ԵԶՐԱՍ4
  • 1Եւ երբոր Յուդայի եւ Բենիամինի թշնամիները լսեցին, որ գերութիւնից եկողներն Իսրայէլի Տէր Աստուծոյ համար տաճար են շինում,
  • 2Մօտեցան Զօրաբաբէլին եւ տոհմապետներին եւ ասեցին նորանց. Մենք էլ ձեզ հետ շինենք, որովհետեւ մենք էլ ձեզ պէս ձեր Աստուծոյն ենք խնդրում, եւ նորան ենք զոհ մատուցանում Ասորեստանի Ասորդան թագաւորի օրերիցն ’ի վեր, որ մեզ այստեղ բերաւ.
  • 3Եւ նորանց ասեցին Զօրաբաբէլը եւ Յեսուն եւ Իսրայէլի միւս տոհմապետները. Ձեզ եւ մեզ չի վայելիլ միասին շինել մեր Աստուծոյ տունը, այլ մենք մինակ պիտի շինենք Իսրայէլի Տէր Աստուծոյ համար, ինչպէս որ մեզ պատուիրել է Պարսից թագաւոր՝ Կիւրոս թագաւորը։
  • 4Եւ այն երկրի ժողովուրդը թուլացնում էր ժողովրդի ձեռքերը եւ խափանում էր նորանց շինելուց։
  • 5Եւ նորանց դէմ խորհրդականներ էին վարձում նորանց խորհուրդը խափանելու համար Պարսից Կիւրոս թագաւորի բոլոր օրերումը եւ մինչեւ Պարսից Դարեհ թագաւորի թագաւորելը։
  • 6Եւ Ասուերոսի թագաւորութեան ժամանակին՝ նորա թագաւորութեան սկզբումը ամբաստանութեան գիր գրեցին Յուդայի եւ Երուսաղէմի բնակիչների դէմ։
  • 7Եւ Արտաշէսի օրերումը Բեսեղամը, Միթրիդատը, Տաբէէլը եւ միւս ընկերները գրեցին Պարսից Արտաշէս թագաւորին, եւ նամակի գիրը Ասորերէն եւ մեկնութիւնն էլ Ասորերէն էր։
  • 8Հռէում խորհրդապետը եւ Սամսայ ատենադպիրը մէկ թուղթ գրեցին Արտաշէս թագաւորին Երուսաղէմի դէմ այս կերպով։
  • 9Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռէում խորհրդապետը եւ Սամսայ ատենադպիրը եւ նորանց միւս ընկերները՝ Դինացիք, Ափարսաթաքացիք, Տարփաղեցիք, Ափերսացիք, Արքուեցիք, Բաբիլոնացիք, Շուշանացիք, Դաւեցիք, Եղամացիք,
  • 10Եւ մնացած ազգերը որոնց փոխադրեց մեծ եւ պատուական Ասենափարը եւ բնակեցրեց Սամարիայի քաղաքումը, եւ միւսները որ Գետի այս կողմին են եւ այլն.
  • 11Ահա այն նամակի պատճէնը որ ուղարկեցին նորան. Արտաշէս թագաւորիդ, քո ծառաները՝ Գետի այս կողմի մարդիկս եւ այլն.
  • 12Թագաւորիդ յայտնի լինի, որ այն Հրէաները որ քո մօտիցը դուրս եկան, եկել են մեզ մօտ՝ Երուսաղէմ, շինում են այդ ապստամբ եւ զզուելի քաղաքը, եւ նորա պարիսպները նորոգում են, եւ հիմերը դրել են։
  • 13Հիմա յայտնի լինի թագաւորիդ, որ եթէ քաղաքը շինուի եւ նորա պարիսպները նորոգուին, նորանք հարկ, տուրք եւ մաքս չեն տալ, եւ վերջը վնաս կ’բերէ թագաւորներին։
  • 14Արդ որովհետեւ ամենքս պալատիցն ենք ստանում մեր ապրուստը, եւ մեզ չի վայելիլ թագաւորիդ վնասը տեսնել, վասն որոյ ուղարկում եւ յայտնում ենք թագաւորիդ,
  • 15Որ որոնեն քո հայրերի յիշատակաց գրքումը եւ դու կ’իմանաս որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել՝ եւ թագաւորին ու գաւառներին վնասակար, եւ դաւաճանութիւն է եղած նորանում հին ժամանակներից, եւ դորա համար այդ քաղաքը աւերակ է դարձել։
  • 16մենք իմացնում ենք թագաւորդ, որ եթէ այս քաղաքը շինուի եւ նորա պարիսպները նորոգուին, այս պատճառով քեզ բաժին չի լինիլ Գետի այս կողմին։
  • 18Ողջոյն եւ այլն. Նամակը, որ մեզ ուղարկել էիք, յայտնապէս կարդացուեցաւ իմ առաջին.
  • 19Եւ ես հրաման արի, եւ որոնեցին եւ գտան, որ այդ քաղաքը հին ժամանակներից թագաւորների դէմ է կացել, եւ դորա մէջ ապստամբութիւն եւ դաւաճանութիւն է եղել.
  • 20Եւ զօրաւոր թագաւորներ են եղել Երուսաղէմում, որ տիրել են Գետի բոլոր այդ կողմին. Եւ հարկ, տուրք եւ մաքս է տրուել նորանց։
  • 21Հիմա հրաման արէք, որ այն մարդկանցն արգելեն, եւ այդ քաղաքը չ’շինուի մինչեւ որ իմ կողմանէ հրաման տրուի։
  • 22Եւ զգոյշ եղիք որ այս մասին անհոգ չ’լինիք։ Ի՞նչու չարիքը մեծանայ թագաւորներին վնասելու համար։
  • 23Երբոր Արտաշէս թագաւորի նամակի պատճէնը կարդացուեցաւ Հռէումի եւ Սամսայ ատենադպրի եւ նորանց ընկերների առաջին, իսկոյն շտապելով գնացին Երուսաղէմ Հրէաների մօտ եւ խափանեցին նորանց բռնութեամբ եւ ուժով։
  • 24Այն ժամանակ խափանուեցաւ Երուսաղէմում եղող Աստուծոյ տան գործը, եւ խափանումը մնայ մինչեւ Պարսից Դարեհ թագաւորի թագաւորութեան երկրորդ տարին։
← Ցանկ