ԾՆՆԴՈՑ29
  • 1Եւ Յակոբը ճանապարհ ընկաւ եւ գնաց արեւելքի որդկանց երկիրը.
  • 3Եւ բոլոր հօտերը այնտեղ էին ժողովում. Եւ հորի բերանիցը քարը գլորում էին, եւ հօտերին խմեցնում, եւ քարը դարձեալ իր տեղը հորի բերանին էին դնում։
  • 4Եւ Յակոբն ասեց նորանց. Եղբայրներս, ո՞րտեղից էք դուք. Եւ նորանք ասեցին. Մենք Խառանիցն ենք։
  • 5Եւ նա ասեց նորանց. Նաքովրի որդի Լաբանին ճանաչո՞ւմ էք. Եւ նորանք ասեցին՝ Ճանաչում ենք։
  • 6Եւ նա ասեց նորանց. Առո՞ղջ է. Եւ նորանք ասեցին, Առողջ է, եւ ահա նորա աղջիկ Ռաքէլը ոչխարների հետ գալիս է։
  • 7Եւ նա ասեց. Ահա տակաւին օր շատ կայ եւ ժամանակ չէ հօտերը ժողովելու, ոչխարներին խմեցրէք, եւ գնացէք արածեցրէք։
  • 8Եւ նորանք ասեցին. Չենք կարող, մինչեւ որ բոլոր հօտերը մէկտեղ չ’ժողովուին. Այն ժամանակ հորի բերանից քարը կ’գլորեն, եւ ոչխարներին կ’խմեցնենք։
  • 9Եւ երբոր տակաւին նորանց հետ խօսում էր, Ռաքէլն եկաւ իր հօր ոչխարների հետ. Որովհետեւ նա էր նորանց հովիւը։
  • 10Եւ եղաւ երբոր Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի աղջիկ Ռաքէլին, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Յակոբը մօտեցաւ, եւ քարը հորի բերանիցը գլորեց, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարներին խմեցրեց։
  • 11Եւ Յակոբը համբուրեց Ռաքէլին, եւ ձայնը բարձրացրեց լաց եղաւ։
  • 12Եւ Յակոբը պատմեց Ռաքէլին, թէ ինքը նորա հօր ազգական եւ Ռեբեկայի որդին է. Նա էլ վազեց եւ իր հօրը պատմեց։
  • 13Եւ երբոր Լաբանն իր քրոջ որդի Յակոբին համբաւը լսեց, նորան դիմաւորելու վազեց, եւ գրկեց եւ համբուրեց նորան, եւ իր տունը տարաւ, եւ նա պատմեց Լաբանին բոլոր այս բաները։
  • 14Եւ Լաբանն ասեց նորան. Իրաւի դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես. Եւ նա նորա հետ մի ամբողջ ամիս մնաց։
  • 15Եւ Լաբանն ասեց Յակոբին. Մի՞թէ դու, որ իմ եղբայրն ես, պիտի ինձ ձրի՞ ծառայես. Ասիր ինձ՝ ի՞նչ է քո վարձքը։
  • 16Եւ Լաբանն երկու աղջիկ ունէր. Մեծի անունը Լիա եւ փոքրի անունը Ռաքէլ։
  • 17Եւ Լիայի աչքերը տկար էին, բայց Ռաքէլը գեղեցիկ էր տեսքով եւ գեղեցիկ դէմքով։
  • 18Եւ Յակոբը սիրեց Ռաքէլին եւ ասեց. Քո փոքր աղջիկ Ռաքէլի համար եօթը տարի քեզ ծառայեմ։
  • 19Եւ Լաբանն ասեց. Աւելի լաւ է որ ես նորան քեզ տամ քան թէ նորան ուրիշ մարդի տամ։ Բնակուիր ինձ հետ։
  • 20Եւ Յակոբը Ռաքէլի համար եօթը տարի ծառայեց. Եւ նորա աչքին մի քանի օրերի պէս էր՝ նորան սիրելու պատճառով։
  • 21Եւ Յակոբն ասեց Լաբանին. Կինս տուր, որովհետեւ օրերս լրացել են, որ ես մտնեմ նորա մօտ։
  • 22Եւ Լաբանն այն տեղի բոլոր մարդկանցը ժողովեց եւ խնջոյք արաւ։
  • 23Եւ եղաւ որ իրիկունը նա իր Լիա աղջիկն առաւ եւ նորա մօտ բերաւ. Եւ նա նորա մօտ մտաւ։
  • 24Եւ Լաբանն իր աղախին Զեղփան իր աղջիկ Լիային աղախին տուաւ։
  • 25Եւ եղաւ առաւօտանց, եւ ահա նա Լիան էր. Եւ Յակոբը Լաբանին ասեց. Ի՞նչ է սա որ դու ինձ արել ես. Մի՞թէ ես քեզ Ռաքէլի համար չեմ ծառայել. Ապա ինչո՞ւ համար ինձ խաբեցիր։
  • 26Եւ Լաբանն ասեց. Մեր երկրումն այսպէս չեն անիլ, որ փոքրը մեծից առաջ տան։
  • 27Լրացրու այս եօթնեակը, եւ ես սորան էլ կ’տամ քեզ այն ծառայութեան համար որ ինձ ծառայես ուրիշ եօթը տարի էլ։
  • 28Եւ Յակոբն այնպէս արաւ, եւ այն եօթնեակն էլ լրացրեց, եւ Լաբանն իր Ռաքէլ աղջիկը նորան կին տուաւ։
  • 29Եւ Լաբանն իր աղախին Բաղղան իր աղջիկ Ռաքէլին աղախին տուաւ։
  • 30Եւ նա Ռաքէլի մօտ էլ մտաւ, եւ Ռաքէլին Լիայիցն աւելի սիրեց. Եւ Լաբանին եօթը տարի էլ ծառայեց։
  • 31Եւ երբոր Եհովան տեսաւ որ Լիան ատվում է, նորա արգանդը բացաւ. Բայց Ռաքէլը ամուլ էր։
  • 32Եւ Լիան յղացաւ, եւ մի որդի ծնեց, եւ նորա անունը Ռուբէն դրաւ. Որովհետեւ ասեց. Եհովան իմ տառապանքին նայեց, ուրեմն հիմա իմ մարդն ինձ կ’սիրէ։
  • 33Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. Որովհետեւ Եհովան լսեց որ ես ատվում եմ, նորա համար ինձ այս որդին էլ տուաւ. Եւ նորա անունը Շմաւոն դրաւ։
  • 34Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց եւ ասեց. Հիմա այս անգամ իմ մարդն ինձ հետ կ’միաւորուի. Որովհետեւ երեք որդի ծնեցի նորա համար. Այս պատճառով նորա անունը Ղեւի դրաւ։
  • 35Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. Այս անգամ պիտի գոհանամ Եհովայից. Նորա համար նորա անունը Յուդա դրաւ. Եւ ծնելուց դադարեց։
← Ցանկ