ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ5
  • 1Եւ Մովսէսը կանչեց բոլոր Իսրայէլին եւ նորանց ասեց. Լսիր, ով Իսրայէլ, այս կանոնները եւ դատաստանները, որոնք ես այսօր ձեր ականջներին ասում եմ. Սովորեցէք նորանք եւ զգուշութեամբ գործադրեցէք։
  • 2Մեր Եհովայ Աստուածը Քորեբի վերայ մեզ հետ ուխտ արաւ։
  • 3Եհովան այս ուխտը մեր հայրերի հետ չ’արաւ, այլ մեզ հետ, որոնք ամենքս այսօր այստեղ ողջ ենք։
  • 4Դէմ առ դէմ խօսեց Եհովան ձեզ հետ սարումը կրակի միջիցը.
  • 5(Ես այն ժամանակ Եհովայի եւ ձեր մէջը կանգնած էի, որ Եհովայի խօսքերը ձեզ պատմեմ. Որովհետեւ դուք կրակիցը վախենալով վեր չ’ելաք սարը) եւ ասեց.
  • 6Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը՝ ծառայութեան տանիցը հանեցի։
  • 7Ուրիշ Աստուածներ չ’ունենաս իմ առաջին։
  • 8Քեզ համար կուռք չ’շինես, ոչ մի բանի նմանութիւն՝ վերեւում երկնքի մէջ՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերի մէջ.
  • 9Երկրպագութիւն չ’անես նորանց, եւ նորանց չ’պաշտես. Որովհետեւ Ես քո Եհովայ Աստուածը՝ նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդկանց վերայ՝ մինչեւ նորանց երրորդ եւ չորրորդ ազգը՝ որ ատում են ինձ.
  • 10Եւ ողորմութիւն կ’անեմ նորանց մինչեւ հազար ազգը՝ որ սիրում են ինձ եւ պահում են իմ պատուիրանքները։
  • 11Քո Եհովայ Աստուծոյ անունը զուր տեղը չ’յիշես, որովհետեւ Եհովան անպատիժ չի թողիլ իր անունը զուր տեղը յիշողին։
  • 12Զգուշացիր հանգստութեան օրը սուրբ պահել, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց։
  • 13Վեց օր աշխատես եւ բոլոր գործքդ անես.
  • 14Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օրն է. Ոչ մի գործ չ’գործես, ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան, ոչ քո աղախինը, ոչ քո եզը, ոչ քո էշը, եւ ոչ քո ամեն անասունը, եւ ոչ քո տան եղած օտարականը, որ քո ծառան եւ աղախինն էլ քեզ պէս հանգստանայ։
  • 15Եւ յիշիր որ դու ծառայ էիր Եգիպտոսի երկրումը, եւ քո Եհովայ Աստուածը զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով քեզ հանեց այնտեղից. Նորա համար քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց որ հանգստութեան օրը պահես։
  • 16Պատուիր քո հօրը եւ քո մօրը, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց, որ քո օրերը երկար լինեն, եւ քեզ համար բարի լինի այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ տալիս է։
  • 17Մի սպանիր։
  • 18Եւ մի շնանար։
  • 19Եւ մի գողանար։
  • 20Եւ քո դրացիի դէմ սուտ մի վկայիր։
  • 21Եւ քո դրացիի կնկան մի ցանկանար։ Եւ մի ցանկանար քո դրացիի տանը՝ ոչ նորա արտին՝ ոչ նորա ծառային՝ ոչ նորա աղախնին՝ ոչ նորա եզին՝ կամ նորա էշին՝ եւ քո դրացիի ոչ մէկ բանին։
  • 22Եհովան այս խօսքերը խօսեց այն սարի վերայ, կրակի, ամպի եւ մառախուղի միջիցը բարձր ձայնով ձեր բոլոր ժողովքի հետ, եւ ոչինչ չ’աւելացրեց. Եւ երկու հատ քարի տախտակների վերայ գրեց նորանք, եւ ինձ տուաւ։
  • 23Եւ եղաւ երբոր լսեցիք այն ձայնը խաւարի միջիցը, սարը կրակով վառուած ժամանակը, ինձ մօտ եկաք դուք, այսինքն ձեր ցեղերի բոլոր գլխաւորները եւ ձեր ծերերը, եւ ասեցիք.
  • 24Ահա մեր Եհովայ Աստուածը մեզ ցոյց է տալիս իր փառքը եւ մեծութիւնը, եւ նորա ձայնը լսում ենք կրակի միջիցը. Այս օրը տեսանք որ Աստուած մարդի հետ խօսեց, եւ մարդը ողջ մնաց։
  • 25Եւ հիմա ի՞նչու մեռնենք. (որովհետեւ այս մեծ կրակը մեզ սպառելու է.) եթէ մենք մեր Եհովայ Աստուծոյ ձայնը կրկին լսելու լինենք կ’մեռնենք։
  • 26Որովհետեւ ամեն մարմնից ո՞վ է նա որ կրակի միջից խօսող կենդանի Աստուծոյ ձայնը մեզ պէս լսեց եւ ողջ մնաց։
  • 27Դու մօտ գնա եւ լսիր ամենը ինչ որ մեր Եհովայ Աստուածն ասում է, եւ դու ասիր մեզ ինչ որ մեր Եհովայ Աստուածը քեզ հետ խօսէ, մենք կ’լսենք եւ կ’կատարենք։
  • 28Եւ Եհովան ձեր խօսքերի ձայնը լսեց, երբոր դուք ինձ հետ խօսում էիք, եւ Եհովան ինձ ասեց. Այս ժողովրդի քեզ ասած խօսքերի ձայնը լսեցի. նորանց ամեն ասածը լաւ է։
  • 29Երանի թէ նորանց սիրտն էլ այնպէս լինէր, որ ինձանից վախենալով իմ բոլոր պատուիրանքները պահէին ամեն ժամանակ, որպէս զի իրանց համար բարի լինէր եւ իրանց որդկանցն էլ՝ յաւիտեան։
  • 30Գնա նորանց ասիր. Ետ դառէք դուք ձեր վրանները։
  • 31Բայց դու այստեղ ինձ հետ կանգնիր, եւ ասեմ քեզ բոլոր պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները, որ պիտի սովորեցնես նորանց, որ կատարեն այն երկրում՝ որ ես նորանց տալիս եմ ժառանգութեան համար։
  • 32Եւ զգոյշ եղէք որ անէք ինչպէս որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրել է, եւ աջ կամ ձախ չ’խոտորուէք։
← Ցանկ