Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ26
- 1Դռնապանների դասակարգութիւնները. Կորխեաններից՝ Կովրէի որդի՝ Մասեղամիան Ասափի որդիներից։
- 2Եւ Մասեղամիայի որդիքը՝ անդրանիկը Զաքարիա, երկրորդը Յեդիէլ, երրորդը Զաբադիա, չորրորդը Յաթնիէլ,
- 3Հինգերորդը Եղամ, վեցերորդը Յօհանան, եօթներորդը Եղիովէնայի։
- 4Եւ Աբդեդօմի որդիքը՝ անդրանիկը Սեմայիա, երկրորդը Յովզաբադ, երրորդը Յովաք, չորրորդը Սաքար, հինգերորդը Նաթանայէլ,
- 5Վեցերորդը Ամիէլ, եօթներորդը Իսաքար, ութերորդը Փեղաթի. Որովհետեւ Աստուած նորան օրհնել էր։
- 6Եւ նորա որդի Սեմայիային որդիք ծնուեցան, որոնք իշխաններ եղան իրանց հօր տանը. Որովհետեւ նորանք զօրաւոր մարդիկ էին։
- 7Սեմայիայի որդիքը՝ Ոթնի, Ռափայէլ, Ովբէդ, Եղզաբաթ, Աքիով, Բենհայիլ, Եղիուս եւ Սամաքիա։
- 8Սորանք ամենքը Աբդեդօմի որդիներիցն էին. Իրանք, իրանց որդիքը եւ իրանց եղբարքը ուժով զօրաւոր մարդիկ էին ծառայութեան համար. Աբդեդօմից վաթսունեւերկու հոգի։
- 9Եւ Մասեղամիա տասնեւութը զօրաւոր որդիներ եւ եղբայրներ ունէր։
- 10Եւ Մերարիի որդիներից Ուսան որդիներ ունէր. Գլխաւորը Սամարի էր. Որովհետեւ թէեւ նա անդրանիկ չէր, բայց նորա հայրը նորան գլխաւոր դրաւ։
- 11Երկրորդը Քեղկիա, երրորդը Տաբաղիա, չորրորդը Զաքարիա. Ուսայի բոլոր որդիներն ու եղբայրները տասնեւերեք էին։
- 12Սորանցն էին դռնապանների դասակարգութիւնները իբրեւ գլխաւոր մարդկանց, ծառայութիւնով հաւասար իրանց եղբարցը Տիրոջ տանը ծառայելու համար։
- 13Եւ փոքրն ու մէծը հաւասար վիճակ գցեցին իրանց հայրերի տների համեմատ իւրաքանչիւր դռան համար։
- 14Եւ արեւելեան կողմի վիճակը ընկաւ Սեղեմիային, եւ նորա խելօք խորհրդատու որդի Զաքարիայի համար վիճակ գցեցին, եւ նորա վիճակը դուրս եկաւ հիւսիս։
- 15Աբդեդօմին՝ հարաւային կողմը, եւ նորա որդիներին՝ շտեմարանները։
- 16Սուփիմին եւ Ուսային՝ արեւմտեան կողմը Սալեքադի դռան մօտ վեր գնացող ճանապարհի վերայ. Մի պահապանութիւն միւս պահապանութեան դէմուդէմ։
- 17Արեւելեան կողմին Ղեւտացիներից վեց, հիւսիսում օրը չորս, հարաւում օրը չորս. Իսկ շտեմարանների վերայ երկու երկու։
- 18Փարպարի կողմին դէպի արեւմուտքը չորսը ճանապարհին, եւ երկուսը Փարպարի համար։
- 19Սորանք են Կորխեանց եւ Մերարիի որդկանց դռնապանների դասակարգութիւնները։
- 20Եւ Ղեւտացիներից՝ Աքիան Աստուծոյ տան գանձերի եւ նուիրական գանձերի վերայ էր։
- 21Գերսոնացի Ղադանի ազգատոհմերի իշխաններից՝ Գերսոնացի Ղադանի որդկանցից՝ Յեքիէլ։
- 22Յեքիէլի որդիքը՝ Զեթամ եւ նորա եղբայրը Յովէլ Տիրոջ տան գանձերի վերայ էին։
- 23Ամրամեաններից, Իսահառեաններից, Քեբրոնեաններից,
- 24Ոզիէլեաններից Սուբայէլն էլ՝ Մովսէսի որդի Գերսոմի որդին՝ գանձերի իշխանն էր։
- 25Եւ նորա եղբայրները Եղիազարի որդիքը. Նորա որդին Հռաբիա, նորա որդին Եսայի, նորա որդին Յովրամ, նորա որդին Զեքրի եւ նորա որդին Սաղօմօթ։
- 26Այս Սաղօմօթը եւ նորա եղբայրները այն բոլոր նուիրած գանձերի վերայ էին, որ նուիրել էին Դաւիթ թագաւորը, տոհմապետները, հազարապետները եւ հարիւրապետները եւ զօրաց իշխանները,
- 27Որ նուիրել էին պատերազմներիցը եւ աւարիցը Տիրոջ տունը հաստատելու համար,
- 28Եւ ամեն ինչ որ նուիրել էին Սամուէլ տեսանողը, Կիսեան Սաւուղը, Ներեան Աբենները եւ Շարուհեան Յովաբը. Բոլոր նուէրները Սաղօմօթի եւ նորա եղբայրների ձեռքին էր։
- 29Իսահառեաններից՝ Քոնոնիա եւ նորա եղբայրները դրսի գործերի համար Իսրայէլի վերայ ոստիկաններ եւ դատաւորներ էին։
- 30Քեբրոնեաններից՝ Ասաբիա եւ նորա եղբայրները հազար եօթը հարիւր քաջ մարդիկ Իսրայէլի վերայ վերակացու էին Յորդանանի այս կողմին դէպի արեւմուտք Տիրոջ բոլոր գործքի համար եւ թագաւորի ծառայութեան համար։
- 31Քեբրոնեաններից՝ գլխաւորը Յերիա Քեբրոնեանների սերունդներում եւ տոհմերում. Սորանք համարուեցան Դաւիթի թագաւորութեան քառասուներորդ տարին, եւ Գաղաադի Յազերում նորանցից քաջ մարդիկ գտնուեցան։
- 32Եւ նորա եղբայրները երկու հազար եօթը հարիւր քաջ մարդիկ էին՝ տոհմապետներ։ Եւ Դաւիթ թագաւորը նորանց նշանակեց Ռուբենեանց, Գադեանց եւ Մանասեանց կէս ցեղի վերայ Աստուծոյ եւ թագաւորի ամեն գործքի համար։
