ԱՌԱԿԱՑ1
  • 1Իսրայէլի թագաւոր՝ Դաւիթի որդի Սողոմոնի առակները։
  • 2Իմաստութիւն եւ խրատ գիտենալու համար, հանճարի խօսքերը հասկանալու համար.
  • 3Իմաստութեան խրատն ընդունելու համար, այսինքն արդարութիւն, իրաւունք եւ ուղղութիւն.
  • 4Պարզամիտներին խորագիտութիւն տալու համար, երիտասարդին՝ գիտութիւն եւ խորհրդածութիւն.
  • 5Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանայ,
  • 6Որ հասկանայ առակ եւ այլաբանութիւն, իմաստունների խօսքերը եւ խրթնաբանութիւնները։
  • 7Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է. Միայն յիմարները կ’անարգեն իմաստութիւնը եւ խրատը։
  • 8Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը։
  • 9Որովհետեւ դորանք շնորհքի պսակ են քո գլխին, եւ մանեակներ՝ քո պարանոցին։
  • 10Որդեակս, եթէ քեզ հրապուրեն մեղաւորները, դու հաճութիւն չ’տաս։
  • 11Եթէ քեզ ասեն. Եկ մեզ հետ՝ արեան դարանամուտ լինենք, թաք կենանք անմեղի դէմ զուր տեղը.
  • 12Դժոխքի պէս նորանց ողջ ողջ կուլ տանք, եւ ամբողջ ամբողջ՝ գուբն իջնողներին պէս.
  • 13Ամեն տեսակ պատուական ստացուածք գտնենք, լցնենք մեր տները աւարով.
  • 14Վիճակդ գցիր մեր մէջը, մեր ամենի քսակը մէկ լինի.
  • 15Որդեակս, նորանց հետ ճանապարհ մի գնար. ոտքդ ետ պահիր նորանց շաւիղներիցը.
  • 16Որովհետեւ նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են արիւն թափելու։
  • 17Նորա համար որ ի զուր է վարմի տարածուիլը ամեն որեւիցէ թեւաւոր աչքի առաջին.
  • 18Բայց նորանք դարանամուտ են լինում իրանց արեանը, թագչվում են իրանց անձերի համար։
  • 19Այսպէս են ամեն արծաթասիրութեան մոլի մարդի շաւիղները. Որ առնում է իրան անձնատուր եղողին հոգին։
  • 20Իմաստութիւնը աղաղակում է դրսումը, հրապարակներումը տալիս է ձայնը։
  • 21Նա կանչում է աղմկալից տեղերի գլխին, դռների մուտքերումը, եւ քաղաքումը խօսում է իր խօսքերը։
  • 22Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը։
  • 23Ետ դարձէք դէպի իմ յանդիմանութիւնը. Ահա ես իմ հոգին կ’թափեմ ձեզ վերայ, իմ խօսքերը կ’հասկացնեմ ձեզ։
  • 24Որովհետեւ ես կանչեցի, եւ դուք չ’ուզեցիք. Ձեռքս մեկնեցի, եւ ուշադրող չ’կար,
  • 25Եւ դուք մերժեցիք իմ բոլոր խորհուրդը, եւ իմ յանդիմանութիւնը չ’ուզեցիք.
  • 26Ես էլ կ’ծիծաղեմ ձեր թշուառութիւնովը, եւ ծաղր կ’անեմ ձեր վախը հասնելիս։
  • 27Երբոր ձեր վախը կործանման պէս կ’գայ, եւ ձեր թշուառութիւնը մրրկի նման կ’հասնէ, երբոր ձեզ վերայ նեղութիւն եւ տառապանք կ’գայ.
  • 28Այն ժամանակ ինձ կ’կանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առաւօտանց կանուխ ինձ կ’որոնեն, բայց ինձ չեն գտնիլ.
  • 29Որովհետեւ գիտութիւնն ատեցին, եւ Տիրոջ վախը չ’ընտրեցին.
  • 30Իմ խորհուրդը չ’ուզեցին, իմ բոլոր յանդիմանութիւնն անարգեցին։
  • 31Ուրեմն նորանք իրանց ճանապարհի պտղիցն ուտեն, եւ իրանց խորհուրդներիցը կշտանան։
  • 32Որովհետեւ անմիտների խոտորումը նորանց պիտի սպանէ, եւ յիմարների անհոգութիւնը պիտի կորցնէ նորանց։
← Ցանկ