Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ22
  • 1Եւ Երուսաղէմի բնակիչները թագաւոր արին նորա տեղ նորա փոքր որդի Ոքոզիային. Որովհետեւ բոլոր մեծերին սպանել էին այն գունդերը, որ բանակն էին եկել Արաբացիների հետ։ Եւ թագաւոր եղաւ Յուդայի Յովրամ թագաւորի որդի Ոքոզիան։
  • 2Ոքոզիան քառասունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ մէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Գոթողիա՝ դուստր Ամրիի։
  • 3Սա էլ գնաց Աքաաբի տան ճանապարհներովը. Որովհետեւ նորա մայրը նորան խրատում էր չարութիւն անելու։
  • 4Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Աքաաբի տան պէս. Որովհետեւ նորանք էին նորա խրատ տուողները իր հօր մահից յետոյ նորան փչացնելու համար։
  • 5Նաեւ նորանց խորհուրդներովն էր գնում, եւ Իսրայէլի թագաւոր Աքաաբի որդի Յովրամի հետ գնաց պատերազմ Ասորիների թագաւոր Ազայէլի վերայ Ռամովթ-գաղաադ։ Բայց Ասորիները յաղթեցին Յովրամին։
  • 6Եւ նա ետ դառաւ, որ բժշկուի Յեզրայէլում այն վերքերից, որ նորան տուին Ռամայում, երբոր պատերազմում էր Ասորիների Ազայէլ թագաւորի հետ։ Եւ Յուդայի թագաւոր Յովրամեան Ազարիան իջաւ Յեզրայէլ Աքաաբի որդի Յովրամին տեսնելու որ հիւանդ էր։
  • 7Եւ Աստուածանից էր Ոքոզիայի կործանումը, որ Յովրամի մօտ գնար. Որովհետեւ երբոր եկաւ Յովրամի հետ՝ դուրս եկաւ Նամեսսեան Յէուին առաջը, որին օծել էր Տէրը Աքաաբի տունը բնաջինջ անելու համար։
  • 8Եւ եղաւ երբոր Յէուն Աքաաբի տան վերայ դատաստանը գործ էր դնում, այն ժամանակ գտաւ, որ Յուդայի իշխանները եւ Ոքոզիայի եղբօրորդիները ծառայում էին Ոքոզիային, եւ նա նորանց սպանեց։
  • 9Եւ որոնեց Ոքոզիային, եւ նորան բռնեցին երբոր նա թաք էր կացել Սամարիայումը, եւ նորան բերին Յէուի մօտ, եւ նորան սպանեց. Եւ նորան թաղեցին. Որովհետեւ ասեցին. Սա այն Յովսափատի որդին է որ Տիրոջը խնդրում էր իր բոլոր սրտովը։ Եւ Ոքոզիայի տանը մէկը չ’կար որ կարողանար թագաւորել։
  • 10Բայց Ոքոզիայի մայր Գոթողիան, երբոր տեսաւ թէ որդին մեռաւ, վեր կացաւ եւ փչացրեց Յուդայի տան բոլոր թագաւորական սերունդը։
  • 11Բայց թագաւորի աղջիկը Յօսաբէէն առաւ Ոքոզիայի որդի Յովասին եւ նորան գողացաւ թագաւորի սպանուած որդկանց միջիցը, եւ նորան դրաւ նորա դայեակի հետ անկողինների սենեակումը, եւ այսպէս Յովրամ թագաւորի աղջիկ Յօսաբէէն՝ Յովիադա քահանայի կինը՝ որովհետեւ Ոքոզիայի քոյրն էր, նորան թաքցրեց Գոթողիայի երեսիցը, որ նորան չ’սպանեց։
  • 12Եւ վեց տարի Աստուծոյ տանը թաք կացած մնաց նորանց հետ, եւ Գոթողիան թագաւորութիւն էր անում երկրի վերայ։
← Ցանկ