ԾՆՆԴՈՑ33
  • 1Եւ Յակոբն իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, եւ ահա Եսաւը գալիս էր, եւ նորա հետ չորս հարիւր մարդ. Եւ զաւակներին բաժանեց՝ տուաւ Լիային եւ Ռաքէլին եւ երկու աղախիններին։
  • 2Եւ աղախիններին իրանց զաւակներովը առաջ դրաւ, եւ Լիային իր զաւակներովը՝ ետեւ, եւ Ռաքէլին ու Յովսէփին՝ ամենից ետեւ։
  • 3Եւ ինքն անցաւ նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը եօթն անգամ խոնարհութիւն արաւ մինչեւ իր եղբօր մօտենալը։
  • 4Եւ Եսաւը վազեց նորան դիմաւորելու եւ գրկեց նորան, եւ նորա պարանոցովն ընկաւ եւ համբուրեց նորան. Եւ լացին։
  • 5Եւ Եսաւն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ կանայքն ու զաւակները եւ ասեց. Սորանք քո ի՞նչն են. Եւ նա ասեց. Այն զաւակներն են, որ Աստուած քո ծառային պարգեւել է։
  • 6Եւ աղախիններն ու նորանց զաւակները մօտեցան եւ խոնարհութիւն արին։
  • 7Եւ Լիան էլ եւ իր զաւակները մօտեցան, եւ խոնարհութիւն արին. Եւ յետոյ Յովսէփը եւ Ռաքէլը մօտեցան եւ խոնարհութիւն արին։
  • 8Եւ Եսաւն ասեց. Ի՞նչ են այս քո բոլոր խումբը, որին ես պատահեցի. Եւ Յակոբն ասեց. Իմ տիրոջ առաջին շնորհք գտնելու համար է։
  • 9Եւ Եսաւն ասեց. Ես շատ ունիմ, եղբայր իմ, քոնը քեզ լինի։
  • 10Եւ Յակոբն ասեց. Ոչ, խնդրեմ՝ եթէ քո առաջին շնորհք գտայ, ընդունիր ընծաս իմ ձեռքիցը, հէնց նորա համար որ տեսայ քո երեսը Աստուծոյ երեսը տեսնելու պէս, եւ ինձ հաճեցիր։
  • 11Խնդրեմ՝ ընդունիր քեզ բերած ընծաս. Որովհետեւ Աստուած ողորմեց ինձ, եւ որովհետեւ ես ամեն բան ունիմ. Եւ ստիպեց նորան, եւ նա էլ ընդունեց։
  • 12Եւ նա ասեց. Վեր կենանք գնանք. Եւ ես գնամ քո առաջին։
  • 13Եւ Յակոբն ասեց նորան. Իմ տէրը գիտէ որ զաւակները փափուկ են, եւ իմ հետ եղած հօտերն ու արջառները ձագերով են. Եւ եթէ մէկ օր սաստիկ քշեն նորանց, բոլոր հօտերը կ’մեռնեն։
  • 14Ուրեմն թող իմ տէրն իր ծառայի առաջին անցնէ, եւ ես մինակ կամաց կամաց կ’գնամ իմ առաջին եղած անասունների ոտքովը եւ երեխաների ոտքովը, մինչեւ որ գամ Սէիր իմ տիրոջ մօտ։
  • 15Եւ Եսաւն ասեց. Թող իմ հետ եղող ժողովրդիցը քեզ մօտ ձգեմ. Եւ նա ասեց. Ինչո՞ւ է պէտք. Թող իմ տիրոջ առաջին շնորհք գտնեմ։
  • 16Այսպէս ետ դարձաւ Եսաւն այն օրը իր ճանապարհովը դէպի Սէիր։
  • 17Եւ Յակոբը Սոկքովթ չուեց, եւ իր համար տուն շինեց, եւ իր հօտերի համար փարախներ շինեց. Նորա համար այն տեղի անունը Սոկքովթ ասուեցաւ։
  • 18Եւ Յակոբը Միջագետից գալիս Սիւքէմացոց Սաղէմ քաղաքը եկաւ, որ Քանանի երկրումն է, եւ քաղաքի առաջին բնակուեց։
  • 19Եւ այն արտի կալուածքը, ուր կանգնեցրել էր իր վրանը, Սիւքէմի հայր Եմովրիցը ծախու առել էր հարիւր կէսիթայի.
← Ցանկ