ԾՆՆԴՈՑ25
  • 1Եւ Աբրահամը դարձեալ կին առաւ, եւ նորա անունը Քետուրա էր։
  • 2Եւ նա Զեմրանին եւ Յեկսանին եւ Մադանին եւ Մադիանին եւ Յեսբոնին եւ Սովէին ծնեց նորա համար։
  • 3Եւ Յեկսանը ծնեց Սաբային եւ Դեդանին. Եւ Դեդանի որդիքն էին Ասուրիմ եւ Լատուսիմ եւ Լովոմիմ։
  • 5Եւ Աբրահամն իր բոլոր ունեցածը տուաւ Իսահակին.
  • 6Բայց Աբրահամի հարճերի որդկանցը Աբրահամը պարգեւներ տուաւ, եւ նորանց իր որդի Իսահակի մօտիցը՝ քանի որ տակաւին կենդանի էր՝ դէպի արեւելք արեւելեան երկիրը արձակեց։
  • 7Եւ սա է Աբրահամի կենաց տարիների օրերը, որ ինքը ապրեց, հարիւր եօթանասնեւհինգ տարի։
  • 8Եւ Աբրահամը լաւ ծերութեամբ ալեւորած եւ իր օրերիցը կշտացած աւանդեց իր հոգին եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ։
  • 9Եւ իր որդիքը Իսահակը եւ Իսմայէլը թաղեցին նորան Մաքփելայի այրումը, որ Քետացի Սահառի որդի Եփրոնի արտումը Մամբրէի դիմացն է.
  • 10Այն արտը որ Աբրահամը Քետի որդիներիցը ծախու առել էր. այն տեղ թաղուեցաւ Աբրահամը եւ իր կինը Սարրան։
  • 11Եւ եղաւ որ Աբրահամի մեռնելուց յետոյ Աստուած օրհնեց նորա որդի Իսահակը. Եւ Իսահակը Լահայ-րօյի ջրհորի մօտ էր բնակվում։
  • 12Եւ սորանք են Աբրահամի որդի Իսմայէլի ծնունդքը, որին Սարրայի Եգիպտացի աղախին Հագարը ծնեց Աբրահամի համար։
  • 13Եւ Իսմայէլի որդկանց անունները սորանք են իրանց անուններովը եւ իրանց ծնունդներովը. Իսմայէլի անդրանիկը Նաբէօթ, յետոյ Կեդար եւ Ադբեէլ եւ Մաբսամ,
  • 14Եւ Մասմա եւ Դումա եւ Մասսէ,
  • 15Քոդադ եւ Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա։
  • 16Սորանք են Իսմայէլի որդիքը. Եւ սորանք են նորանց անուններն իրանց վրաններովը եւ իրանց գեղերովը՝ տասներկու իշխաններ էին իրանց ազգերի համեմատ։
  • 17Եւ սա է Իսմայէլի կենաց օրերը՝ հարիւր երեսունեւեօթը տարի. Եւ իր հոգին աւանդեց եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ։
  • 18Եւ Իսմայելացիք բնակուեցին Եւիլայից մինչեւ Սուր, որ Եգիպտոսի դիմացը Ասորեստան գնալու ճանապարհի վերայ է. բոլոր իր եղբայրների առջեւ բնակուեց։
  • 19Եւ Աբրահամի որդի Իսահակի ծնունդները սորանք են. Աբրահամը ծնեց Իսահակին։
  • 20Եւ Իսահակը քառասուն տարեկան էր, երբոր Միջագետից Ասորի Բաթուէլի աղջիկ՝ Ասորի Լաբանի քոյր Ռեբեկային իրան կին առաւ։
  • 21Եւ Իսահակն աղաչեց Եհովային իր կնոջ համար որ ամուլ էր. Եւ Եհովան լսեց նորա աղաչանքը. Եւ նորա կինը Ռեբեկան յղացաւ։
  • 22Եւ տղերքը խաղում էին նորա արգանդումը. Եւ նա ասեց. Եթէ այսպէս է, ինչո՞ւ եղաւ ինձ այս. Եւ գնաց Եհովային հարցնելու։
  • 23Եւ Եհովան ասեց նորան. Երկու ազգեր կան արգանդիդ մէջ, եւ երկու ժողովուրդներ կ’բաժանուին քո որովայնից. Եւ ժողովրդի մէկը միւսից զօրաւոր կ’լինի, եւ մեծը կ’ծառայէ փոքրին։
  • 24Եւ երբոր նորա օրերը լրացան որ ծնէր, եւ ահա երկուորեակ էին նորա արգանդումը։
  • 25Եւ առաջինը ելաւ կարմրագոյն, բոլոր մարմինը մազոտ վերարկուի պէս էր. Եւ նորա անունը Եսաւ դրին,
  • 26Եւ նորանից յետոյ ելաւ նորա եղբայրը, եւ նորա ձեռքը բռնել էր Եսաւի գարշապարիցը, եւ նորա անունը Յակոբ դրին. Եւ Իսահակը վաթսուն տարեկան էր նորանց ծնելու ժամանակը։
  • 27Եւ մանուկները մեծացան. Եւ Եսաւը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղաւ. Իսկ Յակոբը համեստ մարդ էր և բնակվում էր վրանների մէջ։
  • 28Եւ Իսահակը սիրում էր Եսաւին, որովհետեւ որս էր ուտում. բայց Ռեբեկան Յակոբին էր սիրում։
  • 29Մի օր Յակոբը թան էր եփում. Եսաւը դաշտից եկաւ եւ սոված թուլացած էր։
  • 30Եւ Եսաւը ասեց Յակոբին. Խնդրեմ՝ այդ շիկաթանիցը թող տուր ուտեմ. Որովհետեւ ես թուլացել եմ. Սորա համար անունը Եդովմ կոչուեցաւ։
  • 31Եւ Յակոբն ասեց. Ծախիր ինձ վերայ այս օր քո անդրանկութիւնը։
  • 32Եւ Եսաւն ասեց. Ահա ես գնալով մեռնելու եմ, եւ ի՞նչ եւ ի՞նչ պէտք է ինձ անդրանկութիւն։
  • 33Եւ Յակոբն ասեց. Այս օր ինձ երդում արա. Եւ նա երդում արաւ նորան, եւ իր անդրանկութիւնը ծախեց Յակոբին։
  • 34Եւ Յակոբն Եսաւին հաց եւ ոսպի թան տուաւ, եւ նա կերաւ եւ խմեց, եւ վեր կացաւ եւ գնաց. Եւ Եսաւն անարգեց անդրանկութիւնը։
← Ցանկ