ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ10
  • 1Այն ժամանակ Եհովան ինձ ասեց. Կոփիր քեզ համար առաջինների պէս երկու հատ քարի տախտակներ, եւ վեր ելիր սարը ինձ մօտ, եւ քեզ համար մէկ փայտէ տապանակ շինիր.
  • 2Եւ ես տախտակների վերայ գրեմ այն խօսքերը, որ առաջին տախտակներիդ վերայ էին, որոնք դու կոտրատեցիր, եւ նորանց դնես տապանակի մէջը։
  • 3Եւ ես սատիմի փայտից մի տապանակ շինեցի, եւ առաջինների պէս երկու հատ քարի տախտակներ կոփեցի, եւ վեր ելայ սարը այն երկու տախտակները ձեռքիս։
  • 4Եւ այն տախտակների վերայ առաջին գրուածքի պէս գրեց այն տասը խօսքերը, որոնք Եհովան ձեզ հետ խօսեց սարի վերայ կրակի միջիցը ժողովքի օրը, եւ Եհովան նորանց ինձ տուաւ։
  • 6Եւ Իսրայէլի որդիքը Բերոթ-բանէ-յականից Մօսէրա չուեցին. այնտեղ մեռաւ Ահարօնը եւ թաղուեցաւ այնտեղ, եւ նորա որդի Եղիազարը նորա տեղը քահանայ եղաւ։
  • 7Այնտեղից չուեցին Գադգադ, եւ Գադգադից ջրի առուների երկիրը՝ Ետեբաթա։
  • 8Այն ժամանակ Եհովան Ղեւիի ցեղին ջոկեց, որ Եհովայի ուխտի տապանակը կրէ, Եհովայի առաջին կանգնելու համար, որ նորան ծառայութիւն անէ, եւ նորա անունովը օրհնէ մինչեւ այս օրը։
  • 9Այս պատճառով Ղեւին իր եղբայրների հետ բաժին ու ժառանգութիւն չ’ունեցաւ. Նորա ժառանգութիւնը Եհովան է, ինչպէս քո Եհովայ Աստուածը նորան ասեց։
  • 10Եւ ես առաջի օրերի պէս մնացի սարումը քառասուն օր եւ քառասուն գիշեր, եւ Եհովան ինձ լսեց այս անգամին էլ՝ չ’ուզեց քեզ կորցնել։
  • 11Եւ Եհովան ինձ ասեց. Վեր կաց եւ ժողովրդի առաջից չուիր, որ մտնեն եւ ժառանգեն այն երկիրը, որ նորանց հայրերին երդում արի նորանց տալու համար։
  • 12Եւ հիմա, ով Իսրայէլ, ի՞նչ է պահանջում քեզանից քո Եհովայ Աստուածը. Բայց միայն որ քո Եհովայ Աստուածանից վախենաս, նորա ամեն ճանապարհներումը գնաս եւ նորան սիրես, եւ պաշտես քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ,
  • 13Որ Եհովայի պատուիրանքները եւ կանոնները պահես, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ քեզ համար լաւ լինի։
  • 14Ահա քո Եհովայ Աստուծունն է երկինքը եւ երկնից երկինքը, երկիրը եւ բոլոր նորա միջի եղածը։
  • 15Միայն թէ Եհովան քո հայրերին հաւանեց, որ նորանց սիրէ, եւ ընտրեց նորանցից յետոյ ձեզ՝ նորանց զաւակները բոլոր ազգերիցը, ինչպէս որ այսօր է։
  • 16Ուրեմն ձեր սրտերի անթլփատութիւնը թլփատեցէք, եւ ձեր պարանոցները այլ եւս մի խստացնէք.
  • 17Որովհետեւ ձեր Եհովայ Աստուածը աստուածների Աստուածն է եւ տէրերի Տէրը, այն մեծ, հզօր եւ ահեղ Աստուածն է, որ աչառութիւն չի անիլ եւ կաշառք չի առնիլ.
  • 18Որ որբին եւ որբեւայրիին իրաւունք է անում, եւ պանդուխտին սիրում է՝ նորան հաց եւ հանդերձ տալով։
  • 19Ուրեմն պանդուխտին սիրեցէք. Ըստ որում դուք Եգիպտացիների երկրումը պանդուխտ էիք։
  • 20Քո Եհովայ Աստուածանից վախենաս, նորան պաշտես, եւ նորան յարես, եւ նորա անունովը երդում անես։
  • 21Քո պարծանքը նա է, եւ քո Աստուածը նա է, որ քեզ համար այս մեծ եւ սքանչելի բաներն արաւ, որոնք քո աչքերը տեսան։
  • 22Քո հայրերը եօթանասուն հոգիով Եգիպտոս իջան. Եւ հիմա քո Եհովայ Աստուածը քեզ երկնքի աստղերի պէս շատացրեց։
← Ցանկ