Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ2
  • 1Եւ Դաւիթի մեռնելու օրերը մօտեցան, եւ նա պատուիրեց իր Սողոմոն որդիին ասելով.
  • 2Ես գնում եմ ամեն երկրի ճանապարհը. Բայց դու քաջացիր եւ արի եղիր։
  • 3Եւ պահիր քո Տէր Աստուծոյ պահպանութիւնը որ գնաս նորա ճանապարհներովը, որ պահես նորա պատուիրանքները, հրամանները, իրաւունքները եւ վկայութիւնները, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքումը, որպէս զի յաջողուես ամեն արած բանումդ եւ ամեն ուր որ դառնաս։
  • 5Ու նաեւ գիտես դու Շարուհեան Յովաբի ինձ արածը, որ արաւ Իսրայէլի երկու զօրագլուխներին՝ Ներեան Աբեններին եւ Յեթերեան Ամեսայիին, որ նորանց սպանեց, եւ պատերազմի արիւն թափեց խաղաղ ժամանակում. Եւ պատերազմի արիւն ածեց իր մէջքի գօտիի եւ իր ոտքի կօշիկի վերայ։
  • 6Եւ դու քո իմաստութեան համեմատ անես որ նորա ալեւորութիւնը խաղաղութեամբ գերեզման չ’իջեցնես։
  • 7Բայց Գաղաադացի Բերզելիի որդկանցը ողորմութիւն անես, որ քո սեղանի վերայ ուտողների հետ լինեն, որովհետեւ ինձ այնպէս մօտեցան քո եղբայր Աբիսողոմի երեսից փախչելիս։
  • 8Եւ ահա Բաւուրիմացի Բենիամինեան Գերայի որդի Սեմէին քեզ մօտ է. Նա ինձ սաստիկ անէծքով անիծել է, երբոր ես Մանայիմ էի գնում, եւ նա իջաւ Յորդանան ինձ դիմաւորելու ու ես երդում արի նորան Տէրով, թէ Քեզ սրով չեմ սպանիլ։
  • 9Եւ հիմա դու նորան անմեղ չ’համարես, որովհետեւ դու իմաստուն մարդ ես եւ գիտես թէ նորան ինչ պիտի անես, որ նորա ալեւորութիւնը արիւնով գերեզման իջեցնես։
  • 10Եւ Դաւիթը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Դաւիթի քաղաքումը։
  • 11Եւ Դաւիթի Իսրայէլի վերայ թագաւորութիւն արած օրերը քառասուն տարի էին. Քեբրոնումը թագաւորութիւն էր արել եօթը տարի եւ Երուսաղէմումը թագաւորութիւն արաւ երեսունեւերեք տարի։
  • 12Եւ Սողոմոնը նստեց իր հօր Դաւիթի աթոռի վերայ, եւ նորա թագաւորութիւնը շատ հաստատուեցաւ։
  • 13Եւ Ագգիթի որդի Ադոնիան եկաւ Սողոմոնի մօր Բերսաբէի մօտ, եւ նա ասեց՝ Խաղաղութեա՞մբ է քո գալուստը. Նա էլ ասեց՝ Խաղաղութեամբ։
  • 14Եւ ասեց. Ես մի խօսք ունեմ քեզ, եւ Բերսաբէն ասեց՝ Ասիր։
  • 15Նա էլ ասեց. Դու գիտես որ թագաւորութիւնը իմն էր դառել, եւ բոլոր Իսրայէլն իրանց երեսը դէպի ինձ էին դարձրել որ ես թագաւորեմ, բայց թագաւորութիւնը շուռ տուաւ եւ դառաւ իմ եղբօրը. Որովհետեւ Տէրիցը եղաւ նորան։
  • 16Եւ հիմա ես քեզանից միայն մէկ խնդիրք եմ խնդրում. Ինձ անտես մի անիր. Եւ նա ասեց նորան՝ Ասիր։
  • 17Եւ Ադոնիան ասեց. Ասիր Սողոմոն թագաւորին՝ ըստ որում նա քեզ անտես չի անիլ, որ նա ինձ կին տայ Սունամացի Աբիսակը։
  • 18Եւ Բերսաբէն ասեց. Լաւ, ես կ’խօսեմ քո մասին թագաւորի հետ։
  • 19Եւ Բերսաբէն գնաց Սողոմոն թագաւորի մօտ Ադոնիայի մասին նորա հետ խօսելու, եւ թագաւորը վեր կացաւ նորան դիմաւորելու եւ երկրպագեց նորան եւ նստեց իր աթոռի վերայ, եւ թագաւորի մօր համար աթոռ դրին, եւ նա նստեց աջ կողմին։
  • 20Եւ Բերսաբէն ասեց. Ես քեզանից մի փոքր խնդիրք եմ խնդրում, ինձ անտես մի անիր. Եւ թագաւորն ասեց նորան. Խնդրիր, մայր իմ, որովհետեւ ես քեզ անտես չեմ անիլ։
  • 21Բերսաբէն էլ ասեց. Թող Սունամացի Աբիսակը տրուի քո եղբայր Ադոնիային կին լինելու։
  • 22Եւ Սողոմոն թագաւորը պատասխանեց եւ ասեց իր մօրը. Էլ ի՞նչու համր ես միայն Սունամացի Աբիսակը խնդրում Ադոնիայի համար, ուրեմն նորա համար թագաւորութիւնն էլ խնդրիր. Որովհետեւ նա իմ եղբայրն է՝ ինձանից մեծ, նորա համար եւ Աբիաթար քահանայի համար եւ Շարուհեան Յովաբի համար։
  • 23Եւ Սողոմոն թագաւորը երդում արաւ Տէրովը՝ թէ Աստուած ինձ այսպէս անէ եւ էլ աւելի անէ, որ Ադոնիան այդ խօսքը իր կեանքի դէմ է խօսել։
  • 24Եւ արդ կենդանի է Տէրը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հօր՝ Դաւիթի աթոռի վերայ եւ որ ինձ համար տուն շինեց ինչպէս որ ասել էր, որ այսօր պիտի մեռնի Ադոնիան։
  • 25Եւ Սողոմոն թագաւորը ուղարկեց Յովիադայի որդի Բանեային, որ զարկեց նորան, եւ նա մեռաւ։
  • 26Եւ Աբիաթար քահանային ասեց թագաւորը. Գնա Անաթովթ քո արտերը. Որովհետեւ մահուան արժանի ես դու, եւ ես այսօր քեզ չեմ մեռցնիլ, որովհետեւ իմ հօր՝ Դաւիթի առաջին կրել ես Տէր Եհովայի տապանակը, եւ որովհետեւ դու էլ նեղութիւն քաշեցիր այն ամեն բանի մէջ, ուր որ իմ հայրը նեղութիւն քաշեց։
  • 27Եւ Սողոմոնը դուրս արաւ Աբիաթարին Տիրոջ քահանայութիւնից, որպէս զի կատարուի Տիրոջ խօսքը, որ ասել էր Հեղիի տան վերայ Սելովումը։
  • 28Եւ այս լուրը հասաւ Յովաբին. Թէեւ Յովաբը հետեւել էր Ադոնիային, բայց Աբիսողոմին չէր հետեւել. Եւ Յովաբը փախաւ Տիրոջ վրանը եւ բռնեց սեղանի եղջիւրներիցը։
  • 29Եւ Սողոմոն թագաւորին պատմեցին թէ Յովաբը փախել է Տիրոջ վրանը, եւ ահա սեղանի կշտին է։ Եւ Սողոմոնը Յովիադայի որդի Բանեային ուղարկեց ասելով. Գնա նորան սպանիր։
  • 30Եւ Բանեան Տիրոջ վրանը եկաւ եւ ասեց նորան. Այսպէս է ասում թագաւորը՝ դուրս եկ. Իսկ նա ասեց՝ Ոչ, ես այստեղ եմ մեռնելու. Եւ Բանեան ետ դարձրեց այս խօսքը թագաւորին՝ ասելով թէ Յովաբն այսպէս ասեց եւ ինձ այսպէս պատասխանեց,
  • 31Եւ թագաւորն ասեց նորան՝ Արա ինչպէս որ ասել է, եւ սպանիր նորան ու թաղիր. Եւ հեռացրու ինձանից եւ իմ հօր տանից այն անմեղ արիւնը որ Յովաբը թափել է։
  • 32Եւ Տէրը նորա արիւնը նորա գլխին դարձնէ, որ իրանից արդար եւ լաւ մարդկանց զարկեց ու սպանեց սրով առանց իմ հօր գիտութեան՝ այսինքն Իսրայէլի զօրագլուխ Ներեան Աբեններին եւ Յուդայի զօրագլուխ Յեթերեան Ամեսայիին։
  • 33Եւ նորանց արիւնը դառնայ Յովաբի գլխին եւ նորա սերունդի գլխին յաւիտեան. Իսկ Դաւիթին ու նորա սերունդին եւ նորա տանն ու աթոռին խաղաղութիւն լինի Տէրիցը յաւիտեան։
  • 34Եւ Յովիադայի որդի Բանեան վեր գնաց ու զարկեց նորան սպանեց, եւ նա թաղուեցաւ իր տանը՝ անապատումը։
  • 35Եւ Յովիադայի որդի Բանեային նորա տեղը զօրքի վերայ կարգեց, եւ թագաւորը Սադովկ քահանային Աբիաթարի տեղը դրաւ։
  • 36Եւ թագաւորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմէիին եւ ասեց նորան. Քեզ համար Երուսաղէմումը մի տուն շինիր եւ այնտեղ բնակուիր. Եւ այնտեղից դուրս չ’գաս այս կամ այն կողմ։
  • 37Եւ այն օրը որ դուրս եկար եւ Կեդրոն հեղեղատովն անցար, հաստատ իմանաս, որ անպատճառ պիտի մեռնես, քո արիւնը քո գլուխը լինի։
  • 38Եւ Սէմէին ասեց թագաւորին. Այդ խօսքը բարի է. Ինչպէս որ ասեց իմ տէր թագաւորը, այնպէս պիտի անէ ծառադ. Եւ Սեմէին շատ ժամանակ բնակուեց Երուսաղէմում։
  • 39Եւ եղաւ որ երեք տարիից յետոյ Սեմէիի երկու ծառաները փախան Գէթի թագաւոր Մաաքայի որդի Անքուսի մօտ. Եւ Սեմէիին իմացրին թէ Ահա քո ծառաները Գէթումն են։
  • 40Եւ Սեմէին վեր կացաւ եւ համետեց իր էշը եւ գնաց Գէթ՝ Անքուսի մօտ իր ծառաները որոնելու. Եւ Սեմէին գնաց ու իր ծառաներին բերաւ Գէթիցը։
  • 41Եւ Սողոմոնին իմացրին թէ Սեմէին Երուսաղէմից գնացել է Գէթ եւ ետ դառել։
  • 42Եւ թագաւորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմէիին եւ ասեց նորան. Չէ՞ որ քեզ երդում տուի Տէրով եւ վկայեցի քեզ ասելով թէ Այն օրը որ դուրս եկար եւ այս կամ այն կողմը գնացիր, իմանաս որ անպատճառ պիտի մեռնես. Եւ դու ինձ ասեցիր Այդ խօսքը բարի է որ լսեցի։
  • 43Ապա ի՞նչու համար չ’պահեցիր Տիրոջ երդումը եւ այն պատուէրը, որ ես քեզ պատուիրեցի։
  • 44Եւ թագաւորն ասեց Սեմէիին. Հիմա գիտենաս, որ քո սրտի իմացած բոլոր չարութիւնը, որ իմ հօր Դաւիթին արել ես, Տէրը քո չարութիւնը քո գլխին է դարձնում։
  • 45Եւ օրհնեալ է Սողոմոն թագաւորը, եւ Դաւիթի աթոռը հաստատ է Տիրոջ առաջին յաւիտեան։
  • 46Եւ թագաւորը հրամայեց Յովիադայի որդի Բանեային, եւ նա գնաց ու զարկեց նորան, եւ նա մեռաւ. Եւ թագաւորութիւնը հաստատուեցաւ Սողոմոնի ձեռքումը։
← Ցանկ