Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ6
  • 1Այն ժամանակ Սողոմոնն ասեց. Տէրն ասեց թէ մառախուղում է բնակվում.
  • 2Եւ ես քեզ համար բնակուելու տուն շինեցի, այսինքն մի տեղ որ դու յաւիտեան բնակուես։
  • 3Եւ թագաւորն իր երեսը դարձրեց եւ օրհնեց Իսրայէլի բոլոր ժողովքը. Եւ Իսրայէլի բոլոր ժողովքը կանգնել էր։
  • 4Եւ նա ասեց. Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ իր բերանովը խօսեց իմ հայր Դաւիթի հետ, եւ իր ձեռքովը կատարեց, ասելով.
  • 5Այն օրիցն ’ի վեր որ իմ ժողովուրդն Եգիպտոսից հանեցի, Իսրայէլի բոլոր ցեղերից մի քաղաք չ’ընտրեցի տուն շինելու համար որ իմ անունն այնտեղ լինի, եւ մի մարդի չ’հաւանեցի, որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ առաջնորդ լինի։
  • 6Այլ Երուսաղէմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, եւ Դաւիթին հաւանեցի, որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ լինի։
  • 7Եւ իմ հայր Դաւիթը սրտումը դրել էր որ Իսրայէլի Տէր Աստուծոյ անուան համար տուն շինէ։
  • 8Եւ Տէրն ասեց իմ հայր Դաւիթին. Որովհետեւ դու քո սրտումը դրել էիր, որ իմ անուան համար մի տուն շինես. Լաւ ես արել որ այս բանը դրել ես սրտումդ.
  • 9Միայն թէ դու պիտի չ’շինես տունը, այլ քո երանքից դուրս եկող որդիդ՝ նա պիտի տուն շինէ իմ անուան համար։
  • 10Եւ Տէրը հաստատեց իր ասած խօսքը, եւ ես կանգնեցի իմ հայր Դաւիթի տեղ եւ նստեցի Իսրայէլի աթոռի վերայ ինչպէս որ Տէրն ասեց, եւ ես շինեցի տունը Իսրայէլի Տէր Աստուծոյ անուան համար։
  • 11Եւ այնտեղ դրի տապանակը, ուր որ է Տիրոջ ուխտը, որ նա ուխտեց Իսրայէլի որդկանց հետ։
  • 12Եւ նա կանգնեց Տիրոջ սեղանի առաջը բոլոր Իսրայէլի ժողովքի դիմացը. Եւ իր ձեռքերը տարածեց.
  • 13(Որովհետեւ Սողոմոնը մի պղնձի ամբիոն էր շինել եւ նորան դրել գաւիթի մէջտեղը. Նորա երկայնութիւնը հինգ կանգուն, եւ հինգ կանգուն նորա լայնութիւնը եւ երեք կանգուն նորա բարձրութիւնը. Եւ ինքը կանգնեց նորա վերայ, եւ իր ծունկերը կրկնեց Իսրայէլի բոլոր ժողովքի առաջը, եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք.)
  • 14Եւ ասեց. Ով Տէր Աստուած Իսրայէլի, քեզ պէս Աստուած չ’կայ երկնքումը եւ երկրումս, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քո առաջին բոլոր սրտանց գնացող ծառաներիդ համար.
  • 15Որ պահեցիր ծառայիդ՝ իմ հայր Դաւիթի համար այն որ նորան ասեցիր. Որ ասել էիր քո բերանովը՝ եւ քո ձեռքովը կատարեցիր, ինչպէս այսօր։
  • 16Եւ հիմա, ով Իսրայէլի Տէր Աստուած, պահիր ծառադ իմ հայր Դաւիթի համար այն, ինչ որ նորա հետ խօսեցիր ասելով. Քեզանից մարդ չի պակասիլ իմ առաջին Իսրայէլի աթոռի վերայ նստող, միայն եթէ քո որդիքը պահեն իրանց ճանապարհը, որ իմ օրէնքովը գնան, ինչպէս որ դու գնացիր իմ առաջին։
  • 17Եւ արդ, ով Իսրայէլի Տէր Աստուած, թող հաստատուի քո խօսքը, որ քո ծառայ իմ հայր Դաւիթի հետ խօսեցիր։
  • 18Բայց իրա՞ւ Աստուած կ’բնակուէ մարդկանց հետ երկրիս վերայ. Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը։
  • 19Սակայն նայիր քո ծառայի աղօթքին եւ նորա աղերսանքին, ով իմ Տէր Աստուած, որ լսես այս պաղատանքը եւ այս աղօթքը, որ ծառադ աղօթում է քո առաջին.
  • 20Որ քո աչքերը բաց լինին այս տան վերայ՝ գիշեր եւ ցերեկ այս տեղի վերայ, որի համար ասեցիր թէ քո անունը այնտեղ պիտի լինի. Որ լսես այն աղօթքը որ ծառադ աղօթում է այս տեղը.
  • 21Որ լսես ծառայիդ. Եւ քո Իսրայէլ ժողովրդի աղերսանքը, որ մատուցանում են այս տեղը. Եւ արդ լսիր դու քո բնակուելու տեղից՝ երկնքիցը, եւ լսելով ներիր։
  • 22Եթէ մէկը իր ընկերի դէմ մեղանչէ, եւ նա նորան երդում առաջարկէ նորան երդմնեցնելու համար, եւ երդումը գայ քո սեղանի առաջին այս տունը,
  • 23Այն ժամանակ դու լսիր երկնքիցը եւ կատարիր, եւ դատիր քո ծառաներին, որ չարին հատուցումը տաս եւ նորա ճանապարհը նորա գլուխը բերես, եւ արդարին արդարացնես, որ նորան հատուցանես իր արդարութեան համեմատ։
  • 24Եւ եթէ քո ժողովուրդն Իսրայէլը քեզ դէմ մեղանչելուն համար իր թշնամիի առաջին յաղթուի, եւ դէպի քեզ դառնան եւ քո անուանը փառք տան եւ աղօթեն ու աղերսեն քո առաջին այս տանը,
  • 25Այն ժամանակ դու լսիր երկնքիցը եւ ներիր քո Իսրայէլ ժողովրդի մեղքը, եւ նորանց ետ դարձրու այն երկիրը, որ տուել ես նորանց՝ եւ նորանց հայրերին։
  • 26Եւ երբոր երկինքը գոցուի եւ անձրեւ չ’լինի նորանց քեզ դէմ մեղանչելուն համար, եւ նորանք աղօթք անեն այստեղ եւ փառք տան քո անուանը, եւ ետ դառնան իրանց մեղքերիցը քո նորանց նեղելու պատճառով,
  • 27Այն ժամանակ դու լսիր երկնքումը եւ ներիր քո ծառաների եւ քո ժողովուրդ Իսրայէլի մեղքը, որ նորանց ուսուցանես իրանց գնալու բարի ճանապարհը, եւ անձրեւ տաս քո երկրի վերայ, որ տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն։
  • 28Երբոր երկրի վերայ սով լինի, ժանտախտ լինի, կամ խորշակահարութիւն, կամ դալուկ, մարախ կամ թրթուր, կամ երբոր նորանց թշնամիները նորանց նեղեն իրանց դռների երկրումը, կամ որ եւ է հարուած կամ հիւանդութիւն լինի,
  • 29Քո բոլոր Իսրայէլ ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցանելու լինի, եւ ամեն մարդ որ իր ցաւը եւ ախտը գիտէ եւ իր ձեռքերը տարածէ դէպի այս տունը,
  • 30Այն ժամանակ դու լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը եւ ներիր. Եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ, որ գիտացել ես նորա սիրտը, որովհետեւ դու միայն գիտես մարդկանց որդիների սիրտը։
  • 31Որպէս զի քեզանից վախենան որ գնան քո ճանապարհներումը բոլոր այն օրերը, որ նորանք կ’ապրեն այս երկրի երեսին, որ դու տուիր մեր հայրերին։
  • 32Եւ օտարականն էլ, որ քո Իսրայէլ ժողովրդիցը չէ, որ հեռու երկրից գայ քո մեծ անուան եւ քո զօրաւոր ձեռքի եւ քո մեկնած բազուկի համար, եւ գայ եւ աղօթք անէ այս տանը.
  • 33Այն ժամանակ դու լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը, եւ արա այն օտարականի դէպի քեզ կանչածի բոլորին համեմատ, որպէս զի իմանան երկրի բոլոր ազգերը քո անունը եւ քեզանից վախենան քո Իսրայէլ ժողովրդի պէս, որ իմանան թէ քո անունը կանչուել է այս տան վերայ, որ ես շինեցի։
  • 34Երբոր քո ժողովուրդը պատերազմի գնայ իր թշնամիների դէմ այն ճանապարհով որով դու նորանց կ’ուղարկես, եւ նորանք աղօթք անեն դէպի քեզ այս քո ընտրած քաղաքի եւ իմ քո անուան համար շինած տան ճանապարհովը,
  • 35Այն ժամանակ լսիր երկնքիցը նորանց աղօթքը եւ նորանց աղերսանքը եւ նորանց իրաւունքը արա։
  • 36Երբոր քեզ դէմ մեղանչեն, (որովհետեւ չ’կայ մարդ որ չ’մեղանչէ.) եւ դու նորանց վերայ բարկանաս եւ նորանց մատնես թշնամիի ձեռքը, եւ նորանց գերեվարները նորանց հեռու կամ մօտ երկիր գերի տանեն,
  • 37Եւ զղջան իրանց սրտովը այն երկրումը, ուր որ գերի են տարուել, եւ դարձի գան եւ դէպի քեզ աղերսեն իրանց գերութեան երկրումն ասելով՝ Մեղք գործեցինք, անօրէնութիւն եւ անիրաւութիւն արինք,
  • 38Եւ դէպի քեզ դառնան իրանց բոլոր սրտովը եւ իրանց բոլոր հոգիովը իրանց գերութեան երկրումը, ուր որ նորանց գերի են տարել, եւ նորանք աղօթք անեն այն երկրի ճանապարհովը որ դու տուել ես նորանց հայրերին, եւ դէպի այն քաղաքը, որին դու հաւանեցիր, եւ դէպի այս տունը որ ես շինեցի քո անուան համար,
  • 39Այն ժամանակ լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը նորանց աղօթքը եւ նորանց աղերսանքը եւ նորանց իրաւունք արա, եւ ներիր քո ժողովրդին որ քեզ դէմ մեղանչել է։
  • 40Հիմա, ով իմ Աստուած, թող քո աչքերը բաց լինին եւ քո ականջները մտիկ անեն այս տեղի աղօթքին։
  • 41Եւ արդ, ով Տէր Աստուած, վեր գնա քո հանգստեան տեղը, դու եւ քո զօրութեան տապանակը. Քո քահանաները, ով Տէր Աստուած, փրկութիւն հագնեն, եւ քո սուրբերն ուրախանան բարութիւնով։
  • 42Ով Տէր Աստուած, քո օծեալի երեսը մի մերժիր. յիշիր քո ծառայ Դաւիթին խոստացած ողորմութիւններդ։
← Ցանկ