ԾՆՆԴՈՑ31
  • 1Եւ Յակոբը լսեց Լաբանի որդկանց խօսքերը, որ ասում էին. Յակոբը մեր հօր բոլոր ունեցածն առաւ, եւ այս բոլոր փառքը մեր հօր ստացուածքիցն ստացաւ.
  • 2Եւ Յակոբը Լաբանի երեսին մտիկ տուաւ, եւ ահա նորան հետ երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս չէր։
  • 3Եւ Եհովան ասեց Յակոբին. դարձիր քո հայրենիքը եւ քո ծննդեան երկիրը, եւ ես քեզ հետ կ’լինիմ։
  • 4Եւ Յակոբը մարդ ուղարկեց, եւ կանչեց Ռաքէլը եւ Լիան դաշտը իր հօտերի մօտ.
  • 5Եւ ասեց նորանց. Ես ձեր հօր երեսը տեսնում եմ, որ ինձ դէմ երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս չէ. Բայց իմ հօր Աստուածն ինձ հետ է։
  • 6Եւ դուք գիտէք, որ ես իմ բոլոր զօրութեամբը ծառայեցի ձեր հօրը.
  • 7Իսկ ձեր հայրն ինձ խաբեց, եւ իմ վարձքը տասը անգամ փոխեց. Բայց Աստուած նորան թոյլ չ’տուաւ ինձ վնասելու։
  • 8Որովհետեւ եթէ նա այսպէս էր ասում, թէ Քո վարձքը պիսակները լինին, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակ էին ծնում. Եւ եթէ այսպէս էր ասում, թէ Քո վարձքը բիծաւորները լինին, այն ժամանակ բոլոր ոչխարները բիծաւոր էին ծնում։
  • 9Այսպէս Աստուած ձեր հօր հօտերն առաւ եւ ինձ տուաւ.
  • 10Եւ եղաւ որ հօտերի տաքացած ժամանակ, աչքերս բարձրացրի եւ երազում տեսայ, եւ ահա հօտերի հետ զուգաւորուող խոյերը բիծաւոր խայտախարիւ, եւ գորշախայտ էին։
  • 11Եւ Աստուծոյ հրեշտակն ասեց ինձ երազի մէջ. Յակոբ. Եւ ես ասեցի. Ահա ես։
  • 12Եւ նա ասեց. Աչքերդ բարձրացրու, եւ հօտերի հետ զուգաւորուող խոյերին նայիր. Բիծաւոր, խայտախարիւ եւ գորշագոյն են. Որովհետեւ տեսայ բոլորն ինչ որ քեզ արաւ Լաբանը։
  • 13Ես եմ Բեթէլի Աստուածը, որ այնտեղ արձան օծեցիր, եւ ինձ այնտեղ ուխտ արիր. Հիմա վեր կաց գնա այս երկրիցը, եւ քո ծննդեան երկիրը դարձիր։
  • 14Եւ Ռաքէլն ու Լիան պատասխանեցին եւ ասեցին նորան. Տակաւին մեր հօր տանը մեզ համար բաժին եւ ժառանգութիւն կա՞յ։
  • 15Մի՞թէ մենք օտարականներ չ’համարուեցա՞նք նորա համար. Որովհետեւ մեզ ծախեց, եւ մեր փողն էլ կերաւ.
  • 16Սորա համար այն բոլոր հարստութիւնը որ Աստուած մեր հօրիցն առաւ, մերն է եւ մեր զաւակներինն է. Եւ հիմա ինչ որ Աստուած քեզ ասել է, արա։
  • 17Եւ Յակոբը վեր կացաւ եւ իր որդիներն ու կնիկները ուղտերի վերայ հեծցրեց,
  • 18Եւ քշեց իր բոլոր անասուններն ու իր բոլոր ստացուածքը որ ստացաւ, իր ստացած անասունները որ Փադան-արամումը (Միջագետումն) ստացաւ, դէպի իր Իսահակ հօրը գնալու՝ Քանանի երկիրը։
  • 19Եւ Լաբանը գնացել էր իր խաշինքը ասրակտուր անելու. Եւ Ռաքէլն իր հօր թերափիմները գողացաւ։
  • 20Եւ Յակոբն Ասորի Լաբանից ծածուկ փախաւ. Որովհետեւ նորան չիմացրեց թէ փախչում է։
  • 21Այսպէս փախաւ նա եւ իր բոլոր ունեցածը, եւ վեր կացաւ ու Գետիցն անցաւ. Եւ իր երեսը դէպի Գաղաադ սարը դարձրեց։
  • 22Եւ երրորդ օրը Լաբանին պատմուեցաւ, թէ Յակոբը փախել է։
  • 23Եւ նա իր եղբայրներին հետ առաւ, եւ նորա ետեւից եօթը օրուայ ճանապարհ գնաց, եւ նորան հասաւ Գաղաադ սարումը։
  • 24Եւ Աստուած գիշերուայ երազում Ասորի Լաբանի մօտ եկաւ եւ ասեց նորան. Զգուշացիր որ Յակոբի հետ ոչ լաւ եւ ոչ վատ չ’խօսես։
  • 25Եւ Լաբանը հասաւ Յակոբին. Եւ Յակոբն իր վրանը բացել էր սարումը. Եւ Լաբանն իր եղբայրների հետ Գաղաադ սարումը բացաւ։
  • 26Եւ Լաբանն ասեց Յակոբին. Սա ի՞նչ արիր որ ինձանից ծածուկ փախիր, եւ իմ աղջիկները որով գերի առուածների պէս քշեցիր։
  • 27Ինչո՞ւ թաքցրիր եւ ինձանից ծածուկ փախիր, եւ ինձ չիմացրիր, որ ես քեզ ճանապարհ դնէի ուրախութեամբ եւ երգերով, թմբուկներով եւ քնարներով։
  • 28Եւ թոյլ չ’տուիր ինձ, որ որդիներս ու աղջիկներս համբուրէի. Հիմա յիմարութիւն արիր։
  • 29Իմ ձեռքն ոյժ ունի ձեզ չարիք անելու. Բայց ձեր հօր Աստուածը երէկ գիշեր ինձ հետ խօսեց ասելով. Զգուշացիր որ Յակոբի հետ ոչ լաւ ոչ վատ չ’խօսես։
  • 30Եւ հիմա գնալը գնում ես՝ ըստ որում քո հօր տանը փափաքելով փափաքեցիր. Բայց ինչո՞ւ համար գողացիր իմ աստուածները։
  • 31Եւ Յակոբը պատասխանեց եւ ասեց Լաբանին. Նորա համար որ վախեցի, որովհետեւ ասեցի. Մի գուցէ յափշտակես քո աղջիկներն ինձանից։
  • 32Բայց քո աստուածները որի մօտ որ գտնես, թող նա չապրի. Մեր եղբայրների առաջին պտրտիր. Ինչ որ ինձ մօտ լինի՝ առ քեզ համար. Որովհետեւ Յակոբը չ’գիտէր որ Ռաքէլը գողացել էր նորանց։
  • 33Եւ Լաբանը մտաւ Յակոբի վրանը եւ Լիայի վրանը եւ երկու աղախինների վրանը, բայց չ’գտաւ, եւ Լիայի վրանից դուրս եկաւ եւ Ռաքէլի վրանը մտաւ։
  • 34Եւ Ռաքէլն առաւ կուռքերը եւ նորանց դրաւ ուղտի պատատումը, եւ վերան նստեց. Եւ Լաբանը բոլոր վրանը պտրտեց, բայց չ’գտաւ։
  • 35Եւ նա իր հօրն ասեց. Թող իմ տէրը չ’բարկանայ, որ չեմ կարող վեր կենալ քո առաջին, որովհետեւ կանանց սովորութեան մէջ եմ։ Եւ նա պտրտեց, բայց կուռքերը չ’գտաւ։
  • 36Եւ Յակոբը բարկացաւ եւ վիճում էր Լաբանի հետ. Եւ Յակոբը պատասխանեց եւ ասեց Լաբանին. Ի՞նչ է իմ յանցանքը, ի՞նչ է իմ մեղքը, որ ետեւիցս ընկար։
  • 37Որ իմ բոլոր կարասիքը խառնեցիր. Ի՞նչ գտար քո տան ամեն կարասիքիցը. Այստեղ դիր իմ եղբայրների եւ քո եղբայրների առաջին, եւ թող նորանք դատեն մեր երկուսի մէջ։
  • 38Ահա քսան տարի է, որ քեզ հետ եմ. Ոչխարներդ ու այծերդ ձագ չ’վիժեցին. Եւ քո հօտի խոյերը չ’կերայ.
  • 39Գազանից պատառուածը չ’բերի քեզ մօտ. Ես էի քաշում վնասը. Ցերեկը գողացուածը եւ գիշերը գողացուածը իմ ձեռքիցն էիր պահանջում։
  • 40Այսպէս էի. Ցերեկով տաքը եւ գիշերով ցուրտն էր մաշեցնում ինձ, եւ քունս փախել էր աչքերիցս։
  • 41Այսպէս քսան տարի քո տանը քեզ ծառայեցի, տասնեւչորս տարի քո երկու աղջիկների համար, եւ վեց տարի քո հօտերի համար. Եւ տասն անգամ փոխեցիր իմ վարձքը։
  • 42Եթէ իմ հօր Աստուածը, Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Երկիւղը ինձ հետ չ’լինէր, անպատճառ ինձ հիմա դատարկ էիր ճանապարհ դրել։ Աստուած տեսաւ իմ տառապանքը եւ իմ ձեռքի աշխատութիւնը, եւ երէկ գիշեր քեզ յանդիմանեց։
  • 43Եւ Լաբանը պատասխանեց եւ ասեց Յակոբին. Այս աղջիկները իմ աղջիկներն են, եւ այս որդիները իմ որդիներն են, եւ այս հօտերն իմ հօտերն են, եւ ամեն ինչ որ դու տեսնում ես, իմս են. Եւ ի՞նչ անեմ այսօր այս իմ աղջիկներին կամ իրանց ծնած զաւակներին։
  • 44Բայց հիմա եկ, ես եւ դու ուխտ անենք, եւ իմ ու քո մէջտեղը վկայութիւն լինի։
  • 45Եւ Յակոբը մի քար առաւ, եւ արձան կանգնեցրեց նորան։
  • 46Եւ Յակոբն իր եղբայրներին ասեց. Քարեր ժողովեցէք. Եւ նորանք քարեր առին եւ դէզ շինեցին, եւ այնտեղ այն դէզի վերայ հաց կերան։
  • 47Եւ Լաբանը նորա անունը Եէկար-սահադութա դրաւ, բայց Յակոբը նորա անունը Գաղաադ դրաւ։
  • 48Եւ Լաբանն ասեց. Այս դէզը այսօր իմ ու քո մէջտեղը վկայ է. Նորա համար նորա անունը Գաղաադ ասուեցաւ.
  • 50Եթէ իմ աղջիկներին վշտացնես, եւ կամ իմ աղջիկների վերայ ուրիշ կանայք առնես, մէկը չ’կայ մեզ հետ. Տես իմ ու քո մէջտեղը Աստուած է վկայ։
  • 51Եւ Լաբանն ասեց Յակոբին. Ահա այս դէզը, եւ ահա այն արձանը, որ ես կանգնեցրի իմ ու քո մէջտեղը.
  • 52Վկայ է այս դէզը եւ վկայ է այս արձանը, որ ես այս դէզից չ’անցնեմ դէպի քեզ, եւ դու այս դէզից եւ այս արձանից չ’անցնես դէպի ինձ, չարիքի համար։
  • 53Աբրահամի Աստուածը եւ Նաքովրի Աստուածը, նորանց հայրերի Աստուածը մեր մէջը դատաւոր լինի։ Եւ Յակոբն իր հայր Իսահակի Երկիւղովը երդում արաւ։
  • 54Եւ Յակոբը զոհեր մատուցրեց այն սարի վերայ, եւ իր եղբայրներին կանչեց հաց ուտելու. Եւ հաց կերան, եւ գիշերը սարումը մնացին։
  • 55Եւ Լաբանն առաւօտանց կանուխ վերկացաւ եւ իր որդիներին եւ իր աղջիկներին համբուրեց, եւ օրհնեց նորանց. Եւ Լաբանը գնաց եւ իր տեղը դարձաւ։
← Ցանկ