ԾՆՆԴՈՑ32
  • 1Եւ Յակոբը գնաց իր ճանապարհը, եւ Աստուծոյ հրեշտակները նորան պատահեցին։
  • 2Եւ Յակոբը երբոր տեսաւ նորանց, ասեց. Սա Աստուծոյ բանակն է, եւ այն տեղի անունը Մանայիմ դրաւ։
  • 3Եւ Յակոբն իր առջեւ պատգամաւորներ ուղարկեց իր եղբայր Եսաւին դէպի Սէիր երկիրը Եդովմի գաւառը։
  • 4Եւ պատուիրեց նորանց ասելով. Այսպէս ասացէք իմ տիրոջ Եսաւին, քո ծառայ Յակոբը այսպէս է ասում. Լաբանի մօտ պանդխտութիւն արի, եւ մինչեւ հիմա ուշացայ։
  • 5Եւ ունիմ արջառներ եւ էշեր, հօտեր եւ ծառաներ եւ աղախիններ. Հիմա ուղարկում եմ իմ տիրոջն իմացնելու, որ քո առաջին շնորհք գտնեմ։
  • 6Եւ պատգամաւորները յետ դարձան Յակոբի մօտ եւ ասեցին. Քո եղբօր Եսաւի մօտ գնացինք, եւ նա էլ չորս հարիւր մարդով գալիս է քեզ դիմաւորելու։
  • 7Եւ Յակոբը շատ վախեց եւ շփոթուեցաւ, եւ իր հետ եղած ժողովուրդը, եւ հօտերը եւ արջառները, եւ ուղտերը երկու խումբի բաժանեց,
  • 8Եւ ասեց. Եթէ Եսաւը մէկ խումբին հասնէ, եւ նորան զարկելու լինի, միւս խումբը կ’ազատուի։
  • 9Եւ Յակոբն ասեց Ով իմ հօր Աբրահամի Աստուած, եւ իմ հօր Իսահակի Աստուած, ով Եհովայ, որ ասեցիր ինձ. Ետ դարձիր քո երկիրը եւ քո հայրենիքը, եւ քեզ բարիք կ’անեմ.
  • 10Ես արժանի չեմ այն ամեն ողորմութիւններին եւ ամեն հաւատարմութեանը, որ քո ծառային արել ես. Որովհետեւ իմ գաւազանովն անցայ այս Յորդանանիցը, եւ հիմա երկու խումբի տէր եղայ։
  • 11Ազատիր հիմա ինձ իմ եղբայր Եսաւի ձեռքիցը, որովհետեւ նորանից վախում եմ, մի գուցէ գայ եւ զարկէ ինձ և մօրը տղաներովը։
  • 12Եւ դու ասել ես, թէ անպատճառ քեզ բարիք կ’անեմ, եւ քո սերունդը ծովի աւազի չափ կ’անեմ, որ շատութիւնից չի համրուիլ։
  • 13Եւ այն գիշերն այնտեղ մնաց. Եւ իր ձեռքի եղածիցն իր եղբայր Եսաւի համար ընծաներ առաւ.
  • 14Երկու հարիւր էգ ոչխար եւ քսան խոյ,
  • 15Երեսուն ծիծ տուող ուղտ իրանց ձագերովը, քառասուն կով եւ տասը ցուլ, քսան էգ էշ եւ տասը աւանակ։
  • 16Եւ ամեն մէկ հօտը ջոկ ջոկ իր ծառաների ձեռքը յանձնեց, եւ ասեց իր ծառաներին. Առաջս անցէք, եւ հօտերի մէջտեղը միջոց թողեցէք։
  • 17Եւ առաջինին պատուիրեց ասելով. Երբոր իմ եղբայր Եսաւը քեզ պատահէ եւ քեզ հարցնէ, ասելով՝ Դու որի՞նն ես եւ ո՞ւր ես գնում, եւ այս առաջիններդ որի՞նն են.
  • 18Այն ժամանակ ասիր. Քո ծառայ Յակոբինն է. Սա ընծայ է ուղարկուած իմ տէր Եսաւին, եւ ահա ինքն էլ մեր ետեւին է։
  • 19Եւ այսպէս էլ պատուիրեց երկրորդին, եւ երրորդին, եւ հօտերի ետեւից բոլոր գնացողներին, եւ ասեց. Այս խօսքի պէս խօսեցէք Եսաւի հետ, երբոր նորան գտնէք։
  • 21Եւ ընծայները նորա առաջին գնացին. Եւ նա այն գիշերը այնտեղ մնաց բանակի մէջ։
  • 22Եւ այն գիշերը վեր կացաւ, եւ իր երկու կանայքը, եւ իր երկու աղախինները, եւ իր տասնեւմէկ որդիներն առաւ, եւ Յաբօկի անցքիցն անցաւ։
  • 23Եւ նորանց առաւ, ու վտակիցն անցրեց, եւ իր բոլոր ունեցածն անցրեց։
  • 24Եւ Յակոբը մինակ մնաց, եւ մի մարդ գօտէմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը։
  • 25Եւ տեսաւ որ չ’կարողացաւ նորան յաղթել, նորա զստի ամոլաջիլը թուլացաւ նորա գօտէմարտած ժամանակը։
  • 26Եւ նա ասեց. Թող տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց. Եւ Յակոբն ասեց. Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնես։
  • 27Եւ նա ասեց նորան. Ի՞նչ է անունդ. Նա էլ ասեց. Յակոբ է։
  • 28Եւ նա ասեց. Այլ եւս քո անունը Յակոբ չասուի, այլ Իսրայէլ. Որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր, եւ յաղթեցիր։
  • 29Եւ Յակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչեմ՝ անունդ ասիր։ Եւ նա ասեց. Ինչո՞ւ ես իմ անունը հարցնում. Եւ նա օրհնեց նորան այնտեղ։
  • 30Եւ Յակոբն այն տեղի անունը Փանուէլ դրաւ. Որովհետեւ ասեց. Դէմ առ դէմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց։
  • 31Եւ արեգակը դուրս եկաւ նորա վերայ, երբոր Փանուէլիցն անցաւ. Եւ իր զստի վերայ կաղում էր։
  • 32Նորա համար Իսրայէլի որդիքը զստի վերայ թուլացած ջիղը չեն ուտում մինչեւ այսօր, որովհետեւ Յակոբի զստի թուլացած ջիղին դիպաւ։
← Ցանկ