Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ13
  • 1Եւ սորանից յետոյ եղաւ որ Դաւիթի որդի Աբիսողոմը մի գեղեցիկ քոյր ունէր՝ անունը Թամար. Եւ Դաւիթի որդի Ամնոնը սիրեց նորան։
  • 2Եւ Ամնոնը նեղվում էր մինչեւ որ հիւանդացաւ իր քոյր Թամարի պատճառով. Որովհետեւ նա կոյս էր. Եւ դժուար էր երեւում Ամնոնի աչքերին նորան մի բան անել։
  • 3Բայց Ամնոնը մի ընկեր ունէր, եւ նորա անունը Յովնադաբ էր՝ Դաւիթի եղբայր Սամաայի որդի. Եւ Յովնադաբը մի շատ խելօք մարդ էր։
  • 4Եւ նորան ասեց. Ի՞նչու ես դու այդպէս օրէցօր մաշվում, ով թագաւորի որդի. Մի՞թէ ինձ չես յայտնիլ։ Եւ Ամնոնն ասեց նորան. Ես սիրում եմ եղբայր Աբիսողոմի քոյր Թամարին։
  • 5Եւ Յովնադաբն ասեց նորան. Պառկիր քո անկողինումը եւ քեզ հիւանդ ձեւացրու, եւ երբոր հայրդ գայ քեզ տեսնելու, դու ասիր նորան. Թող իմ քոյր Թամարը գայ եւ ինձ հաց ուտեցնէ, եւ իմ աչքի առաջին պատրաստէ կերակուրը, որպէս զի տեսնեմ եւ ուտեմ նորա ձեռքիցը։
  • 6Եւ Ամնոնը պառկեց եւ իրան հիւանդ ձեւացրեց. Եւ թագաւորը եկաւ նորան տեսնելու. Եւ Ամնոնն ասեց թագաւորին. Թող իմ քոյր Թամարը գայ եւ իմ աչքի առաջին երկու բլիթ շինէ, եւ ես ուտեմ նորա ձեռքիցը։
  • 7Եւ Դաւիթը տունը մարդ ուղարկեց Թամարին ասելով. Գնա քո եղբայր Ամնոնի տունը եւ շինիր նորա համար կերակուրը։
  • 8Եւ Թամարը գնաց իր եղբայր Ամնոնի տունը որ պառկել էր, եւ վեր առաւ խմորը եւ թրեց եւ բլիթներ շինեց նորա աչքի առաջին, եւ եփեց բլիթները։
  • 9Եւ առաւ տապակը եւ թափեց նորա առաջին բայց նա չ’ուզեց ուտել. Եւ Ամնոնն ասեց. Իմ մօտիցն ամեն մարդ դուրս հանեցէք. Եւ ամեն մարդ դուրս եկաւ նորա մօտիցը։
  • 10Եւ Ամնոնն ասեց Թամարին. Կերակուրը բեր սենեակը, որ քո ձեռքիցն ուտեմ. Եւ Թամարն առաւ իր շինած բլիթները եւ տարաւ սենեակը իր եղբայր Ամնոնի մօտ։
  • 11Եւ մօտեցրեց նորան որ ուտէ. Բայց նա բռնեց նորան եւ ասեց նորան. Եկ պառկիր ինձ հետ, քոյրս։
  • 12Եւ նա ասեց նորան. Ոչ, եղբայրս, ինձ մի բռնաբարիր. Որովհետեւ Իսրայէլի մէջ այսպէս չեն անիլ. Այդ անզգամութիւնը մի անիր։
  • 13Եւ ես ուր տանեմ իմ նախատինքը, եւ դու էլ Իսրայէլի մէջ անզգամների մէկի պէս կ’լինես. Եւ հիմա դու խօսիր թագաւորի հետ, եւ նա ինձ չի արգելիլ քեզանից։
  • 14Բայց նա չ’ուզեց նորա ձայնին լսել եւ բռնեց նորան եւ բռնաբարեց նորան եւ պառկեց նորա հետ։
  • 15Յետոյ Ամնոնը նորան ատեց շատ մեծ ատելութեամբ, այնպէս որ աւելի մեծ էր ատելութիւնը որով ատում էր նորան այն սէրիցը, որով առաջ սիրում էր նորան։ Եւ Ամնոնն ասեց նորան. Վեր կաց գնա։
  • 16Եւ Թամարն ասեց նորան. Մի լինիր պատճառ այս աւելի մեծ չարութեանը քան թէ այն միւսը որ արիր ինձ՝ դուրս անելով ինձ. Բայց նա չ’ուզեց նորան լսել։
  • 17Եւ նա իր սպասաւոր երիտասարդին կանչեց եւ ասեց. Դուրս արա սորան իմ մօտիցը, եւ կողպիր դուռը նորա ետեւիցը։
  • 18Եւ Թամարի վերայ թեւքերով պատմուճան կար. Որովհետեւ թագաւորի կոյս աղջիկները այսպիսի պատմուճաններ էին հագնում։ Եւ նորա սպասաւորը նորան դուրս արաւ եւ դուռը կողպեց ետեւիցը։
  • 19Եւ Թամարը մոխիր առաւ իր գլխին ածեց եւ թեւքերով պատմուճանը որ իր վերայ էր, պատառեց եւ իր ձեռքը իր գլխին դրած գնում էր եւ լաց լինում։
  • 20Եւ նորա եղբայր Աբիսողոմն ասեց նորան. Արդե՞օք քո եղբայր Ամնոնը քեզ հետ եղաւ. Հիմա, քոյրս, լուռ կաց. Քո եղբայրն է նա. Այս բանը սրտիդ հոգս մի շինիր։ Եւ Թամարը նստեց անմխիթար իր եղբայր Աբիսողոմի տանը։
  • 21Եւ Դաւիթ թագաւորը լսեց այս բոլոր բաները եւ շատ բարկացաւ։
  • 22Եւ Աբիսողոմը չէր խօսում Ամնոնի հետ ոչ վատ եւ ոչ լաւ. Որովհետեւ Աբիսողոմն ատում էր Ամնոնին նորա համար որ իր քոյր Թամարին բռնաբարել էր։
  • 23Եւ երկու տարի անցնելուց յետոյ եղաւ որ Աբիսողոմի ոչխարների ասրակտուրն էր Եփրեմի մօտ Բաաղհասորումը. Եւ Աբիսողոմը կանչեց թագաւորի բոլոր որդիներին։
  • 24Եւ Աբիսողոմը եկաւ թագաւորի մօտ եւ ասեց. Ահա քո ծառան ասրակտուր ունի. Խնդրեմ՝ որ թագաւորը եւ իր ծառաները ծառայիդ հետ գնան։
  • 25Եւ թագաւորն ասեց Աբիսողոմին. Ոչ, որդիս, չ’գնանք ամենքս եւ չ’ծանրանանք քեզ վերայ. Եւ նա ստիպեց նորան, բայց նա չ’ուզեց գնալ եւ օրհնեց նորան։
  • 26Եւ Աբիսողոմն ասեց. Եթէ ոչ, թող գոնէ իմ եղբայր Ամնոնը գայ մեզ հետ. Եւ թագաւորն ասեց նորան. Ի՞նչու համար նա գնայ քեզ հետ։
  • 27Բայց Աբիսողոմն ստիպեց նորան, եւ Դաւիթն ուղարկեց նորա հետ Ամնոնին եւ թագաւորի բոլոր որդիներին։
  • 28Եւ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին ասելով. Մտիկ արէք երբոր Ամնոնի սիրտը գինիով զուարթանայ եւ ես ձեզ ասեմ՝ զարկէք Ամնոնին, մեռցրէք նորան, մի վախենաք, չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում. Զօրացէք եւ քաջասիրտ եղէք։
  • 30Եւ նորանք տակաւին ճանապարհին էին, որ լուր եկաւ Դաւիթին ասելով թէ Աբիսողոմը զարկեց թագաւորի բոլոր որդիներին, եւ նորանցից մէկն էլ չէ մնացել։
  • 31Եւ թագաւորը վեր կացաւ եւ իր հանդերձները պատառեց եւ գետինը պառկեց, եւ նորա բոլոր ծառաները կանգնել էին՝ հանդերձները պատառած։
  • 32Եւ Դաւիթի եղբայր Սամաայի որդին Յովնադաբը պատասխանեց ասելով. Իմ տէրը չ’ասէ թէ բոլոր երիտասարդներին՝ թագաւորի որդիներին սպանեցին. Որովհետեւ միայն Ամնոնն է մեռել. Նորա համար որ սա Աբիսողոմի բերանովը որոշուած էր այն օրից որ նա բռնաբարեց նորա քոյր Թամարին։
  • 33Եւ հիմա թող իմ տէր թագաւորը հոգս չ’անէ այս բանի համար ասելով թէ Թագաւորի բոլոր որդիքը մեռան. Որովհետեւ միայն Ամնոնն է մեռել։
  • 34Եւ Աբիսողոմը փախաւ։ Եւ երբոր դէտ երիտասարդը իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, ահա շատ ժողովուրդ էր գալիս ետեւի ճանապարհովը սարի կողքովը։
  • 35Եւ Յովնադաբն ասեց թագաւորին. Ահա գալիս են թագաւորի որդիքը. Ինչպէս որ քո ծառայի խօսքն էր, այնպէս եղաւ։
  • 36Եւ եղաւ հէնց որ նա խօսքը վերջացրեց, ահա եկան թագաւորի որդիքը եւ բարձրացրին իրանց ձայները եւ լաց եղան, եւ թագաւորն էլ եւ նորա բոլոր ծառաները շատ մեծ լացով լաց եղան։
  • 37Եւ Աբիսողոմը փախաւ եւ գնաց Գեսուրի թագաւոր Ամիհուդի որդի Թոլմիի մօտ. Եւ Դաւիթը սուգ արաւ իր որդիի մասին ամեն օր։
  • 38Բայց Աբիսողոմը փախաւ եւ գնաց Գեսուր, եւ այնտեղ երեք տարի մնաց։
  • 39Եւ Դաւիթ թագաւորը փափաքում էր դուրս գնալ Աբիսողոմի մօտ. Որովհետեւ մխիթարուել էր մեռնող Ամնոնի վերայ։
← Ցանկ