քո անունը, ով Տէր, խորագոյն գուբիցը։
  • 56Ձայնս լսեցիր, մի ծածկիր ականջդ իմ հառաչանքին՝ իմ աղաղակին։
  • 57Դու մօտեցար՝ ես քեզ կանչած օրը, ասեցիր՝ Մի վախենար։
  • 58Իմ հոգիի դատը վարեցիր, ով Տէր, դու փրկեցիր իմ կեանքը։
  • 59Ով Տէր, դու տեսար ինձ եղած զրկանքը, պաշտպանիր իմ դատը։
  • 60Դու տեսար նորանց բոլոր վրէժխնդրութիւնը՝ նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։
  • 61Լսեցիր նորանց նախատինքը, ով Տէր, նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։
  • 62Իմ թշնամիների շրթունքները եւ նորանց ամեն օր արած մտածմունքները ինձ դէմ։
  • 63Նորանց նստելն ու նորանց վեր կենալը դիտիր, ես նորանց երգն եմ։
  • 64Նորանց հատուցում պիտի տաս, ով Տէր, նորանց ձեռքի գործերի համեմատ։
  • 65Նորանց սրտի մթութիւն պիտի տաս, քո անէծքը նորանց վերայ լինի։
  • 66Նորանց պիտի հալածես քո բարկութեամբը, եւ Տիրոջ երկնքի տակիցը նորանց բնաջինջ պիտի անես։
← Ցանկ