ԾՆՆԴՈՑ23
  • 1Եւ Սարրայի կեանքը հարիւր քսանեւեօթը տարի էր. Սա է Սարրայի կենացը տարիքը։
  • 2Եւ Սարրան մեռաւ Կարիաթարբայումը, որ է Քեբրոն՝ Քանանի երկրումը. Եւ Աբրահամն եկաւ որ Սարրայի համար սուգ անէ եւ ողբայ։
  • 4Ես ձեր մէջ օտարական եւ պանդուխտ եմ, ձեր մէջ ինձ գերեզմանի ստացուածք տուէք, որ իմ երեսի առաջից մեռելս թաղեմ։
  • 5Եւ Քետի որդիքը պատասխանեցին Աբրահամին, եւ նորան ասեցին.
  • 6Տէր իմ, լսիր մեզ, դու մեր մէջ մի իշխան Աստուծոյ ես. Մեր գերեզմանների ընտիրումը թաղիր քո մեռելը. Մեզանից մէկը չի խնայիլ իր գերեզմանը քեզանից քո մեռելը թաղելու։
  • 7Եւ Աբրահամը վեր կացաւ, եւ խոնարհութիւն արաւ այն երկրի ժողովուրդին՝ Քետի որդիներին.
  • 8Եւ նորանց հետ խօսեց ասելով, Եթէ ձեր մտքումը կայ, որ ես իմ երեսի առաջից մեռելս թաղեմ, ինձ լսեցէք, եւ ինձ համար Սահառի որդի Եփրոնի հետ խօսեցէք,
  • 9Որ ինձ տայ Մաքփելայի այրը, որ նորանն է, եւ նորա արտի ծայրումն է. Լիքը գինով ինձ տայ, որ գերեզմանի ստացուածք ունենամ ձեր մէջ։
  • 10Եւ Եփրոնը նստել էր Քետի որդկանց մէջ։ Եւ Քետացի Եփրոնը պատասխանեց Աբրահամին Քետի որդկանց ականջի առաջին՝ այն ամենքի առաջին որ դռնովը մտնում էին, եւ ասեց.
  • 11Ոչ, տէր իմ, ինձ լսիր. Արտը քեզ տուի եւ այրն էլ, որ նորանում է, քեզ տուի այն, իմ ժողովուրդի որդոց աչքի առաջին քեզ տուի այն. Թաղիր քո մեռելը։
  • 12Եւ Աբրահամն այն երկրի ժողովրդի առաջին խոնարհութիւն արաւ.
  • 13Եւ Եփրոնի հետ խօսեց այն երկրի ժողովրդի ականջի առաջին եւ ասեց. Ո՛հ եթէ դու մէկ ինձ լսէիր. Ես արտի փողը տամ. Առ ինձանից, եւ ես մեռելս այնտեղ թաղեմ։
  • 14Եւ Եփրոնը պատասխանեց Աբրահամին եւ նորան ասեց.
  • 15Տէր իմ, ինձ լսիր. Տափը չորս հարիւր սիկղ արծաթ է. Իմ ու քո մէջ դա ի՞նչ է. Ուրեմն թաղիր քո մեռելը։
  • 16Եւ Աբրահամը լսեց Եփրոնին, եւ Աբրահամը կշռեց արծաթը Եփրոնին տուաւ, ինչպէս նա Քետի որդկանց առաջին խօսել էր, այսինքն չորս հարիւր սիկղ արծաթ՝ վաճառականների մէջ անցնող։
  • 17Եւ հաստատուեցաւ Եփրոնի արտը, որ Մաքփելայումը Մամբրէի դիմացն է, արտը եւ այն այրը, որ նորանում է, եւ շուրջանակի նորա սահմանների մէջ եղած արտի միջի բոլոր ծառերը
  • 18Աբրահամի վերայ իբրեւ ստացուածք Քետի որդկանց աչքի առաջին, այն ամենի առաջին, որ նորա քաղաքի դռնովը մտնում են։
  • 19Եւ սորանից յետոյ Աբրահամն իր կին Սարրային թաղեց Մամբրէի դիմացի Մաքփելայի արտի այրումը, որ է Քեբրոն՝ Քանանի երկրումը։
  • 20Եւ հաստատուեցաւ արտը եւ այրը, որ նորանում էր, Աբրահամի վերայ, որ գերեզմանի ստացուածք լինի, Քետի որդիներից։
← Ցանկ