ԵԼԻՑ20
  • 1Եւ Աստուած այս բոլոր խօսքերը խօսեց ասելով.
  • 2Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի։
  • 3Բացի ինձանից ուրիշ աստուածներ չ’ունենաս։
  • 4Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը.
  • 5Նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։
  • 6Եւ կ’ողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։
  • 7Քո Եհովայ Աստուծոյ անունը դարտակ տեղը չ’յիշես, որովհետեւ Եհովան՝ իր անունը դարտակ տեղը յիշողին անպատիժ չի թողիլ։
  • 8Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։
  • 9Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա.
  • 11Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ արաւ երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նորանց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ. Նորա համար Եհովան օրհնեց հանգստութեան օրը եւ սրբեց նորան։
  • 12Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կ’տայ քեզ։
  • 13Սպանութիւն մի անիր։
  • 14Շնութիւն մի անիր։
  • 15Գողութիւն մի անիր։
  • 16Քո դրացու դէմ սուտ վկայութիւն մի անիր։
  • 17Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին։
  • 18Եւ բոլոր ժողովուրդը տեսնում էին որոտումները՝ եւ կայծակները՝ եւ փողի ձայնը եւ սարի ծխելը։ Եւ ժողովուրդը տեսաւ, եւ ետ քաշուեցաւ ու հեռու կանգնեց.
  • 19Եւ ասեց Մովսէսին. Դու խօսիր մեզ հետ, եւ մենք կ’լսենք. Բայց Աստուած թող չ’խօսէ մեզ հետ՝ որ չ’մեռնենք։
  • 20Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. Մի վախիք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար է եկել, այնպէս որ նորա վախը ձեր առաջին լինի, որ չ’մեղանչէք։
  • 21Եւ ժողովուրդը հեռու կանգնեց, եւ Մովսէսը մօտեցաւ այն թանձր խաւարին՝ ուր որ Աստուած էր։
  • 22Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այսպէս ասես Իսրայէլի որդիներին. Դուք տեսաք որ երկնքիցը խօսեցի ձեզ հետ։
  • 23Ինձ հետ հաւասար արծաթի աստուածներ չ’շինէք, ոչ էլ ոսկի աստուածներ շինէք ձեզ համար։
  • 24Ինձ համար հողի սեղան շինիր, եւ նորա վերայ մատուցրու քո ողջակէզները եւ քո խաղաղութեան զոհերը՝ քո ոչխարները եւ քո արջառները. և ամեն տեղ ուր որ իմ անունը յիշել կ’տամ, քեզ մօտ պիտի գամ, եւ քեզ պիտի օրհնեմ։
  • 25Եւ եթէ ինձ համար քարի սեղան շինելու լինես, տաշած քարից չ’շինես. Որովհետեւ եթէ նորա վերայ երկաթի գործիքդ բարձրացրիր, կ’պղծես նորան։
  • 26Եւ աստիճաններով վեր չ’ելնես իմ սեղանը, որ քո մերկութիւնը չ’բացուի նորա վերայ։
← Ցանկ