ԵԼԻՑ3
  • 1Եւ Մովսէսը Մադիամի քուրմի՝ իր աներոջ Յոթորի հօտը արածեցնում էր. Եւ հօտը անապատի ետեւը քշելով Աստուծոյ Քորեբ սարը եկաւ։
  • 2Եւ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երեւեցաւ նորան մորենու միջից. Եւ նա տեսաւ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում։
  • 3Եւ Մովսէսն ասեց՝ Մէկ դառնամ ու տեսնեմ այս. մեծ տեսարանը, թէ ինչո՞ւ համար մորենին չէ այրվում։
  • 4Եւ Եհովան տեսաւ, որ նա դարձաւ տեսնելու, եւ Աստուած մորենու միջիցը կանչեց նորան եւ ասեց. Մովսէս, Մովսէս. Եւ նա ասեց. Ահա ես։
  • 5Եւ ասեց. Այս տեղին մի մօտենար. կօշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է։
  • 6Նաեւ ասեց. Ես եմ քո հօր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. Եւ Մովսէսն իր երեսը ծածկեց. Որովհետեւ վախեց Աստուծոյն մտիկ տալու։
  • 7Եւ Եհովան ասեց. Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. Որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ.
  • 8Եւ իջայ նորանց Եգիպտացիների ձեռքիցն ազատելու, եւ նորանց այն երկրիցը մէկ լաւ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր՝ Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների տեղը հանելու։
  • 9Եւ ահա հիմա Իսրայէլի որդիների աղաղակը ինձ մօտ է հասել. Եւ տեսայ էլ այն հարստահարութիւնը, որ Եգիպտացիներն անում են նորանց։
  • 10Ուստի եկ հիմա քեզ Փարաւօնի մօտ ուղարկեմ, եւ հանիր իմ ժողովուրդը՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը։
  • 11Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ես ո՞վ եմ որ Փարաւօնի մօտ գնամ, եւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանեմ։
  • 12Եւ ասեց. Թէ Ես քեզ հետ կ’լինիմ, եւ սա քեզ համար նշան կ’լինի, որ ես եմ քեզ ուղարկել. Երբոր ժողովուրդը Եգիպտոսիցը հանես, այս սարի վերայ կ’պաշտէք Աստուծոյն։
  • 13Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ահա ես գնում եմ Իսրայէլի որդիների մօտ, եւ կ’ասեմ նորանց. Ձեր հայրերի Աստուածն ինձ ձեզ մօտ է ուղարկել. Եւ երբոր ինձ ասեն. Թէ Ի՞նչ է նորա անունը, ես ի՞նչ ասեմ նորանց։
  • 14Եւ Աստուած ասեց Մովսէսին. Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ։
  • 15Նաեւ Աստուած ասեց Մովսէսին. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը ինձ ձեզ մօտ ուղարկեց, այս է իմ անունը յաւիտեան, եւ այս է իմ յիշատակը ազգից ազգ։
  • 16Գնա Իսրայէլի ծերերին մէկտեղ ժողովիր, եւ ասիր նորանց. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը երեւեցաւ ինձ ասելով. Արդարեւ այցելութիւն արի ձեզ, եւ Եգիպտոսի մէջ ձեր քաշածը տեսայ։
  • 17Եւ ասեցի՝ հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքիցը դէպի Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների երկիրը կաթ եւ մեղր բղխող երկիրը։
  • 18Եւ նորանք քո ձայնին կ’լսեն. Եւ դու եւ Իսրայէլի ծերերը Եգիպտոսի թագաւորի մօտ կ’մտնէք, եւ կ’ասէք նորան. Եբրայեցիների Աստուածը Եհովան մեզ հանդիպեց. Եւ հիմա թող երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատը, որ մեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանենք։
  • 19Եւ ես գիտեմ, որ Եգիպտոսի թագաւորը ձեզ թող չի տալու. Որ գնաք՝ եւ ոչ էլ՝ զօրաւոր ձեռքով։
  • 20Եւ ես իմ ձեռքը կ’երկայնացնեմ եւ կ’զարկեմ Եգիպտոսը իմ ամեն հրաշքներովը, որ նորա մէջ պիտի անեմ. Եւ նորանից յետոյ ձեզ կ’թողէ։
  • 21Եւ այս ժողովրդին շնորհք կ’տամ Եգիպտացիների առաջին. Եւ երբոր դուրս գաք, դատարկ չէք դուրս գալ։
← Ցանկ