ԾՆՆԴՈՑ50
  • 1Եւ Յովսէփն իր հօր երեսի վերայ ընկաւ, եւ լացաւ նորա վերայ, եւ համբուրեց նորան։
  • 2Եւ Յովսէփն իր բժիշկ ծառաներին հրամայեց որ իր հօրը զմռսեն. Եւ բժիշկները զմռսեցին Իսրայէլին։
  • 3Եւ նորա քառասուն օրը լրացան. Որովհետեւ այսպէս էին լրանում զմռսուածների օրերը, եւ Եգիպտացիք նորա համար եօթանասուն օր սուգ արին։
  • 4Եւ երբ նորա սուգի օրերն անցան, Յովսէփը խօսեց Փարաւօնի տան հետ ասելով. Թէ որ հիմա ձեր առաջին շնորհք գտայ, խնդրեմ Փարաւօնի ականջին խօսեցէք եւ ասեցէք.
  • 5Իմ հայրն ինձ երդում անել տուաւ. Ահա ես մեռնում եմ, իմ գերեզմանի մէջ որ ես ինձ համար Քանանի երկրումը փորեցի, ինձ այնտեղ թաղես, եւ հիմա թող վեր գնամ իմ հօրը թաղեմ, եւ ետ դառնամ։
  • 6Եւ Փարաւօնն ասեց. Ելիր եւ թաղիր քո հօրը ինչպէս որ նա քեզ երդում անել տուաւ։
  • 7Եւ Յովսէփն ելաւ իր հօրը թաղելու, եւ նորա հետ ելան Փարաւօնի բոլոր ծառաները, նորա տան ծերերը եւ Եգիպտոսի երկրի բոլոր ծերերը։
  • 8Նաեւ Յովսէփի բոլոր տունը եւ նորա եղբայրները եւ նորա հօր տունը. Միայն նորանց երեխաները եւ իրանց հօտերը եւ իրանց արջառները Գեսեմի երկրումը թողեցին։
  • 9Եւ նորա հետ կառքեր եւ ձիաւորներ ելան, եւ մի շատ մեծ բանակ եղաւ։
  • 10Եւ եկան Ատադի կալը, որ Յորդանանի միւս կողմին է. Այնտեղ մեծ եւ խիստ սաստիկ լացով ողբացին, եւ իր հօր համար եօթը օր սուգ արաւ։
  • 11Եւ այն երկրի բնակիչ Քանանացիները երբոր տեսան Ատադի կալի մէջի սուգը, ասեցին. Սա մի մեծ սուգ է Եգիպտացիների, նորա համար նորա անունը Աբէլմիսրաիմ դրին, որ Յորդանանի միւս կողմին է։
  • 12Եւ նորա որդիքն արին նորան ինչպէս որ պատուիրել էր։
  • 13Եւ նորա որդիքը Քանանի երկիրը տարին նորան, եւ թաղեցին նորան Մաքփելայի արտի այրումը, որ Աբրահամը գերեզմանի կալուածքի համար ծախու առաւ արտի հետ մէկտեղ Քետացի Եփրոնից Մամբրէի դիմացը։
  • 14Եւ Յովսէփը ետ դարձաւ Եգիպտոս իր հօրը թաղելուց յետոյ, ինքը եւ իր եղբայրները եւ այն ամենը որ իր հետ ելան իր հօրը թաղելու։
  • 15Եւ Յովսէփի եղբայրները տեսան որ իրանց հայրը մեռաւ, ասեցին. Գուցէ Յովսէփը ոխ ունենայ մեզ հետ եւ հատուցանէ մեզ այն ամեն չարիքը, որ մենք արինք իրան։
  • 16Եւ Յովսէփին պատգամաւոր ուղարկեցին ասելով. Քո հայրը մեռնելուց առաջ պատուիրեց եւ ասեց. Այսպէս ասացէք Յովսէփին.
  • 18Եւ նորա եղբայրներն էլ գնացին, եւ նորա առաջին ընկան, եւ ասեցին. Ահա մենք քո ծառաներն ենք։
  • 19Եւ Յովսէփն ասեց նորանց. Մի վախիք, մի՞թէ ես Աստուծոյ փոխանորդն եմ։
  • 20Եւ թէպէտ դուք ինձ դէմ չարութիւն խորհեցիք, բայց Աստուած այն լաւի դարձնել խորհեց, որ անէր այս օրուայ եղածի պէս, այսինքն որ շատ ժողովուրդ ապրեցնէր։
  • 21Եւ հիմա մի վախիք. ես ձեզ եւ ձեր երեխաներին պիտի կերակրեմ։ Եւ մխիթարեց նորանց եւ քաղցրութեամբ խօսեց։
  • 22Եւ Յովսէփը Եգիպտոսումը բնակուեց, ինքը եւ իր հօր տունը, եւ Յովսէփը հարիւր տասը տարի ապրեց։
  • 23Եւ Յովսէփը Եփրեմի երրորդ սերնդեան որդիները տեսաւ, եւ Մանասէի որդի Մաքիրի որդիներն էլ Յովսէփի ծունկերի վերայ ծնուեցան։
  • 24Եւ Յովսէփն իր եղբայրներին ասեց. Ահա ես մեռնում եմ, եւ Աստուած անպատճառ ձեզ այցելութիւն է անելու, եւ ձեզ այս երկրիցը հանելու է դէպի այն երկիրը, որի համար ինքը երդում արաւ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին։
  • 25Եւ Յովսէփն Իսրայէլի որդկանցը երդում անել տուաւ ասելով. Աստուած անպատճառ ձեզ այցելութիւն է անելու, եւ իմ ոսկորներն այստեղից հանեցէք։
  • 26Եւ Յովսէփը մեռաւ հարիւր տասը տարեկան, եւ զմռսեցին նորան, դրին մի տապանի մէջ Եգիպտոսումը։
← Ցանկ