ՅՈԲ9
- 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
- 2Իրաւ գիտեմ որ այդպէս է, եւ մարդս ի՞նչպէս կ’արդարանայ Աստուծոյ մօտ։
- 3Եթէ նա ուզէ նորա հետ վիճել, հազարիցը մէկին չէ կարող պատասխան տալ.
- 4Նա սրտով իմաստուն եւ ուժով զօրեղ է. Ո՞վ է դէմ կացել նորան, եւ ողջ մնացել։
- 5Նա որ տեղափոխում է լեռները, եւ նորանք չ’գիտեն, որ նորանց տապալում է իր բարկութեան ժամանակին.
- 6Նա որ շարժում է երկիրն իր տեղիցը, եւ նորա սիւները դողդողում են.
- 7Որ արեւին հրամայում է, եւ նա չէ ծագում, եւ աստղերը կնքում է.
- 8Որ երկինքը տարածում է մինակ, եւ գնում է ծովի կուտակների վերայ.
- 9Որ արաւ Արջը, Հայկը եւ Բազմաստեղը, եւ Հարաւի շտեմարանները.
- 10Որ մեծամեծ բաներ է անում՝ անքննելի, եւ սքանչելիքներ՝ անթիւ։
- 11Տես՝ նա իմ մօտովը կ’անցնէ, եւ ես չեմ տեսնիլ. Եւ անց կ’կենայ՝ եւ ես չեմ իմանալ։
- 12Տես՝ եթէ նա յափշտակէ, ո՞վ նորան ետ կ’պահէ. Ո՞վ կ’ասէ նորան թէ ի՞նչ ես անում։
- 13Աստուած իր բարկութիւնը ետ չի դարձնիլ, նորա տակին կ’խոնարհուին Ռաքաբի օգնականները։
- 14Ապա ո՞ւր մնաց որ ես նորան պատասխանեմ. և խօսքերս ընտրեմ նորա հետ վիճելու։
- 15Որովհետեւ արդար էլ լինիմ, պատասխան չեմ տալ. Իմ Դատաւորին պիտի աղաչեմ.
- 16Եթէ ես կանչէի, եւ նա պատասխանէ՜ր. Չեմ հաւատալ, թէ նա իմ ձայնս կ’լսէ.
- 17Նա որ ինձ փոթորիկով կ’փշրէ, եւ զուր տեղը կ’շատացնէ իմ վէրքերը.
- 18Թող չի տալ ինձ որ շունչ առնեմ. Որովհետեւ ինձ դառնութիւններով կ’կշտացնէ։
- 19Եթէ բանը զօրաւորի ուժումն է, ահա նա. Իսկ եթէ իրաւունքում, ո՞վ կ’կանչէ ինձ։
- 20Եթէ ես արդար լինիմ, բերանս ինձ կ’դատապարտէ. Եթէ ես կատարեալ լինիմ, նա ինձ յանցաւոր կ’անէ։
- 21Եթէ ես կատարեալ լինիմ, իմ անձը չեմ ճանաչիլ, կեանքս կ’արհամարհեմ։
- 22Մէկ է. Նորա համար ասում եմ թէ նա կորցնում է կատարեալին եւ ամբարշտին։
- 23Եթէ հարուածը յանկարծ մեռցնէ, նա կ’ծիծաղէ անմեղի փորձանքի վերայ։
- 24Երկիրը չարագործի ձեռքն է յանձնուել. նորա դատաւորների երեսը ծածկում է նա, եթէ ոչ, ապա ո՞վ է այն անողը։
- 25Եւ իմ օրերը փախան սուրհանդակից արագ. Վազեցին՝ բարիք չ’տեսան։
- 26Անցան սէզից շինուած նաւերի պէս, որսի վերայ յարձակուող արծիւի պէս։
- 27Եթէ ասելու լինիմ՝ Մոռանամ գանգատս, երեսիս տխրութիւնը թողեմ եւ զուարթանամ,
- 28Այն ժամանակ սարսափում եմ բոլոր ցաւերիցս. Գիտեմ որ ինձ անմեղ չես համարիլ։
- 29Ես պիտի ամբարիշտ լինիմ, ուրեմն ի՞նչու համար զուր տեղը տանջուիմ։
- 30Եթէ ձիւնի ջրի մէջ լուացուիմ, եւ մոխրաջրով մաքրեմ ձեռքերս,
- 31Այն ժամանակ էլ ինձ փոսի մէջ կ’կոխէիր, եւ իմ հանդերձը կ’զզուէին ինձանից
- 32Որովհետեւ նա ինձ նման մարդ չէ, որ պատասխանէի իրան, միասին դատաստան գնայինք։
- 33Մեր մէջտեղը միջնորդ դատաւոր չի լինիլ, որ ձեռքը մեր երկուսի վերայ դնէր։
- 34Թող հեռացնէ իմ վերայից իր գաւազանը, եւ նորա սարսափն ինձ չ’զարհուրեցնէ.
- 35Այն ժամանակ կ’խօսէի, եւ իրանից չէի վախենալ. Որովհետեւ այսպէս՝ ես իմը չեմ։
