Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ30
  • 1Եւ Եզեկիան մարդ ուղարկեց բոլոր Իսրայէլին եւ Յուդային, եւ նամակներ էլ գրեց Եփրեմին եւ Մանասէին որ գան Երուսաղէմ Տիրոջ տունը Իսրայէլի Տէր Աստուծոյ համար զատիկ անելու համար։
  • 2Եւ թագաւորը եւ նորա իշխանները եւ բոլոր ժողովքը խորհուրդ արին Երուսաղէմում որ զատիկը երկրորդ ամսումն անեն։
  • 3Որովհետեւ չէին կարող այն ժամանակին անել. Նորա համար որ բաւական քահանաներ չէին սրբուած, եւ ժողովուրդը չէր ժողովուած Երուսաղէմ։
  • 4Եւ այս բանը հաճոյ երեւեցաւ թագաւորի աչքին եւ բոլոր ժողովքի աչքին։
  • 5Եւ նորանք որոշեցին, որ լուր ուղարկեն բոլոր Իսրայէլի մէջ Բերսաբէէից մինչեւ Դան, որ գան զատիկ անեն Իսրայէլի Տէր Աստուծուն Երուսաղէմում. Որովհետեւ շատուց չէին արել ինչպէս որ գրուած էր։
  • 6Եւ սուրհանդակները գնացին թագաւորի եւ իշխանների նամակներովը բոլոր Իսրայէլի եւ Յուդայի մէջ, եւ թագաւորի հրամանին համեմատ ասեցին. Ով Իսրայէլի որդիք, դարձէք Եհովային՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Տէր Աստուծուն, եւ նա էլ կ’դառնայ այն ազատուածներին, որ մնացել էք Ասորեստանի թագաւորների ձեռքիցը։
  • 7Եւ ձեր հայրերի եւ ձեր եղբայրների նման մի լինիք, որ իրանց հայրերի Տէր Աստուծոյ դէմ ապստամբուեցին. Որոնց նա մատնել է աւերման, ինչպէս որ դուք տեսնում էք։
  • 8Արդ մի խստացնէք ձեր պարանոցը ձեր հայրերի պէս. Տիրոջը ձեռք տուէք եւ եկէք նորա սրբարանը, որ սրբել է յաւիտեան, եւ ծառայեցէք ձեր Տէր Աստուծուն, եւ նորա բորբոքած բարկութիւնը կ’դառնայ ձեզանից։
  • 9Որովհետեւ եթէ դուք դառնաք Տիրոջը, ձեր եղբայրներն ու ձեր որդիքը գթութիւն կ’գտնեն իրանց գերեվարների առաջին, եւ այս երկիրը կ’դառնան. Որովհետեւ ձեր Տէր Աստուածը ողորմած եւ գթած է, եւ ձեզանից իր երեսը չի դարձնիլ, եթէ դառնաք նորան։
  • 10Եւ սուրհանդակները քաղաքից քաղաք էին անցնում Եփրեմի եւ Մանասէի երկրումը մինչեւ Զաբուղոն. Բայց նորանք ծաղր էին անում նորանց վերայ եւ արհամարհում էին նորանց։
  • 11Միայն Ասերից, Մանասէից եւ Զաբուղոնից խոնարհուեցան ոմանք եւ եկան Երուսաղէմ։
  • 12Յուդայի վերայ էլ էր Աստուծոյ ձեռքը՝ նորանց միասիրտ անելու համար, որ թագաւորի եւ իշխանների պատուէրը Տիրոջ բանի մէջ կատարեն։
  • 13Եւ բազմաթիւ ժողովուրդ հաւաքուեցաւ Երուսաղէմ՝ երկրորդ ամսումը բաղարջակերաց տօնը կատարելու. Խիստ մեծ ժողովք էր։
  • 14Եւ վեր կացան ու հեռացրին Երուսաղէմի միջի սեղանները, եւ բոլոր խունկի սեղանները հեռացրին, եւ գցեցին Կեդրոնի հեղեղատը։
  • 15Եւ զատիկը մորթեցին երկրորդ ամսի տասնեւչորսին. Եւ քահանաներն ու Ղեւտացիներն ամաչեցին ու սրբուեցան եւ ողջակէզներ մատուցրին Տիրոջ տանը։
  • 16Եւ կանգնեցին իրանց տեղը իրանց կարգին Աստուծոյ մարդ՝ Մովսէսի օրէնքին համեմատ. Քահանաները սրսկում էին արիւնը Ղեւտացիների ձեռքից առնելով։
  • 17Որովհետեւ շատերը կային ժողովքի մէջ, որ չէին սրբուած, նորա համար Ղեւտացիներն էին մորթում զատկի գառները ամեն մի անմաքուրի համար, որ սրբեն Տիրոջ համար։
  • 18Որովհետեւ ժողովրդից շատերը՝ Եփրեմից, Մանասէից, Իսաքարից եւ Զաբուղոնից եկողների շատերը չէին մաքրուել. Այլ զատիկը կերան գրուածին անհամաձայն. Բայց Եզեկիան աղօթք արաւ նորանց համար ասելով. Բարերար Տէրը ներէ այն ամենին
  • 19Որ իր սիրտը պատրաստեց իր հայրերի Աստուած՝ Տէր Աստուծուն խնդրելու, թէեւ չ’մաքրուած՝ սրբութիւնի մաքրութեան համեմատ։
  • 20Եւ Տէրը լսեց Եզեկիային, եւ ժողովրդին ներեց։
  • 21Եւ Երուսաղէմումը գտնուող Իսրայէլի որդիքը կատարեցին բաղարջակերաց տօնը եօթն օր մեծ ուրախութեամբ. Եւ օրհնում էին Տիրոջը Ղեւտացիներն ու քահանաները ամեն օր Տիրոջ զօրութիւնը փառաբանելու գործիքներով։
  • 22Եւ Եզեկիա քաղցրութեամբ խօսեց բոլոր Ղեւտացիների հետ, որ գիտէին Տիրոջ բարի գիտութիւնը։ Եւ տօնին կերան եօթն օր խաղաղութեան զոհեր զոհելով, եւ իրանց հայրերի Տէր Աստուծուն գովասանելով։
  • 23Եւ բոլոր ժողովքը խորհուրդ արին, որ ուրիշ եօթն օր էլ տօն պահեն, եւ եօթն օր էլ ուրախութիւն արին։
  • 24Որովհետեւ Յուդայի Եզեկիա թագաւորը ընծայեց ժողովքին հազար զուարակ եւ եօթը հազար ոչխար, եւ իշխաններն ընծայեցին ժողովքին հազար զուարակ եւ տասը հազար ոչխար. Եւ շատ քահանաներ սրբուեցան։
  • 25Եւ ուրախացան բոլոր Յուդայի ժողովքը, քահանաները, Ղեւտացիները եւ բոլոր ժողովքը, որ եկել էին Իսրայէլից, եւ Իսրայէլի երկրից եկող եւ Յուդայում բնակող պանդուխտները։
  • 26Եւ Երուսաղէմումը մեծ ուրախութիւն կար. Որովհետեւ Իսրայէլի թագաւոր Դաւիթի որդի Սողոմոնի օրերից հետէ Երուսաղէմում սորա նմանը եղած չէր։
  • 27Եւ վեր կացան Ղեւտացի քահանաները եւ օրհնեցին ժողովուրդը, եւ նորանց ձայնը լսվում էր, եւ նորանց աղօթքը հասաւ երկինքը Նորա սուրբ բնակարանը։
← Ցանկ