ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ3
  • 1Եւ դարձանք եւ վեր ելանք Բասանի ճանապարհովը, եւ Բասանի Ովգ թագաւորը դուրս եկաւ Եդրայի՝ ինքը եւ իր բոլոր ժողովուրդը՝ մեզ դէմ պատերազմելու։
  • 2Եւ Եհովան ինձ ասեց. Նորանից մի վախենար, որովհետեւ քո ձեռքն եմ յանձնել նորան եւ նորա բոլոր ժողովրդին եւ երկիրը. Եւ նորան կ’անես, ինչպէս որ արիր Եսեբոնում բնակող Ամօրհացիների Սեհոն թագաւորին։
  • 4Եւ նոյն ժամանակը նորա բոլոր քաղաքներն առանք. Քաղաք չ’մնաց, որ առած չ’լինէինք նորանցից. Վաթսուն քաղաք՝ այսինքն բոլոր Արգովբի գաւառը՝ Ովգի թագաւորութիւնը Բասանի մէջ։
  • 5Սորանց ամենն էլ բարձր պարիսպներով, դռներով եւ դռնափակերով ամրացած քաղաքներ էին, բացի անպարիսպ քաղաքներից, որ խիստ շատ էին։
  • 6Եւ նորանց բնաջինջ արինք, ինչպէս որ Եսեբոնի Սեհոն թագաւորին արինք, ամեն քաղաքներում մարդկանցը, կանանց ու տղերանցը փչացնելով.
  • 7Սակայն բոլոր անասուններն ու քաղաքների աւարները մեզ համար առանք։
  • 8Եւ այն ժամանակը Յորդանանի այն կողմում Ամօրհացիների երկու թագաւորների ձեռքիցն առանք երկիրը՝ Առնոն ձորիցը մինչեւ Հերմոն սարը։
  • 9(Սիդոնացիները Հերմոնին Սարիօն էին կոչում, բայց, Ամօրհացիները նորան Սանիր էին կոչում.)
  • 10Բոլոր դաշտի քաղաքները՝ բոլոր Գաղաադը եւ բոլոր Բասանը մինչեւ Սելքա եւ Եդրայի, Բասանում եղած Ովգի թագաւորութեան քաղաքները։
  • 11Որովհետեւ հսկաների մնացորդից միայն Բասանի Ովգ թագաւորն էր մնացել. Ահա նորա մահիճը՝ երկաթի մահիճ է. Ահա նա Ամմոնի որդկանց Ռափայումն է. Երկայնութիւնը ինքը կանգուն է, եւ լայնութիւնը չորս կանգուն է մարդի կանգունով։
  • 12Եւ նոյն ժամանակը այս երկիրը առանք՝ Առնոն ձորի վերայ եղող Արոերից մինչեւ Գաղաադ սարի կէսը. Եւ նորա քաղաքները Ռուբէնեաններին եւ Գադեաններին տուի։
  • 13Եւ Գաղաադի մնացորդը եւ բոլոր Բասանն՝ Ովգի թագաւորութիւնը Մանասէի կէս ցեղին տուի, Արգովբի բոլոր գաւառը բոլոր Բասանի հետ, որ հսկաների երկիր էր կոչվում։
  • 14Մանասեան Յայիրը առաւ Արգովբի բոլոր գաւառը մինչեւ Գեսուրացիների եւ Մաքաթացիների սահմանը, եւ նորանց իր անունովը մինչեւ այսօր Բասան-հաւօթ-յայիր կոչեց։
  • 15Եւ Գաղաադը Մաքիրին տուի։
  • 16Եւ Ռուբէնեաններին եւ Գադեաններին տուի Գաղաադից մինչեւ Առնոն ձորը, ձորի մէջտեղը եւ սահմանը եւ մինչեւ Յաբոկ ձորը, որ Ամմոնի որդկանց սահմանն է,
  • 17Նաեւ դաշտը եւ Յորդանանը եւ սահմանը Քեներեթից մինչեւ դաշտի ծովը, այսինքն մինչեւ Աղի ծովը, Ասեդովթ-փասգայի տակ արեւելեան կողմում։
  • 18Եւ այն ժամանակը ձեզ պատուիրեցի եւ ասեցի. Ձեր Եհովայ Աստուածը այս երկիրը ձեզ տուաւ իբրեւ ժառանգութիւն. Պատրաստուած ձեր եղբայրներ Իսրայէլի որդկանց առաջը գնացէք, ով բոլոր քաջերդ.
  • 19բայց ձեր կանայքը, ձեր որդիները եւ ձեր անասունները, (գիտեմ որ ձեր անասունները շատ են) թող մնան ձեր քաղաքներումը, որոնք ես ձեզ տուի,
  • 20Մինչեւ որ Եհովան ձեր եղբայրներին էլ ձեզ պէս հանգստացնէ, եւ մինչեւ որ նորանք էլ ժառանգեն այն երկիրը՝ որ ձեր Եհովայ Աստուածը Յորդանանի այն կողմում նորանց կ’տայ. Եւ յետոյ ձեր ամեն մէկը դառնայ իր ժառանգութեանը՝ որ ես ձեզ տուի։
  • 21Այն ժամանակ Յեսուին պատուիրեցի ասելով. Աչքերդ տեսան ինչ որ ձեր Եհովայ Աստուածը այս երկու թագաւորներին արաւ. Այնպէս էլ անելու է Եհովան այն ամեն թագաւորութիւններին, որոնցով դու պիտի անցնես.
  • 22Նորանցից չ’վախենաք. Որովհետեւ ձեր Եհովայ Աստուածը ինքը կ’պատերազմէ ձեզ համար։
  • 23Եւ ես այն ժամանակ Եհովային աղաչեցի եւ ասեցի.
  • 24Ով Տէր Եհովայ, դու սկսեցիր քո մեծութիւնը եւ քո զօրաւոր ձեռքը քո ծառային ցոյց տալու. Որովհետեւ երկնքի մէջ կամ երկրիս վերայ ո՞վ է այն աստուածը, որ քո գործքերի եւ քո զօրութեան պէս անէ.
  • 25Աղաչում եմ՝ թող անցնեմ, եւ Յորդանանի այն կողմի բարի երկիրը, այն բարի սարը եւ Լիբանանը տեսնեմ։
  • 26Բայց Եհովան բարկացաւ ինձ վերայ ձեր պատճառովը եւ ինձ չ’լսեց. Եւ Եհովան ինձ ասեց. Հերիք է քեզ. Այլ եւս այդ բանը ինձ չ’ասես.
  • 27Վեր ելիր Փասգայի գագաթը, եւ աչքերդ բարձրացրու դէպի արեւմուտք, հիւսիս, հարաւ եւ արեւելք, եւ քո աչքերովը տես. Որովհետեւ դու այս Յորդանանից չ’պիտի անց կենաս.
  • 28Եւ Յեսուին պատուիրիր եւ նորան զօրացրու, եւ նորան սիրտ տուր. Որովհետեւ նա կ’անցնէ այս ժողովրդի առաջը եւ կ’ժառանգեցնէ նորանց այն երկիրը որ տեսնում ես։
  • 29Եւ մենք հովիտի մէջ Բեթփեգովրի դէմ նստեցինք։
← Ցանկ