Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ3
  • 1Եւ Սողոմոնը խնամութիւն արաւ Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, եւ առաւ Փարաւօնի աղջիկը ու բերաւ նորան Դաւիթի քաղաքը մինչեւ որ շինեց վերջացրեց իր տունը եւ Տիրոջ տունը եւ Երուսաղէմի պարիսպը շուրջանակի։
  • 2Միայն թէ ժողովուրդը զոհում էր բարձր տեղերի վերայ. Որովհետեւ մինչեւ այն օրերը Տիրոջ անունի համար տուն չէր շինուած։
  • 3Եւ Սողոմոնը սիրեց Տիրոջը, որ գնայ իր հայր Դաւիթի պատուէրներովը, միայն թէ զոհում եւ խնկարկում էր բարձր տեղերի վերայ։
  • 4Եւ թագաւորը գնաց Գաբաւոն, որ այնտեղ զոհ մատուցանէ. որովհետեւ նա էր մեծ բարձր տեղը. Սողոմոնը այն սեղանի վերայ հազար ողջակէզ զոհեց։
  • 5Գաբաւոնի մէջ Տէրը երեւեցաւ Սողոմոնին գիշերը երազում, եւ Աստուած ասեց. Խնդրիր թէ քեզ ինչ տամ։
  • 6Եւ Սողոմոնն ասեց. Դու մեծ ողորմութիւն արիր իմ հայր Դաւիթին՝ քո ծառային, ինչպէս որ նա գնաց քո առաջին հաւատարմութեամբ եւ արդարութեամբ եւ սրտի ուղղութեամբ քեզ հետ. Եւ նորա համար պահեցիր այդ մեծ ողորմութիւնը եւ նորան մի որդի տուիր որ նստում է նորա աթոռի վերայ ինչպէս այսօր։
  • 7Եւ արդ, ով Տէր իմ Աստուած, դու թագաւորեցրիր ծառայիդ իմ հայր Դաւիթի տեղ, բայց ես մի փոքր տղայ եմ չ’գիտեմ ելնել ու մտնելը։
  • 8Եւ ծառադ քո ընտրած ժողովրդի մէջ է՝ մի մեծ ժողովրդի որ շատութիւնից չի հաշվուիլ եւ չի համարուիլ։
  • 9Ուրեմն տուր քո ծառային իմաստուն սիրտ քո ժողովրդին դատելու բարիի ու չարի մէջտեղը ջոկելու. Որովհետեւ ո՞վ է կարող քո այս մեծ ժողովրդին դատել։
  • 10Եւ այս խօսքը, որ Սողոմոնն այս բանը խնդրեց, հաճոյ երեւեցաւ Տիրոջ աչքին։
  • 11Եւ Աստուած ասեց նորան. Որովհետեւ դու այդ բանը խնդրեցիր եւ քեզ համար չ’խնդրեցիր շատ օրեր, եւ քեզ համար չ’խնդրեցիր հարստութիւն եւ չ’խնդրեցիր քո թշնամիների կեանքը, այլ քեզ համար դատ լսելու իմաստութիւն խնդրեցիր,
  • 12Ահա քո խօսքի պէս պիտի անեմ, ահա ես քեզ իմաստուն եւ հանճարեղ սիրտ տուի, որ քեզանից առաջ քեզ նմանը եղած չէ, եւ քեզանից յետոյ էլ քեզ նմանը վեր չի կենալ։
  • 13Ու նաեւ քո չ’ուզածն էլ տուի քեզ, հարստութիւն էլ, փառք էլ, որ քեզ նման մի մարդ չի լինիլ թագաւորների մէջ քո բոլոր օրերումը։
  • 14Եւ եթէ գնաս իմ ճանապարհներումը, որ իմ պատուիրանքներն ու հրամանները պահես ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը, այն ժամանակ քո օրերը կ’երկայնացնեմ։
  • 16Այն ժամանակ երկու պոռնիկ կնիկներ եկան թագաւորի մօտ եւ կանգնեցին նորա երեսի առաջին։
  • 17Եւ կնիկներից մէկն ասեց. Ոհ տէր իմ, ես եւ այս կնիկը մէկ տան ենք բնակվում. Եւ ես նորա մօտ որդի ծնեցի այն տանը։
  • 18Եւ եղաւ իմ ծնանելու երրորդ օրը, որ այս կնիկն էլ ծնեց. Եւ մենք մէկտեղ էինք, այն տանը օտար չ’կար մեզ հետ. Մինակ մենք երկուսս ենք այն տան մէջ։
  • 19Եւ այս կնկայ որդին մեռնում է գիշերը. Որովհետեւ սա նորա վերայ պառկած է լինում։
  • 20Եւ սա կէս գիշերին վեր է կենում առնում իմ որդիին իմ կշտիցը, եւ աղախինդ քնած է լինում, եւ նորան պառկեցնում է իր ծոցումը, իսկ այն իր մեռած տղան պառկեցնում է իմ ծոցումը։
  • 21Եւ ես առաւօտը վեր եմ կենում որ տղայիս ծիծ տամ, եւ ահա մեռած էր, եւ ցերեկին նորա վերայ մտադրութեամբ նայեցի, եւ ահա նա իմ ծնած տղան չէր։
  • 22Եւ այն միւս կնիկը ասում էր. Ոչ, այլ թէ կենդանին է իմ տղան, եւ քո տղան մեռածն է. Եւ միւսն էլ ասում էր. Ոչ, այլ քո տղան մեռածն է, եւ իմ տղան կենդանին է. Եւ այսպէս խօսում էին թագաւորի առաջին։
  • 23Եւ թագաւորն ասեց. Սա ասում է. Այս ողջը իմ տղան է, եւ քո տղան մեռածն է. Իսկ նա ասում է. Ոչ, այլ քո տղան մեռածն է ու իմ տղան ողջն է։
  • 24Եւ թագաւորն ասեց. Սուր բերէք ինձ մօտ. Եւ սուրը բերին թագաւորի առաջը։
  • 25Եւ թագաւորն ասեց. Կտրեցէք այդ ողջ երեխային երկու կտոր արէք. Եւ տուէք կէսը մէկին եւ կէսը միւսին։
  • 26Եւ այն կնիկը որ կենդանի տղան նորանն էր, պատասխանեց թագաւորին, որովհետեւ նորա աղիքը գալարուեցան իր տղայի վերայ, եւ ասեց. Ո՜հ, տէր իմ, ողջ երեխային նորան տուէք բայց մի սպանէք նորան. Իսկ միւսն ասում էր. Ոչ ինձ լինի, ոչ քեզ, կտրեցէք։
  • 27Եւ թագաւորը պատասխանեց եւ ասեց. Նորան տուէք ողջ երեխային, եւ մի սպանէք նորան. Նա նորա մայրն է։
  • 28Եւ բոլոր Իսրայէլը լսեցին դատաստանը որ վճռեց թագաւորը, եւ թագաւորի երեսից վախեցան. Որովհետեւ տեսան որ նորանում Աստուծոյ իմաստութիւնը կար դատաստան անելու համար։
← Ցանկ