ԵԶՐԱՍ3
  • 1Եւ երբոր եօթներորդ ամիսը հասաւ եւ Իսրայէլի որդիքն իրանց քաղաքներումն էին, ժողովուրդը ժողովուեցաւ Երուսաղէմ մէկ մարդի պէս։
  • 2Այն ժամանակ վեր կացաւ Յովսեդեկեան Յեսուն եւ նորա քահանայ եղբայրները, Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ նորա եղբայրները, եւ շինեցին Իսրայէլի Աստուծոյ սեղանը, նորա վերայ ողջակէզներ մատուցանելու համար, ինչպէս որ գրուած է Աստուծոյ մարդ՝ Մովսէսի գրքումը։
  • 3Եւ սեղանը վերականգնեցին իր տեղը. Որովհետեւ վախենում էին այն երկիրների ժողովուրդներից, եւ նորա վերայ ողջակէզներ մատուցրին Տիրոջը՝ առաւօտեան եւ երեկոյեան ողջակէզները։
  • 4Եւ կատարեցին տաղաւարահարաց տօնը գրուածին պէս. Եւ ամեն օրուան ողջակէզները իր թիւովը կանոնին համեմատ օր ըստ օրէ հրամայուածը.
  • 5Եւ սորանից յետոյ մշտնջենաւոր ողջակէզը եւ ամսագլուխներինը եւ Տիրոջ ամեն սուրբ տօներինը, եւ Տիրոջ բոլոր կամաւոր ընծայ ընծայողինը։
  • 6Եօթներորդ ամսի առաջին օրից սկսեցին ողջակէզներ մատուցանել Տիրոջը. Բայց Տիրոջ տաճարի հիմը չէր դրուած։
  • 7Եւ փող տուին քարահատներին եւ հիւսերին, եւ ուտելիք ու խմելիք եւ իւղ՝ Սիդոնացիներին եւ Տիւրացիներին, որ Լիբանանից ծովով եղեւնափայտեր բերեն Յոպպէ ինչպէս որ Պարսից Կիւրոս թագաւորը արտօնութիւն էր տուել նորանց։
  • 8Եւ նորանց Երուսաղէմ՝ Աստուծոյ տունը գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսումը սկսեցին գործը Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ Յովսեդեկեան Յեսուն եւ նորանց միւս եղբայրները՝ քահանաները եւ Ղեւտացիները եւ գերութիւնից Երուսաղէմ եկողների ամենը, եւ քսան տարեկանից վեր եղող Ղեւտացիներին վերակացու դրին Տիրոջ տան գործքի վերայ։
  • 9Եւ Յեսուն, նորա որդիքն ու եղբայրները, Կադմիէլն ու նորա որդիքը՝ Յուդայի որդիքը վեր կացան մէկ մարդի պէս իբրեւ վերակացու Աստուծոյ տան գործը անելու համար, նոյնպէս և Ենադադի որդիքը, նորանց որդիքը, եւ նորանց եղբայրները՝ Ղեւտացիները։
  • 11Եւ փոփոխակի երգում էին Տիրոջը օրհնելով եւ գովելով թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է Իսրայէլի վերայ. Եւ բոլոր ժողովուրդը մեծաձայն աղաղակում էին Տիրոջն օրհնելով Տիրոջ տան հիմը դրուելուն համար։
  • 12Եւ քահանաներից եւ Ղեւտացիներից եւ տոհմապետներից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին այն առաջի տունը, այս տունը նորանց աչքի առաջին հիմնարկուելիս՝ բարձր ձայնով լաց էին լինում, իսկ շատերը ուրախանալով ձայն էին բարձրացնում աղաղակելով,
  • 13Եւ ժողովուրդը չէր կարողանում որոշել ուրախութեան աղաղակի ձայնը ժողովրդի լացի ձայնիցը. Որովհետեւ ժողովուրդը մեծ աղաղակ էր բարձրացրել եւ ձայնը հեռուից էր լսվում։
← Ցանկ