ԵԶՐԱՍ6
  • 2Եւ գտնուեցաւ մարաց գաւառի Եկբատանայում, պալատումը մէկ տոմս, եւ այսպէս էր գրուած նորանում՝ յիշատակարան.
  • 3Կիւրոս թագաւորի առաջին տարին Կիւրոս թագաւորը հրաման արաւ Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան մասին. Այն տունը շինուի իբրեւ տեղի ուր որ զոհեր են մատուցանում, եւ նորա հիմերը հաստատուին. Նորա բարձրութիւնը վաթսուն կանգուն, նորա լայնութիւնը վաթսուն կանգուն.
  • 4Մեծ քարերից՝ երեք կարգ, եւ նոր փայտից՝ մէկ կարգ. Եւ ծախքը արքունիքից տրուի։
  • 5Նաեւ Աստուծոյ տան ոսկեղէն եւ արծաթեղէն անօթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղէմումն եղող տաճարից եւ բերել Բաբիլոն, ետ տրուին եւ գնան Երուսաղէմի տաճարը՝ իրանց տեղը, եւ դրուին Աստուծոյ տանը։
  • 6Ուրեմն Գետի այն կողմի իշխան Թաթանայի, Սադրաբուզան, եւ Գետի այն կողմի եղող նորանց ընկերները Ափարսաքացիք, հեռանան այդ տեղից.
  • 7Թոյլ տուէք այդ Աստուծոյ տան գործը. Հրէաների նախարարը եւ Հրէաների ծերերը շինեն այդ Աստուծոյ տունը իր տեղը։
  • 8Եւ ինձանից հրաման է տրվում, թէ ինչ պէտք է անէք Հրէաների ծերերին այդ Աստուծոյ տունը շինելիս այսինքն արքունի կալուածքից՝ Գետի այն կողմի տուրքից շուտով տրուին ծախքերն այն մարդկանցը, որ արգելք չ’լինի։
  • 9Եւ ինչ որ պէտք է թէ զուարակներ թէ խոյեր եւ թէ գառներ երկնքի Աստուծուն ողջակէզի համար, նաև ցորեն, աղ, գինի եւ իւղ, ինչպէս որ ասեն Երուսաղէմումն եղող քահանաները, նորանց տրուի օր ըստ օրէ անպակաս։
  • 10Որ երկնքի Աստուծուն անուշահոտ զոհեր մատուցանեն, եւ աղօթեն թագաւորի եւ նորա որդկանց կեանքի համար։
  • 11Եւ ինձանից հրաման է տրվում, թէ ով որ փոխէ այս պատգամը, նորա տանիցը մի փայտ հանեն, եւ նա վեր հանուելով նորա վերայ բեւեռուի, եւ նորա տունը այդ պատճառով աղբանոց շինուի։
  • 12Եւ այն Աստուածը որի անունը բնակվում է այնտեղ, կործանէ այն ամեն թագաւորին եւ ժողովրդին որոնք իրանց ձեռքը մեկնեն փոխելու որ այս Աստուծոյ տունը աւերեն որ Երուսաղէմումն է։ Ես Դարեհս տուի այս հրամանը. Շուտով կատարուի։
  • 13Այն ժամանակ Գետի այս կողմի իշխանը Թաթանային, Սաթրաբուզանը եւ նորանց ընկերները՝ ինչպէս որ Դարեհ թագաւորը հրաման էր ուղարկել, շուտով այնպէս արին։
  • 14Եւ Հրէաների ծերերը շինում էին եւ յաջողվում Անգէ մարգարէի եւ Ադդովի որդի Զաքարիայի մարգարէութիւնովը, եւ շինեցին ու վերջացրին Իսրայէլի Աստուծոյ հրամանովը եւ Պարսից Կիւրոս, Դարեհ եւ Արտաշէս թագաւորի հրամանովը։
  • 15Եւ լրացաւ այս տունը Ադար ամսուայ երրորդ օրը, որ Դարեհ թագաւորի թագաւորութեան վեցերորդ տարին էր։
  • 16Եւ Իսրայէլի որդիքը՝ քահանաները եւ Ղեւտացիները եւ միւս գերութիւնից եկողները այս Աստուծոյ տան նաւակատիքն արին ուրախութիւնով։
  • 17Եւ Աստուծոյ տան նաւակատիքի համար զոհեցին հարիւր զուարակ, երկու հարիւր խոյ, չորս հարիւր գառն եւ բոլոր Իսրայէլի համար իբրեւ մեղքի պատարագ Իսրայէլի ցեղերի թիւովը այծերից տասնեւերկու նոխազ։
  • 18Եւ քահանաներին իրանց կարգերովը եւ Ղեւտացիներին իրանց դասերովը դրին Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան պաշտօնի վերայ ինչպէս որ գրուած է Մովսէսի գրքումը։
  • 19Եւ գերութիւնից եկողները զատիկը կատարեցին առաջին ամսուայ տասնեւչորսին,
  • 20Որովհետեւ քահանաներն ու Ղեւտացիները միասին սրբուեցան՝ ամենքը մաքուր էին, եւ մորթեցին զատիկը բոլոր գերութիւնից եկողների համար եւ իրանց եղբայրների համար՝ քահանաների եւ իրանց համար։
  • 21Եւ գերութիւնից ետ դառած Իսրայէլացիք եւ այն երկրի ազգերի պղծութիւնից ամեն ով որ բաժանուել եկել էր նորանց մօտ Իսրայէլի Տէր Աստուծուն խնդրելու համար, կերան։
  • 22Եւ եօթն օր բաղարջակերաց տօնը կատարեցին ուրախութիւններով, որովհետեւ Տէրը նորանց ուրախացրել էր. Եւ Ասորեստանի թագաւորի սիրտը դարձրեց դէպի նորանց՝ նորանց ձեռքը Աստուծոյ տան գործքումը ուժովացնելու համար։
← Ցանկ